Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՙՄՈՒՆՔ՚-Ի ՄԵՋ

 Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՙԱզատ Արցախ՚-ի Հյուրասրահի հերթական հյուրը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն է։
- Տիկին Ղարախանյան, նախքան Ձեզ հանդիպելը, հայտնի քաղաքական գործիչ, լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված տեսաֆիլմ էի դիտում։ Լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է այն ամենաբարձր պաշտոնը, որին ձգտել է, նա միանգամից ասաց՝ Կարսի նահանգապետ էի ուզում դառնալ, չհասցրի... Հիմա դառնալով Ձեզ և տեղյակ լինելով, որ երբեք որևէ պաշտոնի ձգտում չեք ունեցել, այնուամենայնիվ, հովհաննիսյանական համատեքստում՝ ո՞րն է այն բարձր պաշտոնը, որին կերազեիք հասնել։
- Ես միշտ երազել եմ լինել ՙԼուսարար՚ թերթի խմբագիր... շատ եմ մտածել այդ մասին, նույնիսկ փափագել եմ և պահել իմ սրտում այդ երազանքը, ու մտածում էի զուգահեռ գրել հոգեթերապևտիկ հեքիաթներ երեխաների համար։ Միայն «Լուսարար», այն լույս է սփռում և այն ընթերցում են միայն արժեքներ կրող մարդիկ: 
- Բարեսիրտ ու նրբանկատ հոգեբան և պաշտոնյա, կարծես, անհամատեղելի, ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել։
- Կարծում եմ համատեղել ստացվում է։ Ինչ մնում է հարցի երկրորդ մասին՝ ինձ ափերից հանում է այն, երբ տեսնում եմ արդարություն են խաղում կեղծիքի մեջ ապրող մարդիկ։ Երբ ժողովրդի անունից խոսում են, ժողովրդի շահերը շրջանցած մարդիկ։ Այն ամենը, ինչը ենթատեքստային ու տողատակային է, ինձ հունից հանում է։
- Մարդուս կյանքը լի է անակնկալներով, ո՞րն է Ձեր կյանքի գլխավոր անակնկալը... Ձեր փխրուն ուսերի համար ծա՞նր չէ նախարարի ՙպորտֆելը՚։
- Սա ծանր աշխատանք է, գերծանր, սա մեծ փորձություն է, և ես այն համոզման եմ, որ իշխանությունը տալիս է Աստված... Սուրբ գրքում այսպես է գրված չէ՞. ՙԻշխանություն չկա, որ Աստծուց չէ, և դրանք, որ կան, կարգված են Աստծու կողմից՚։ Ես այն կարծիքին եմ, որ Աստված փորձության ենթարկելով՝ ստուգում է ինձ։ Պաշտոնն ունի մի բացառիկ հաճելի կողմ. դա ժողովրդին մոտ գտնվելն է, ժողովուրդը միշտ իմ ընկալումներում եղել է, բայց ոչ շոշափելի-առարկայական, եղել է տեսական կոնցեպտի մեջ։ Շատ շնորհակալ եմ մեր Նախագահին, որ ինձ վստահել է, և ես իմ ժողովրդին մերձենալու, նրան խորապես զգալու և ծառայելու բացառիկ հնարավորություն եմ ստացել։ Իսկ ծառայել ժողովրդին՝ կնշանակի ծառայել Աստծուն։ Այս պաշտոնն ունի նաև երկրորդ ՙհրապուրիչ՚ կողմը՝ դա գիրք նվեր ստանալն է։ Չկա մի այնպիսի գիրք, որի մասին երազեմ ու չունենամ։ Գիրքը իմ պաշտպանական շերտն է, և երբ ինձ ուզում են խանգարել, շրջանցել, վիրավորել, ես գրքերի մեջ գտնում եմ իմ սփոփանքը։ Պաշտոնն իսկապես ծանր բեռ է, այնպիսի պատասխանատվություն, որ հասու չէ բոլորին։ Եթե ես իմ գործունեությամբ փառավորեմ Աստծո անունը, ուրեմն ես հաջողել եմ։ Իմ մտահղացումների նշաձողը, իմ կատարած աշխատանքի վերջնարդյունքն է, գրեթե ամեն երեկո, գոնե մի ակնթարթ վեր եմ լուծում, թե ես որտեղ եմ սայթաքել, գայթակղվել, չնայած մեծ հաշվով չկա աշխարհում մի բան, որն ինձ կարող է գայթակղել։ Այն միակին, որին ես նախանձում եմ, հզոր հավատք ունեցող մարդն է... Երբեմն ինձ նախատում են, որ հավատքին շատ եմ հղում անում, ասում են նաև, թե պաշտոնյաներն այդքան չպիտի հավատան Աստծուն, նրանք, իհարկե, սխալվում են, եթե կա հավատք, ուրեմն համակարգը ունի շնչառություն, ու նա շնչելու է։ Ես հաճախ մարդկանց արձագանքներից եմ վերլուծություններ կատարում, միայն իմ ներքին ցենզուրան բավարար չէ, եթե հասարակությունը զգա արդյունքները, ուրեմն ես հաջողում եմ, իսկ ես ուզում եմ հաջողել ու լինել Աստվածահաճո։
- Ընտանիքի համար ժամանակ մնու՞մ է, թե՞ այն ստիպված է ՙծվարել՚ Ձեր գերծանրաբեռնվածության լուսանցքներում՝ բառիս փոխաբերական իմաստով, իհարկե։
-Այո, ընտանիքս միշտ չէ, որ գոհ է ինձնից, փոքրիկ դուստր ունեմ, ում համար օրվա մեջ շատ քիչ ժամանակահատված եմ մայրիկ լինում... Երեկոները սովորաբար հեքիաթ եմ ընթերցում, և երբ շատ հոգնած եմ լինում, նախընտրում եմ, որ ինքն ինձ հեքիաթ պատմի։ Երբ տեսնում է, որ իրեն չեմ լսում, ինձ ՚՚նախատում՚՚ է։ Անհնար է երկու դաշտերը համատեղել, ու նախընտրելով պետական գործը, կենցաղում հաճախ բացթողումներ եմ ունենում՝ ստորադասելով այն ավելի կարևորին։ Կարող են ինձ քննադատել, բայց այս պահին ես աշխատում եմ ի վնաս իմ կենցաղի։
- Բարեհամբույր ու նրբասիրտ նախարարին հե՞շտ է հաջողվում ՙոչ՚ ասել...
- Եթե այն վերաբերում է սկզբունքային հարցերին, վերաբերում է օրենսդրական նորմատիվային փաստաթղթերին, երբ օրենքի տարրը պահելու մասին է խոսքը, այո հեշտությամբ եմ ՙոչ՚ ասում։
- Գիտելիքը չափորոշող թևավոր արտահայտությունները շատ են՝ այն ուժ է, լույսի ակունք է, հզոր զենք է... Իսկ Ձեր բնորոշմա՞մբ...
- Այն այս պահին Արցախի համար գուցեև միակ ռեսուրսն է, որովհետև միմիայն գիտելիքն է մնացել ակտուալ, այն մեր հույսն ու հավատն է, և ակտուալ գիտելիքի շնորհիվ, մենք կարող ենք դուրս գալ աշխարհ և, ինչու չէ, աշխարհը բերել այստեղ։ Գիտելիք ունենալ կնշանակի քո հաստատուն տեղն ունենալ արևի տակ։


- ՙԾուռ աշխարհում շիտակ ապրելն ամենադժվար գործն է՚, իմաստասեր-բանաստեղծի /Համո Սահյանի/ խոսքն է, համամի՞տ եք, թե՞...
- Համամիտ եմ, շա՛տ դժվար է, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ չափանիշներ ունենք մեր առջև դրած, ո՞վ է կամ ի՞նչն է մեր նշաձողը, ինչ արժեքներ ենք մեր մեջ կրում, ի՞նչ արժեքների ներկայությամբ ենք մենք մեզ հանգիստ զգում, ի՞նչ արժեքներ են մեզ ապրեցնում։ Աստվածաշնչյան ճշմարտությունն ասում է. ՙՆեղ է այն դուռը և դժվարանցանելի ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, քիչ են այն գտնողները՚ /Մատթևոս 7։14/։ Ինչքան էլ դժվար լինի շիտակ ապրելը՝ ճանապարհը դա է, պիտի շիտակ ապրես, որ մարդկանց մոտ չմարի ապագայի հավատի լույսը։
- Ի՞նչ գույն ունի Արցախը Ձեր հոգում...
- Կանաչ... Ձեր թերթի /մեր բոլորիս մայր թերթի/ ՙԵրկրի Գույն՚-ի պես կանաչ է, արևոտ ու ապրեցնող, այն իմ հոգում անպարփակ սիրո ու հավատի երկիր է։
- Իսկ Ձեր հոգին ի՞նչ ՙպաշտոն՚ ունի...
- Ռամիկի... ՙՌամիկը իշխան դառնալ չի ուզում՚, իմ հետևից ասում են՝ չինովնիկ դառնալ չի ուզում։ Չինովնիկությունն ինձ համար հարմարավետ չէ, ինձ համար հարմարավետը ժողովրդի ծառա լինելն է։ Պաշտոնն ինձ համար ծառայություն է, բառիս բուն իմաստով, սա ծանր աշխատանք է, և այս պաշտոնն իմ կյանքում որևէ բան չի փոխել, ոչ իմ կենցաղում ու հագուկապում, այն ոչ մի առումով չի գայթակղել ինձ, ես չեմ կորցրել իմ ներքին հավասարակշռությունը, միայն մի բան է ավելացել՝ աշխատավարձս, որը թույլ է տալիս մտերիմներիս համար ավելի արժեքավոր նվերներ գնել։
- Փաստորեն սիրում եք նվեր տալ, իսկ ստանա՞լ...
- Սիրում եմ նվեր տալ, բայց ստանալիս նեղվում եմ, հատկապես՝ ծննդյան օրս։
- Դուք սիրում եք քայլել, հիմա ստիպված եք օգտվել ծառայողական մեքենայից, հավանաբար, այդպես ավելի հարմարավետ է, թե՞, այնուամենայնիվ, կարոտում եք քայլելուն։
- Գուցե տարօրինակ կհնչի, բայց ես հարմարավետության սիրահար չեմ, շքեղության առավել ևս, սովորական, շարքային մարդկանց կողքին էի և մնացել եմ այդպիսին... Ինչ վերաբերում է ծառայողական մեքենային, այն խնայում է իմ ժամանակը, ժամանակ, որն ինձ համար թանկ ռեսուրս է, ինչ վերաբերում է հարմարավետությանը, ես քայլելիս էլ ինձ հարմարավետ եմ զգում։
- Դուք աշխատանքային տրամադրությունը տուն տանու՞մ եք, և հակառակը՝ տնից բերում աշխատավայր։
- Տնից հաստատ չեմ բերում, որովհետև, երբ հասնում եմ աշխատավայր, անմիջապես մտնում եմ այս մեծ, բարդ ու դժվար աշխարհը, բայց երբ որևէ գործ չի հաջողվում այդ ընթացքում, ապա ես տխուր տրամադրությունը տանում եմ տուն։
- Ձեր ենթակաների հետ հարաբերություններում ի՞նչն եք ամենից շատ կարևորում։
- Կարևորում եմ փոխվստահությունը, որը հաճախ չեմ ստանում։ Նախընտրում եմ հորիզոնական հարաբերությունները, համակարգում իմ երկարամյա փորձը ինձ ցույց է տալիս, որ մեր կոնտինգենտը հորիզոնական հարաբերություններ չի սիրում , նա նախընտրում է ուղղահայց շփումը՝ ենթակա-ստորադաս։
Ես մեր փրկությունը տեսնում եմ ՙՄունք՚-ի մեջ: Մարդը պետք է մեծանա սակավապետության, ժուժկալության մեջ, որպեսզի դառնա դաստիարակության օբյեկտ: Եվ շատ կարևոր է, թե ո՞վ է առաջին դեմքը… Եթե ես սակավապետ չեմ, ուրեմն ես մեսիջներ եմ ուղարկում ուսուցիչներին ու դպրոցի տնօրեններին, իսկ ընդհանրապես յուրաքանչյուր մարդու ՙԲարի լույսից՚ մինչև ՙԲարի գիշերը՚ մեսիջ է: Ես այն կարծիքին եմ, որ աշխարհին Նարեկացի տված ազգը անհնար է, որ ձախողի: Այս պաշտոնը, որ հիմա զբաղեցնում եմ, հավերժական չէ, մի օր տուն պիտի գնամ, ու մտադիր եմ դոկտորական թեզ գրել ՙՆարեկացին հոգեբանության լույսի ներքո՚ թեմայով: Դա կլինի իմ ինքնամաքրման, ինքնախոստովանությունների, ինքնահանդիպման լավագույն պրոցեսը, այս պաշտոնում շատ դժվար է ինքդ քեզ հետ երկար հանդիպման մեջ մնաս:
- Աշխատանքից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
- Իմ գլխավոր հետաքրքրությունն ընթերցանությունն է, լավ գրքերի հետ մերձենալն է ու մեկուսանալը լավ գրքերի հետ։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը գնալու է դեպի հոգևոր բարձր ինքնակազմակերպվածության, գաղափարական ինքնակազմակերպվածության։
- ՙԵս ծնվել եմ այն պահին, երբ հայն ասել է առաջին բառը՚, մեր մեծ բանաստեղծի բառերն են, Դուք ե՞րբ եք ծնվել...
- Ինձ մոտ զգացողություն կա, որ ես ծնվել եմ այն պահին, երբ դժվար ապրելն արդեն մարտահրավեր էր, Երկրաշարժից այս կողմ ես լավ պատկերներ չեմ հիշում, երեք պատերազմներ և այսպես շարունակ... Կարելի է ասել՝ իմ մանկությունը գունագեղ չի եղել, իսկ մինչև երկրաշարժն առանձին հետաքրքիր դրվագներ են մնացել հիշողությանս մեջ՝ դպրոցական տարիների հետ կապված։
- Այդ դժվարություններից չե՞ք հուսալքվում...
- Ոչ, ես ուժեղանում եմ, որովհետև սա ինքնայրման պրոցես է, որը տանում է բյուրեղացման... Որքան անցնում ես դժվարությունների միջով, այնքան իմաստնանում ես, դառնում ես կշռադատված ու ողջամիտ։
- Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել մեր հասարակությանը։
- Ուզում եմ նրանց տեսնել սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակով, ուզում եմ տեսնել նրանց միասնական, մեկ ուղղությամբ նայող և հանրային արժեքներով ապրող։ Մենք պետք է դադարենք մեր առանցքի շուրջը պտտվելուց։
- Հայրենիք երևույթի Ձեր սահմանումը։
- Հայրենիքն, իմ խորին ընկալմամբ, ծովից ծով Հայաստանն է՝ իր ողջ պատմությամբ, ես չեմ ընկալում հայրենիքն այն քարտեզներով, որը կա հիմա և որը եղել է 20-րդ դարի սկզբին։ Հայրենիքն ամբողջ պատմագրությունն է, էպոսն է, մեր հազարումի դարդուցավերն են, որոնց միջով շարունակում ենք անցնել և որոնք ցավոք ՙսիրահարված են՚մեզ... Հայրենիքը Մեսրոպ Մաշտոցն է, Խորենացու ՙՈղբն՚ է, Նժդեհի Խուստուփն ու նրա գաղափարախոսությունը, հայրենիքը Մոնթե Մելքոնյանն է, պատերազմի մեր նահատակներն են, որ երիցս թանկացրին այս հողը։ Հայրենիքն իմ կենսակերպն է, ես հայրենիքիս մեջ եմ՝ լուսաբացից մայրամուտ, հայրենիքիս հետ եմ ամեն վայրկյան ու զգում եմ նրա տաք երակը, որն ինձ ապրել-արարելու ուժ է տալիս։