[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի բուհական գրադարաններ․գրքային ֆոնդ և էլեկտրոնային նորամուծություններ

 

 Արցախի պետական համալսարանի գիտական գրադարանում ընթացիկ ուսումնական տարվա հունվար ամսվա դրությամբ հաշվառված է ավելի քան 86 հազար միավոր գիրք:  ԱրՊՀ լրատվության և հանրային կապերի բաժնի փոխանցմամբ այս մասին տեղեկացրել է Արցախի մայր բուհի գրադարանի վարիչ  Հասմիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ինչպես նվիրատվությունների, այնպես էլ գնումների շնորհիվ գրադարանը պարբերաբար համալրվում է մասնագիտական և գեղարվեստական անհրաժեշտ գրականությամբ։

Այն, որ գրադարանի գրքային ֆոնդը պարբերաբար արդիականացման կարիք ունի, պատասխանատուները չեն ժխտում, բայց նաև ընդգծում են, որ ՛՛տարեցտարի գրքային ֆոնդի համալրումն արդյունավետ աճ է արձանագրում՝ հաշվի առնելով համալսարանականների հետաքրքրվածությունն ու գրադարանի այցելուների պահանջարկը՛՛,-մանրամասնում են համալսարանից:

Գրադարանի այցելուներն օգտվում են նաև էլեկտրոնային գրադարանի պաշարներից: Էլեկտրոնային գրադարանի օգտատերերի թիվը, գրադարանի աշխատակիցների հավաստմամբ, տարեցտարի ավելանում է, ինչը պայմանավորված է նաև էլեկտրոնային դասախոսությունների փաթեթների մուտքագրմամբ:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին համալսարանի բոլոր ամբիոնները ներկայացնում են անհրաժեշտ գրականության ցանկը, որն էլ համալսարանի ղեկավարության ջանքերով ձեռք է բերվում՝ համալրելով գրադարանային ֆոնդը: Մայր բուհի գրադարանային ֆոնդն օրերս համալրվել է մասնագիտական ու գեղարվեստական նոր գրականությամբ:

 Ստեփանակերտի  Մեսրոպ Մաշտոց համալսարանի գրադարանի ընդհանուր գրքային ֆոնդը կազմում է 29 հազար 131 միավոր, որից 12 հազար 678-ը՝ տպագիր, իսկ 14 հազար 313 միավորը՝ Էլեկտրոնային տարբերակով: Այս մասին Գրադարանավարի օրվա առթիվ  կազմակերպված միջոցառմանը հայտնեց ՄՄՀ գրադարանի վարիչ Լաուրա Առստամյանը։ Նրա հաղորդմամբ՝ հաշվի առնելով ընթերցողների և բուհի ծրագրային պահանջները,  մեկ տարվա ընթացքում  գրադարանը համալրվել է 323 միավոր գրքով : Բուհում գործում է նաև էլեկտրոնային գրադարան:

Վարիչ Լաուրա Առստամյանի խոսքով՝ աշխատում են գրադարանային ծրագրով, որտեղ մուտքագրված է գրադարանի հայկական գրքային ֆոնդից 2000 միավոր գիրք. գործընթացը շարունակվում է:  

  ՄՄՀ գրադարանավարուհի Կարինե Ղուլյանը կարևոր խնդիրներից է համարում գրադարանի համալրումը  գիտաուսումնական գործընթացներին համապատասխան:  Էլեկտրոնային տեղեկատվության ապահովումը կատարվում է նաև գրադարանի համացանցին միացված համակարգիչների միջոցով: 2011 թվականից մշակվել է ՛՛Տեղեկատու-որոնողական՛՛ համակարգի էլեկտրոնային տարբերակը: Էլեկտրոնային քարտարանը ներառում է գրադարանի ուսումնական գրականությունը, ամսագրերը: Էլեկտրոնային քարտարանում մուտքագրված գրականությունը երեք լեզուներով է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Ավելի քան 7600 միավոր  գիրք է կազմում Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի գրքային ֆոնդը։ Ինչպես հայտնում են բուհի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից, այս տարի գրադարանը համալրվել է մոտ 400 գրքով։ Գրիգոր Նարեկացի համալսարանի գրադարանային ֆոնդը համալրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրականությամբ։ Գործում է նաև էլեկտրոնային գրադարան։

 

 ԱԱ