Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտի գրադարաններում ընթերցողների թվի աճ է գրանցվել

Աննա Պետրոսյան

 <<Ազատ Արցախ>>-ի անդրադարձը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական, Հովհաննես Թումանյանի անվան մանկական և Մուրացանի անվան քաղաքային գրադարանների ֆոնդին, ընթերցողների թվին ու նորամուծություններին։

Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանի հաղորդմամբ՝ հետպատերազմյան ժամանակահատվածում ընթերցողների շրջանակն ընդլայնվել է։ -Հանրապետական գրադարանի գրքային ֆոնդը զգալիորեն համալրվել է։ Ներկայում գրքերի ընդհանուր թիվը 176 հազար 893 է։ Գրադարանի հաճախումների թիվը կազմել է 66900, իսկ ընթերցողներինը՝ 3650,-մանրամասնեց Ա․ Բաղրյանը՝ ավելացնելով, որ գրքային ֆոնդից օգտվում են ինչպես դպրոցականներ, ուսանողներ , ուսուցիչներ ու դասախոսներ, այնպես էլ՝ թոշակառուներ։ Անդրադառնալով գրքային ֆոնդի թվայնացման հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ գործընթացը սկսելու համար նախապատրաստական որոշ աշխատանքներ էին իրականացվել, սակայն պատերազմի պատճառով ընդհատվեցին։ Առաջիկայում թվայնացման աշխատանքները կվերսկսվեն։ Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Միրզոյանը տեղեկացրեց, որ ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 48 հազար 235 կտոր գիրք, ընթերցողների թիվն ավելի քան 3000, իսկ հաճախումները՝ 28791։ -Քաղաքային գրադարանը դեռևս էլէկտրոնային տարբերակ չունի։ Գրքային ֆոնդից օգտվում են տարբեր տարիքի քաղաքացիներ, սակայն ընթերցողների թվում գերակշռում են աշակերտներն ու ուսանողները։ Նրանք օգտվում են գրադարանի ընթերցասրահից, որտեղ պայմաններ են ստեղծված անհրաժեշտ գրականությունից օգտվելու և ռեֆերատներ պատրաստելու համար,-մանրամասնեց գրադարանի տնօրենը՝ ավելացնելով, որ պատերազմից հետո գրադարանն իր գործունեությունը վերսկսեց դեկտեմբերին։ Տնօրենի հավաստմամբ՝ այժմ ընթերցողների թիվն օրեցօր աճում է։ Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը նաև մեթոդական կենտրոն է դպրոցական գրադարանների համար ։ Այս մասին նշում է գրադարանի տնօրեն Նաիրա Աղաջանյանը։ Նրա հաղորդմամբ՝ մանկական հանրապետական գրադարանն ունի 49 հազար 600 կտոր գիրք, իսկ հունվար-սեպտեմբեր ամսվա կտրվածքով ընթերցողների թիվը կազմել 950 , հաճախումները՝ 13 հազար 959: Մանկական գրադարանը նույնպես առայժմ էլեկտրոնային տարբերակ չունի։ -Գրադարանում առկա է ընթերցասրահ, որը հնարավորություն է տալիս կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ: Վերջին շրջանում ընթերցասրահներից օգտվողների , ընդհանրապես, ընթերցողների թիվն աճել է։ Հաճախելիությունը հատկապես ամառային արձակուրդների ընթացքում է աճում։ Գրքային ֆոնդից օգտվում են նաև ուսանողներ և բարձր տարիքի անձինք,- նշեց Ն. Աղաջանյանը՝ հավելելով, որ դպրոցական միջին օղակի աշակերտները հիմնականում օգտվում են ծրագրով հանձնարարված գրականությունից, իսկ տարրական դասարանների երեխաները հեքիաթներ են նախընտրում։ Տնօրենի խոսքով՝ ընթերցողների թվում ուսանողները մեծամասնություն են կազմում, ինչը պայմանավորված է հանրապետական մանկական գրադարանում առկա արտասահմանյան՝ մասնավորապես անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն, գրականությամբ։