«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ». ՆՈՐ ՄԱՏԵՆԱՇԱՐ
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության հանրային խորհուրդ ՀԿ-ի և «Գոլոս Արմենիա» հասարակական- քաղաքական անկախ թերթի համատեղ նախագծով լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարը։
Հրապարակման նպատակը տարբեր լեզուներով մեր պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացած ասուլիսին ասաց Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, եկեղեցիների, խաչքարերի և հուշարձանների նկատմամբ վանդալիզմին ու սրբապղծմանը:
Նրա խոսքով՝ Արցախի մշակութային ժառանգությունը ներկայացնող նախագծի մտահղացումը վաղուց էր առաջացել, սակայն պատերազմի հետևանքով ծրագրերը փոփոխության ենթարկվեցին, և առաջնահերթությունը տրվեց Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային ժառանգությանը։
-Մշակութային ժառանգության վրա ենք շեշտ դնում, քանի որ այդ խնդիրը օրակարգային է: Անդրադարձ ենք կատարել մշակութային կոթողների ոչնչացմանը, ինչի մասին միանշանակ, պետք է տեղյակ լինի միջազգային հանրությունը: Թուրք-ադրբեջանական հրոսակներն ամեն ինչ անում են ոչնչացնելու հայկական մշակութային ժառանգությունը: Այդ ուղղությամբ մենք ունենք բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պղծումը: Թշնամին բազմիցս թիրախավորել է Մարտունու Մոնթե Մելքոնյանի հուշարձանը: Հավաքագրել ենք մի շարք փաստեր, որոնք վերաբերվում են Ադրբեջանի վհսկողության տակ գտնվող տարածքների գերեզմանների քանդմանը, - մասնավորապես ասել է Հովիկ Ավանեսովը՝ հավելելով, որ մատենաշարի միջոցով փորձում են բարձրաձայնել Ադրբեջանի անմարդկային քայլերը և լուծման ուղիներ փնտրել։
ՄՄՀ մամուլի ծառայություն