ՄՄՀ ԿՈՎԿԱՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոյեմբերի 4-ին Ստեփանակերտի ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանը /ՄՄՀ/ հրավիրել է մամուլի ասուլիս` նվիրված բուհի կովկասագիտության կենտրոնի 6-ամյա գործունությանը:
ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով` կովկասագիտության կենտրոնի ստեղծումը և ուսումնական ծրագրում ՙԿովկասագիտություն՚ մասնագիտության ներառումը պայմանավորված էին տարածաշրջանային մարտահրավերներով, դրանցից բխող խնդիրների լուծման հրատապությամբ և համապատասխանաբար` ՄՄՀ-ի գիտակրթական ծրագրերի կազմակերպմամբ, մասնավորապես, միջազգային օտար լեզուների հետ մեկտեղ հարևան երկրների լեզուների` ադրբեջաներենի և պարսկերենի ուսուցմամբ:
Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովը ներկայացրեց վեց տարվա ընթացքում կատարված աշխատանքները:
Կենտրոնը 2015թ. ստեղծվել է բուհում գործող երկու` հայագիտական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնների հիմքի վրա: Նրանում ընդգրկված են մի շարք գիտաճյուղեր, որոնք ներառում են ինչպես մեր տարածաշրջանը, այնպես էլ Մերձավոր և Միջին Արևելքը: Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է գիտական և ուսումնական ուղղություններով: Հիմնադրումից սկսած` կենտրոնի կողմից Արցախում և ՌԴ-ում կազմակերպվել են մի շարք կլոր սեղաններ, միջազգային գիտաժողովներ, ընդ որում, կենտրոնը համագործակցում է ՌԴ, Հարավային Օսիայի, Աբխազիայի առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ: Այդ բոլոր միջազգային գիտաժողովների նյութերը տպագրվել են առանձին ժողովածուներով և հասանելի են լայն հանրությանը. տեղադրված են էլեկտրոնային հարթակներում: Վերջերս մշակութային ժառանգության պահպանման հանրային խորհրդի և ՙԳոլոս Արմենիա՚ շաբաթաթերթի հետ համատեղ նախաձեռնել են ՙԱդրբեջանը` քաղաքակրթության թշնամի՚ մատենաշարի հրատարակումը, որի առաջին համարի շնորհանդեսը կլինի շուտով:
Բացի գիտաժողովներից, կլոր սեղաններից, կենտրոնն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպմանը: Մինչև 2020թ. 44-օրյա պատերազմն էլ տարբեր ցուցահանդեսներ են կազմակերպվել, իսկ պատերազմից հետո դրանք վերաբերվել են Ադրբեջանի ագրեսիային, Արցախի տարածքների օկուպացմանը և մշակութային ցեղասպանությանը:
Հ. Ավանեսովը տեղեկացրեց, որ առաջիկայում ևս կազմակերպելու են միջազգային գիտաժողով` նվիրված Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրներին, դրանցից բխող մարտահրավերներին և հնարավորություններին:
Կենտրոնի գիտակրթական նպատակներն իրականացնելու համար հավաքագրվել է կովկասագիտության հետ կապված հարուստ գրականություն` տպագրված ՀՀ-ում և արտերկրում: Այդ շարքը լրացնելու եկավ վերջերս կենտրոնի աշխատակից Արինա Գրիգորյանի կողմից ադրբեջաներենի ձեռնարկի հրատարակումը` նախատեսված ինչպես ուսանողների, դասախոսների, այնպես էլ լայն հանրության համար:
Կովկասագիտության կենտրոնի` այլ գիտական հաստատությունների հետ համագործակցության արդյունք են ՌԴ և ՀՀ ճանաչված մասնագետների դասախոսությունները ՄՄՀ-ում, ինչպես նաև ուսանողների մասնագիտական փորձուսուցումը գիտակրթական հաստատություններում: ՙԱյն ամենը, ինչ մեր կենտրոնի կողմից հրատարակվել է, համարում եմ տեղեկատվական զենք մեր լրատվամիջոցների, դիվանագետների կողմից օգտագործելու համար՚,- ասաց Հ. Ավանեսովը:
Ինչպես նշեցին բուհի ռեկտորը և կովկասագիտության կենտրոնի տնօրենը, ՄՄՀ-ն ողջունում է տարածաշրջանային խնդիրների հետ կապված տարբեր համալսարանների կողմից կազմակերպվող միջոցառումները և պատրաստ է համագործակցել նրանց հետ, առանձնապես` Ադրբեջանի կեղծարարությունների վերաբերյալ քննարկումներին: