Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Ի ՎԵՐՋՈ, ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ ԿՍՏԵՂԾՎԻ՞ ԱրՊՀ-ՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արցախի պետական համալսարանում ռազմական ամբիոն ստեղծելու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների կողմից հնչեցվել է: Նպատակը պահեստազորի սպաներ պատրաստելն է` անհրաժեշտության դեպքում բանակը համալրելու համար: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ տարիներին, չնայած երկրում գործող բազմաթիվ ռազմական ուսումնական հաստատություններին, քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծվում էին ռազմական ամբիոններ, որոնք արական սեռի ուսանողներին տալիս էին բավարար գիտելիքներ ռազմական գործի մասին: Ուսման վերջում նրանց շնորհվում էր սպայական կոչում, նրանք հաշվառման էին վերցվում պահեստազորում, մասնակցում հավաքների: Տարբեր ոլորտներում աշխատող այդ քաղաքացիները` լինեին միջին օղակում, թե ղեկավար պաշտոններում, տիրապետում էին զինվորական գիտելիքների և հնարավոր պատերազմի դեպքում կարող էին կազմակերպել երկրի պաշտպանությունը, ինչպես դա եղավ Արցախյան պատերազմի ժամանակ:

1992-1994թթ. մեզ պարտադրված կենաց-մահու պատերազմում մեր ժողովուրդը կարողացավ դիմագրավել և հաղթել լավ սպառազինված թշնամուն իր ոգու, կուռ միասնականության, գրագետ մարտ վարելու շնորհիվ, որը ղեկավարում էին ոչ միայն բարձրակարգ կադրային սպաները, այլև ռազմական ամբիոններում ուսում ստացած պահեստազորայինները:
ԱրՊՀ-ում ռազմական ամբիոն ունենալու ծրագիրը շրջանառվում է վերջին տարիներին, բայց ինչպես օրերս պարզեցինք, այդ նպատակը դրված էր դեռ 2000 թվականից: ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանի հետ մեր հերթական հանդիպման ընթացքում կրթական խնդիրներից բացի շոշափվեցին նաև այլ հարցեր, մասնավորապես, 2020թ. աշնանային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Յուրի Քարամյանը, ինչպես շատ մանկավարժներ, մատյանը դրել է դարակը և զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Բաքվից բռնագաղթած` Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի հմուտ մասնագետը համալրել է հրետանու սպաների շարքերը, հասել մինչև ՊԲ հրետանու պետի պաշտոնին:
Կրթական և ռազմական գործի խորագիտակ մասնագետի հետ մեր զրույցը, որը գրագետ հասարակություն ունենալու խնդրի շուրջ էր, եկավ-հասավ ռազմական ամբիոնի ստեղծման նախապատմությանը: Յուրի Քարամյանը միշտ ասում է, որ հասարակությանը զանգվածային գրագետ դարձնողն ուսուցիչն ու սպան են: Եվ որպես պարզաբանում, ասում է՝ ինչպես ուսուցիչը կրթում ու դաստիարակում է յուրաքանչյուր դասարանում 20-30 աշակերտի, նույնն էլ անում է դասակի հրամանատարն իր ենթակայության տակ գտնվող նույնքան զինվորների հետ: Ահա թե ինչքան կարևոր է, որ և՜ ուսուցիչը, և՜ սպան լինեն շատ գրագետ ու բանիմաց: Եթե մի դասակի հրամանատարը գրագետ լինի, մյուսը` ոչ, ռազմական խնդիրը չեն կարողանա կատարել. ՙՅուրաքանչյուր մարտկոցի հրամանատար ինքն է տեսնում և որոշում նշանակետը, նրա խոցումը և ոչ թե վերևից են ասում: Նրա փոխարեն ոչ մեկը չի կարող դա անել, երբ գալիս է թշնամին: Նա պետք է ունակ լինի վայրկյանների ընթացքում որոշում կայացնելու: Ամենավտանգավոր կետերում նրանք են լինում: Երբ անհրաժեշտ թվով սպաներ չեն լինում, պատերազմի ժամանակ սերժանտին էլ են նշանակում դասակի հրամանատար, զինվորին էլ: Բայց նրանք անպատրաստ են: Զինվորը, որը չունի համապատասխան ուսում, չի կարող դասակ ղեկավարել: Նա չգիտի` ինչ է ուրվագիծը, չի կարող քարտեզով աշխատել: Անօդաչուն գալիս է վերևից, տարածքը գրավում է զինվորը: Ես չեմ ասում` մենք կհաղթեինք, բայց կարող էինք առանց մեծ կորուստների կանգնեցնել պատերազմը, եթե գրագետ աշխատեինք` ելնելով մեր տեղանքի պայմաններից, մեր ունակություններից, սպառազինությունից՚,-շարունակում է պարզաբանել զրուցակիցս:
Խնդիրը հրետանու նախկին պետին նկատելի է եղել դեռ 2000 թվականից: ՙԼինելով հրետանու պետ` հասկացել եմ` ինչպիսի դասակի հրամանատարներ են գալիս իմ ենթակայության տակ, իսկ երբ եկա ԳԹԿ տնօրեն, հասկացա` ովքեր են գնում ռազմական ինստիտուտներ…՚: Դրանից ելնելով էլ նա 2000 թվականից է սկսել աշխատանքներ տանել ԱրՊՀ-ում ռազմական ամբիոն ստեղծելու ուղղությամբ: ՙՄենք պետք է դասակի հրամանատարներ պատրաստենք այստեղ` Արցախում, որպեսզի ունենանք անհրաժեշտ թվով պահեստազորի դասակի հրամանատարներ՚: Մեր զրուցակիցը պատմեց, որ ռազմական ամբիոն ստեղծելու գաղափարն այն ժամանակ ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վիտալի Բալասանյանինն էր: Նրա ցուցումով է ինքը սկսել այդ աշխատանքները: Օրինակելի ուսումնական ծրագրեր, կանոնադրություն և այլ փաստաթղթերի փաթեթ ստեղծելու նպատակով Յու. Քարամյանը հինգ ամսով գործուղվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա: Թե ինչպես է մեծ վստահություն ու հեղինակություն ձեռք բերելու շնորհիվ կարողացել մուտք գործել այլ ռազմական ուսումնական հաստատություններ և խնդիրը կատարած` հարուստ ՙավարով՚` արժեքավոր գրականությամբ ու անհրաժեշտ փաստաթղթերով վերադառնալ հայրենիք, առանձին պատմություն է, որը մեր մասնագիտական հնարամտությամբ հազիվ կորզեցինք նրանից:
2001թ. մայիսի 4-ին ԱրՊՀ-ում ռազմական ուսումնարան ստեղծելու մասին որոշման նախագիծը ներկայացվել է ԱՀ կառավարություն: Ըստ այդ նախագծի՝ ռազմական ամբիոնում կարող են սովորել ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած /շեմ է սահմանվում/ արական սեռի ուսանողները կամավորության սկզբունքով, տարկետման իրավունքով: Նրանք չեն զորակոչվում բանակ: Չորս տարի սովորելուց հետո լեյտենանտի կոչումով ավարտում են և, համաձայն պայմանագրի, երեք տարի ժամկետով մտնում են բանակ` որպես դասակի հրամանատար: Այդ ընթացքում նրանք կարող են ավելի բարձր կոչում ստանալ: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից, բայց մնում են որպես պահեստազորի սպա: Յու. Քարամյանի համոզմամբ` նրանց 20-30 տոկոսը կշարունակի ծառայությունը բանակում` բարձր աշխատավարձով ու հարակից արտոնություններով: Պրակտիկան ցույց է տալիս, որ զինվորը, որը երկու տարի ծառայում է բանակում, հետայդու չի ցանկանում 4 տարի ռազմական բուհում սովորել: Ուրիշ բան է, որ նա միանգամից սպայական կրթություն է ստանում: Իսկ 20 տարի բանակում ծառայած պահեստազորի սպան, որը թոշակի է անցել բարձր կոչումով, պատերազմի ժամանակ չի ծառայի որպես դասակի հրամանատար: Ռազմական ամբիոնը լավ հարթակ է` դասակի հրամանատարներ պատրաստելու համար:
Յու. Քարամյանը հերթով ցույց է տալիս ռազմական ամբիոն ստեղծելու մասին ԱՀ կառավարություն տարբեր տարիներին ուղարկված որոշումների նախագծերի իր օրինակները: Առաջինը թվագրված է 2001թ. մայիսի 4-ով: Կառավարությունը հաստատել է և որոշում ընդունել մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը ԱրՊՀ-ում բացել ռազմական ամբիոն, հաստատել է նրա կանոնադրությունը, շահագրգիռ մարմիններին համապատասխան հանձնարարականներ հղել: Պատրաստ էին տեխնիկական բազան, շենքը, հաստիքացուցակները և այլն: Բայց թե ինչը խանգարեց ԱՀ կառավարության որոշումը կենսագործելուն /ի դեպ, մինչև հիմա էլ Arlexis տեղեկատվական հարթակում գործող որոշումների մեջ այն առկա է/, Յու. Քարամյանը դժվարանում է ասել: Սակայն նա չի դադարել այդ թեման թեժ պահել: 2016թ. ապրիլյան պատերազմի դասերից ելնելով` նա նոր նախագիծ պատրաստեց /նոր` մի շարք իրողություններ հաշվի առնելով/, որը լիազոր մարմնի կողմից ներկայացվեց կառավարությանը: Ապա ներկայացվեցին 2020թ. սեպտեմբերի 24-ին, հետո` դեկտեմբերի 24-ին, այնուհետև` 2021թ. փետրվարին: Ոչ մի տեղաշարժ: Իսկ վերջերս ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ օրենքի նոր նախագիծ է ուղարկվել Ազգային ժողով: Այն վերաբերում է ՙԲարձրագույն կրթության մասին՚ ԱՀ օրենքում լրացում կատարելուն: Ընդամենը մի քանի բառ պետք է ավելացվի, որ բուհում ամբիոն բացելու իրավունք ունի նաև լիազոր մարմինը` այսինքն` ԱՀ կառավարությունը / այդ իրավունքը տրված է միայն բուհի ռեկտորատին/: Նախագիծն արդեն երկու ամսից ավելի է` ԱԺ-ում է, ուսումնասիրում են: Իսկ այն ժամանակացույցով, որ նախարարության կողմից ըստ օրերի կազմել է ճշտապահ Յու. Քարամյանը, ռազմական ամբիոնի աշխատանքները նոյեմբերի 1-ից պետք է սկսված լինեին:
ՙՊարադոքսն այն է, որ սկսած 2001 թվականից, ռազմական ամբիոնի ստեղծման անհրաժեշտության մասին պարբերաբար խոսվել է հանրապետության նախագահի, նախարարների, ռեկտորների հետ, և բոլորն էլ ասել են` այո, բայց վերջում ստացվել է` ոչ: Հետո էլ ասում ենք` ինչո՞ւ այսպես եղավ: Սովորաբար ասում ենք, որ կադրերն են որոշում ամեն ինչ, բայց, ըստ էության, կադրերի պատրաստման վրա պատշաճ ուշադրություն չենք դարձնում՚,-մեր զրույցն այսպես եզրափակեց Յու. Քարամյանը: