ԱԶԳԱՅԻՆ-ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ ՔՅԱԹՈՒԿ ԳՅՈՒՂՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
<<Գուպար>> ազգային-ավանդական խաղերի մրցույթն առաջին անգամ, 2020 թ. սեպտեմբերի 2-ին, կազմակերպվել է Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքում: Մեզ հետ զրույցում այս մասին նշեց Հադրութի շրջվարչակազմի Մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը: Այս տարի այն կազմակերպվեց Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում:
-Մեր նպատակն այն էր,- ասաց Ե. Հայրիյանը,- որ հանրության ուշադրությունը հրավիրենք բնության գրկում գտնվող գեղեցիկ այս գյուղի վրա և փորձենք նոր շունչ հաղորդել՝ նպաստելով այն կրկին բնակեցնելու գործին: Բացման խոսքում Ե. Հայրիյանը կարևորեց ազգային-ավանդական ավանդույթներն ու դրանց նոր շունչ հաղորդելը:
-Միջոցառումները, որ կազմակերպում էինք Հադրութում, շարունակում ենք նաեւ պատերազմից հետո՝ վերադարձի ու մեր բնականոն գործունեության վերականգնման ակնկալիքով: Ե. Հայրիյանի խոսքով, ազգային-ավանդական խաղերը ոչ միայն երիտասարդներին զբաղեցնելու, այլ նաև՝ կրթելու միջոց են:
Մրցույթին մասնակցել է Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի և Շուշիի շրջանները ներկայացնող 11 թիմ՝ 2 տարիքային խմբերում՝ 14-17 և 18-25 տարեկան: Թիմերը մրցեցին 5 խաղաձեւով՝ այդ թվում՝ <<Կոխ>>, <<Լախտի>> <<Աքլորակռիվ>> եւ այլն: Մրցութային հանձնաժողովի գնահատմամբ լավագույն ցուցանիշներով առաջին հորիզոնականը գրավեցին Մարտունու <<Ամարաս>> և <<Սոս>> թիմերը: Երազիկ Հայրիյանը միջոցառմանն աջակցելու համար խորին շնորհակալություն հայտնեց ԱՀ ԿԳՄՍ եւ ՆԳՆ նախարարություններին, ինչպես նաեւ ամերիկաբնակ, արմատներով հադրութեցի բարերար Քնար Աբրահամյանին։