[ARM]     [RUS]     [ENG]

Հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ ՀՕՊ զոհված զինծառայողների

Աննա Պետրոսյան

 Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում սեպտեմբերի 25-ին կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՊԲ հակաօդային պաշտպանության Ն զորամասի զոհված զինծառայողների հիշատակին: Միջոցառմանը կարևորվեց Արցախյան երրորդ պատերազմում երկնքի պաշտպանների սխրանքները: ՊԲ ՀՕՊ զորամասի հրամանատար, գնդապետ Սասուն Աբրահամյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի փորձությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին իրենց առանցքային նշանակությունն ունեցան նաև ՀՕՊ զորատեսակի բոլոր զորամասերը: «Մեր զորամասի դերակատարումը պատերազմի ողջ ընթացքում բացառիկ է եղել, քանի որ հակաօդային պաշտպանություն իրականացնելու լրջագույն գործառույթը ի սկզբանե բոլորովին այլ հարթության վրա է դնում նրա գործունեությունը»,-ասաց Ս. Աբրահամյանը և հիշատակեց մի քանի փառահեղ դրվագներ, որոնք պարտավորեցնում են իրենց՝ հպարտությամբ կրել ՀՕՊ զորքերի զինանշանը և ընթանալ երկնքի պահապանների բարձրագույն կոչմանն արժանացած ընկերների կիսատ գործը շարունակելու ճանապարհով: Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Մկրտիչ Պողոսյանն նշեց, որ անցած տարվա սեպտեմբերին թշնամու կողմից սանձազերծված պատերազմը լրջագույն մարտահրավեր դարձավ Արցախի գոյության համար: «Այսօր այստեղ ենք մեր հարգանքի տուրքն ու հավերժի խոնարհումը տալու մեր նահատակված զինակից եղբայրներին, ոգեշնչելու նրանց օրինակով: Նրանք չխնայեցին իրենց ամենաթանկը՝ հանուն մեր այսօրվա ներկայի և վաղվա ապագայի, որովհետև ուխտել էին սրբորեն պահել մեր մի բուռ հայրենիքը»,-մանրամասնեց Մ. Պողոսյանը և ներկայացրեց հայրենիքի նահատակ նվիրյալներին ու հերոսներին: Պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանի խոսքով՝ պատերազմի առաջին իսկ վայրկյաններից հակառակորդի թիրախում հայտնվեցին ոչ միայն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ հրաձգային ստորաբաժանումները, այլև՝ թիկունքում գտնվող հակաօդային պաշտպանության զորատեսակները: «Չնայած ցավալի մարդկային ու նյութական կորուստներին, ի պատիվ պաշտպանության բանակի հակաօդայիների նվիրվածությանն ու մասնագիտական բարձր պատրաստության, մի շարք դեպքերում հնարավոր դարձավ կատարել անհնարինը՝ անհրաժեշտության դեպքում հաշված ժամերի ընթացքում հայտնվելով ռազմաճակատային գծի այս կամ այն հատվածում և անակնկալի բերել հակառակորդին՝ նրան պատճառելով զգալի կորուստներ: Ավելին՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները, որոշ դեպքերում, ելնելով ստեղծված իրավիճակից, իրենց ամրակցված հրաձգային ու հակաօդային զինատեսակներով փոխհրաձգության մեջ են մտել գերազանցող թշնամական ցամաքային ուժերի դեմ՝ հստակորեն կատարելով առաջադրված մարտական խնդիրը»,-ասաց Ն. Մկրտչյանը: Հուշ-ցերեկույթին զորամասի հրամանատարությունն ի նշան երախտագիտության շնորհակալագրեր է հանձնել նահատակված զինծառայողների ծնողներին, հարազատներին: Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՊԲ բարձրաստիճան սպաներ, զոհված զինծառայողների մարտական ընկերները։