ԲՈԼՈՐ ԼՈՒՍԵ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՆ ԱՆՎԱՆԵԼ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ուսուցչի օրվա կապակցությամբ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հյուրընկալել է ոլորտի մի խումբ նվիրյալների: Հրավիրվածները բնագիտական առարկաներից կայացած օլիմպիադայում հաջողություններ գրանցած աշակերտների ուսուցիչները և նախարարության կողմից ամռանը հայտարարված՝ Ընթերցանության մրցույթում իրենց գրառումներով ակտիվորեն հանդես եկած մասնակիցներն էին:
Նախարար Լուսինե Ղարախանյանը, ի դեմս նրանց, շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Արցախի ուսուցիչներին՝ 44-օրյա դաժան պատերազմից հետո արագորեն ինքնակազմակերպվելու և մատաղ սերնդի մեջ ոգու ուժ ներարկելու, կրթելու գործը պատվով շարունակելու համար, որ կարողացել են զսպել կորսված հայրենիքի, հազարավոր զոհվածների ցավ ու մորմոքը, կորցրած հայրենիքի կարոտը սրտում արարել և ընդգծված արդյունքներ ցույց տալ կրթական ոլորտում:
Լ. Ղարախանյանը հավաստիացրեց, որ չնայած բազում մարտահրավերներին` նախարարությունը շարունակում է վերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնել. ՙՄենք չենք ուզում թուլանալ, մենք պարտավոր ենք լինել զգոն, առաջ տանել համակարգը, որովհետև ուսուցիչը բոլոր ժամանակներում եղել է լույսի առաքյալը և մեր ժողովրդին պատուհասած այս դժվարին ժամանակահատվածում էլ շարունակում է լույս սփռել՚,-ասաց նա:
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց բնագիտական առարկաներից գրանցված հաջողությունների համար: Մասնավորապես, առանձնանշելի է Մարտունու հ. 1 դպրոցի աշակերտների հաջողությունները կենսաբանությունից և քիմիայից: Կենսաբանության ուսուցչուհի Ռիտա Եսայանի սաները պարբերաբար մասնակցում են հանրապետական օլիմպիադային, նրա սանը միջազգային օլիմպիադայից նախորդ տարի գովասանագիր, իսկ այս տարի արծաթե մեդալ է բերել: Նույն դպրոցի ՙՄոնթեաբերդ՚ թիմը /քիմիայի ուսուցիչ` Կարինե Կարապետյան/ մի քանի անգամ Հայաստանում մասնակցել է Պատանի քիմիկոսների մրցաշարին, իսկ այս տարի հաղթող ճանաչվել:
Հաջողություններ են գրանցել նաև Մարտակերտի շրջանի Վաղուհասի, Վանքի, Հաթերքի, Ճարտարի հ. 1, Պատարայի միջնակարգ, Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցների աշակերտները` կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից:
Նախարարը դրամական պարգև հանձնելով ուսուցիչներին` հույս հայտնեց, որ եկող տարի նույնպես այսպիսի հանդիպում կունենա նրանց և ավելի շատերի հետ:
Լ. Ղարախանյանը դրամական պարգևով խրախուսեց նաև Ընթերցանության մրցույթում, որի թեման Մաքսիմ Հովհաննիսյանի ՙՄունք՚ էսսեների ժողովածուն էր, հաղթող ճանաչված ուսուցիչներ Նատաշա Պողոսյանին / Մարտակերտի հ. 1 դպրոց/, Արմինե Մովսիսյանին /Ստեփանակերտ, հ.8 դպրոց/, Մանուշ Բալայանին /հ.11 դպրոց/, Զարինե Սառաջյանին / ԱրՊՀ/: Ն. Պողոսյանն ասաց, որ դաժան պատերազմից ուսուցիչը թեպետ կոտրվեց, երբեմն՝ խեղճացավ, բայց կարողացավ ուշքի գալ, հաղթահարել ետպատերազմյան դժվարությունները. ՙԵթե ուսուցիչը ապրում է, գործում է, ուրեմն հայրենիքն ապրում է՚:
ՙՄունք՚-ը վերահաստատում է` անցյալից դասեր քաղել, շարունակել պայքարել մեր գոյի, մեր ապրելու իրավունքի համար՚,- շարունակեց Ա. Մովսիսյանը:
ԱրՊՀ դասախոս Զ. Սառաջյանի տպավորությամբ՝ ՙՄունք՚-ը արծարծում է շատ արդիական հարցեր՝ պատերազմից հետո ֆիզիկական, նյութական, հոգեբանական դժվարությունների հաղթահարում, արտագաղթի կասեցում: Գլխավոր գաղափարն է՝ ապրել Արցախում և ապրեցնել Արցախը: ՙՈւրեմն, Արցախի ճակատագիրը մեզնից յուրաքանչյուրից է կախված, նաև մեր առջև նստած ուսանողից, աշակերտից: Եկեք մեզնից կախվածն անենք, յուրաքանչյուրս կատարենք մեր գործը, ինչպես Մ. Հովհաննիսյանն է ասում` գործ անելու, բան անելու ժամանակներն են, մեր խեղճուկրակությունը թոթափելու, տներ կառուցելու, երկիրը ծաղկեցնելու, մեր կիսատությունը լցնելու ժամանակներն են, որպեսզի բոլորս միասին իրավունք ունենանք ասելու` մունք՚:
Ավելացնենք, որ ԱՀ նախագահի կարգադրությամբ` հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչները Ուսուցչի օրվա կապակցությամբ կստանան 25 000-ական դրամ պարգև: