ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Արցախի մի շարք դպրոցների ավելի քան 30 համակարգիչ է նվիրաբերվել: Այս մասին ''Ազատ Արցախ''-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը` նշելով, որ դպրոցների ընտրությունը կատարել է ''Genesis lab'' բարեգործական կազմակերպությունը: Հավաքված ու նորոգված համակարգիչները հասել են Արցախ`հասցեատերերին: Ըստ անհրաժեշտության համակարգիչները բաշխվել են Մարտունու շրջանի ''Ես'' կրթական հիմնադրամին` 12 համակարգիչ և 4 նոութբուք, Ստեփանակերտում գործող Հադրութի դպրոցին` 15, Շուշիի հումանիտար  քոլեջին` 1 համակարգիչ, ինչպես նաև Աստղաշենի մանկապարտեզին` 1 համակարգիչ: Նվիրատվության շրջանակներում  2 համակարգիչ է ստացել նաև Մարտունու շրջանի Սոս գյուղի դպրոցը, որը հրետակոծության հետևանքով վնասվել էր Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում:

Սոս համայնքի դպրոցի տնօրեն Մանուշակ Վանյանի խոսքով՝ կրթօջախը համակարգիչների խիստ կարիք ուներ, քանի որ հրետակոծությունից վնասվել էին նաև  համակարգիչները:

-Համակարգիչները տեղադրված են ''Երկարօրյա''-ի խմբերում և ծառայում են աշխատանքների համակարգմանը,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Մանուշակ Վանյանը՝ նշելով, որ մինչ այդ դպրոցում  հնարավորություն չկար համակարգչի հետ կապված որևէ աշխատանք իրականացնել: