[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Շնորհանդես

Հոկտեմբերի 4-ին, Ստեփանակերտում, ՙՎալեքս Գարդեն՚-ում տեղի ունեցավ նոր լույս տեսած ՙԵրեխայի իրավական կարգավիճակն Արցախի Հանրապետությունում՚ գրքի շնորհանդեսը, գիրք, որը հեղինակել են ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր իրավաբան Վլադիմիր Հովսեփյանը, ԱՀ կադաստրի ու պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, Սոնա Համբարձումյանը։ Շնորհանդեսն սկսվեց Արցախի օրհներգի կատարմամբ և մեկ րոպե լռությամբ` որպես խոնարհում և հիշատակի տուրք Արցախի ազգային-ազատագրական պայքարի նահատակներին։
Ելույթ ունեցողները՝ իրավաբաններ, մտավորականներ, ողջունելով գրքի ծնունդը, մասնավորապես նշեցին, որ այն հաջողված աշխատանք է, երեխայի իրավունքներին վերաբերող հիմնահարցերը, ինչպես նաև այդ բնագավառում միջազգային և ազգային օրենսդրության հիմնական դրույթները հանրայնացնող միջոց, անհրաժեշտ ուսումնամեթոդական ձեռնարկ, համալիր հետազոտություն։ Ձեռնարկը նախատեսված է ինչպես բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդողների, այնպես էլ ուսանողների, մինչև 18 տարեկանների և ծնողների համար: Նշվեց, որ հեղինակներին հաջողվել է հնարավորինս ներդաշնակ և ամբողջական անդրադառնալ երեխայի իրավունքների պաշտպանության ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավական հիմքերին, դրանց մեկնաբանության նրբություններին և կիրառման հիմնախնդիրներին։ Ուսումնական ձեռնարկը հնարավորություն կտա ընթերցողին ոչ միայն պարզապես ծանոթանալու և յուրացնելու երեխայի իրավունքների ու ազատությունների իրավական հիմքերին, այլև ձևավորելու ինքնուրույն մոտեցումներ այդ հիմնահարցերի առնչությամբ:
Շնորհանդեսին ընդգծվեց, որ գրքի հեղինակները՝ Վլադիմիր Հովսեփյանը և Սոնա Համբարձումյանը, ունենալով գիտամանկավարժական և պրակտիկ աշխատանքի անհրաժեշտ փորձ, ձգտել են հակիրճ, սպառիչ ու համալիր արտացոլել երեխայի իրավունքների պաշտպանության այնպիսի առանցքային ասպեկտներ, ինչպիսիք են երեխայի իրավունքների նորմատիվ իրավական փաստաթղթերի շրջանակը, թեմային առնչվող հայրենական օրենսդրության հիմնադրույթները, երեխայի գույքային իրավունքները, երեխայի աշխատանքային էական իրավունքները և երեխայի իրավունքները քրեական պատասխանատվության ոլորտում։
Տեղեկացնենք՝ ուսումնական ձեռնարկի, որը տպագրվել է Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, գիտական խմբագիրն է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը։
Շնորհանդեսին աջակցել են ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանը, ՙՆառանե Գոլդ՚ ՍՊԸ-ն, ԱՀ պահեստազորի սպաների միություն հասարակական կազմակերպությունը։
Գեղարվեստական մասում հանդես եկան Երևանից հրավիրված օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանը (նվագակցում էր Սվետլանա Ստեփանյանը) և ջութակահար Հովհաննես Կարախանյանը, ովքեր կատարեցին հայ երգահանների դասական և ժողովրդական ստեղծագործություններ։
Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում ծնվեց նման ուսումնամեթոդական ձեռնարկ գրելու գաղափարը՝ հարցին պատասխանում են.
Սոնա Համբարձումյան.- ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում վերջին ժամանակներս իրավագիտության ամբիոնի կողմից կազմակերպել էին անչափահասների իրավունքների և պարտավորությունների մասին գիտական ընթերցումներ, և այդ ժամանակ մեզ համար պարզ դարձավ, որ իրավաբանական գրականություն չունենք, որում համատեղված լինեն Արցախի օրենսդրությունում առկա բոլոր հոդվածները, ակտերը, միաժամանակ որպեսզի արտացոլվեն երեխաների իրավունքներն ու պարտավորությունները։ Երկուսով նախաձեռնեցինք, և ահա սեղանին է ՙԵրեխայի իրավական կարգավիճակը Արցախի Հանրապետությունում՚ ուսումնական ձեռնարկը: Այսօր ունենք լուրջ մարտահրավեր հանրապետության առջև և պետք է լինենք պետականաշեն և պետականապահպան, և հենց դրան է ուղղված մեր ձեռնարկը:
Իմիջիայլոց, գրքի նկարչական ձևավորումը, որ կատարել են Խորեն Հակոբյանը և Արշալույս Արզումանյանը, թույլ կտա երեխային տեսանելի ձևով ընկալել իր իրավունքներն ու պարտավորությունները։
Վլադիմիր Հովսեփյան.-Հայ պատմիչների աշխատություններում և իրավական հուշարձաններում երեխաների կյանքի և առողջության վերաբերյալ ամրագրված նորմերը վկայում են, որ միջնադարյան Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը գտնվել է բարձր մակարդակի վրա։ Արցախի Հանրապետության գոյության 30-ամյա ընթացքում երեխաների մի քանի սերունդ է մեծացել, այն էլ՝ հիմնականում պատերազմի պայմաններում։ Նրանք ավելի հեշտությամբ հարմարվել և հարմարվում են նոր պայմաններին, հասարակական կյանքի վայրիվերումներին, բայց միաժամանակ ընկալունակ են տարաբնույթ երևույթների նկատմամբ։ Հանրահայտ իրողություն է, որ առողջ ընտանիքը պետության հզորության երաշխիքն է, իսկ երեխայի իրավունքների և շահերի իրականացումն ու պաշտպանությունը հնարավոր է ապահովել առողջ ընտանիքի առկայության պայմաններում։ Այս ձեռնարկի նպատակն է Արցախի Հանրապետության երեխաներին և նրանց ծնողներին իրազեկել իրավական փաստաթղթերին՝ ԱՀ Սահմանադրության մեջ, համապատասխան օրենքներում և միջազգային պայմանագրերում ամրագրված նորմերում։ Մեր Սահմանադրության համաձայն` երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Բոլորս պարտավոր ենք պաշտպանել երեխաների իրավունքները և այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք երջանիկ ապրեն խաղաղ երկնքի տակ։ Արցախում նման ձեռնարկի լույս ընծայումն առաջինն է, որ շոշափում է երեխայի հիմնական իրավունքները և ազատությունները` բերված միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Կարծում եմ, այն օգտակար կլինի երեխայի, ուսուցիչների և ծնողների համար։