[ARM]     [RUS]     [ENG]

Հարցազրույց Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նարինե Իշխանյանի հետ

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ

 -Տիկի՜ն Իշխանյան, ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել ուսումնարանը մինչև Արցախյան 3-րդ պատերազմը:

-Ուսումնարան բացելու առաջին լուրջ քայլերն սկսեցինք 2009 թվականից։ Երկար ենք մտածել տեղի ընտրության հարցի շուրջ։ Ստեփանակե՞րտ, թե՞ Շուշի։ Ընտրեցինք Շուշին։
Երկրորդ քայլը եղավ վարպետների վերապատրաստումը։ Առաջին խումբ վարպետներին ուղարկեցինք Ֆրանսիա՝ գործում հմտանալու և մասնագիտանալու։ Ուսումնարանում սկզբից ուսուցանվում էր 3 մասնագիտություն. Հարդարման-շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ, ջերմատեխնիկա-սանտեխնիկա։ 2016թ. մասնագիտությունների թիվը հավելեցինք ևս երկուսով՝ էլեկտրատեխնիկա և մետաղամշակում։ 2017թ. ավելացրինք փայտամշակում բաժինը։
-Այժմ քանի՞ ուսանող ունեք։ Պատերազմից հետո բոլո՞րն են վերադարձել։ Աշկերտները միայն Շուշիի՞ց են, թե՞ նաև այլ բնակավայրերից։
-Մինչ պատերազմն ուսումնարանում սովորում էր 186 աշկերտ։ Պատերազմից հետո 55 աշկերտ տեղափոխվել է ՀՀ, սակայն ուսումնարանի վերաբացվելուն պես մեծ մասը որոշել է վերադառնալ։
Ուսումնարանը բացվելու առաջին իսկ օրերից ուսանողներ ունենք ինչպես Շուշիից, այնպես էլ Ստեփանակերտից, Հադրութից, Մարտակերտից, Ասկերանից, Մարտունուց։ Ուսումնարանին կից գործում է հանրակացարան, որ անվճար հիմունքներով տրամադրվում է աշկերտներին։ Հանրակացարանաբնակ աշկերտներին անվճար տրամադրում ենք նաև երեքանգամյա սնունդ և տրանսպորտ։
-Ի՞նչ վիճակում է գտնվում նյութատեխնիկական բազան։
-ՙԵզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան՚ հիմնադրամը Շուշիում գործում էր 2015 թվականից։ Կարելի է ասել, որ ուսումնարանն առաջին իսկ օրվանից համալրված էր համակարգիչներով, տպիչ սարքերով, գործիքներով, խոշոր հաստոցներով և այն առաջնահերթ սարքավորումներով, որոնք ամենօրյա կիրառվում էին ուսումնարանում:
Պատերազմի հետևանքով ամբողջ գույքը կորցրել ենք։ Հաջողվել է փրկել միայն ուսումնարանի ավտոտրանսպորտը։
Ստեփանակերտում հաստատվելուց հետո ուսումնարանին գործիքներ է տրամադրվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից։ Գարնանը գործիքների առաջին խմբաքանակն ստացանք Ֆրանսիայից։ Այս պահի դրությամբ երկրորդ խմբաքանակին ենք սպասում՝ կրկին Ֆրանսիայից։ Ուսումնարանին պակասում են խոշոր հաստոցները, որոնք թանկարժեք են, իսկ ուսումնարանը չունի համապատասխան գումար՝ ձեռքբերելու համար։ Շուշիում ունեինք նաև մարզասրահ, սպորտային գույք, որոնց ձեռքբերման համար դիմել ենք riarmenia հարթակի օգնությանը։
-Ի՞նչ ընթացք ունի վերականգնման ուղին։
-Ստեփանակերտում մենք հաստատվեցինք 2020թ. դեկտեմբերին։ Առաջին 3 ամիսներին գործում էինք Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի շենքում, բայց չունեինք արհեստանոցներ, գործիքներ, հաստոցներ, որոնց բացակայությունը դժվարություն էր ստեղծում և՜ մեզ, և՜ ուսանողների համար։ Մեր այժմյա շենքը լրիվությամբ համապատասխանում է ուսումնարանի պահանջներին։ Այս պահի դրությամբ ամբողջապես զբաղեցնում ենք շենքի արտադրական մասը։ Աջակցողներ շատ ունենք` Քաղաքաշինության նախարարությունը, ԿԳՄՍ-ն, ՙՀիմնավոր զարգացում՚ հիմնադրամը, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը, ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը։ Խնդիրներ ունեինք` կապված հասցեի հետ, քանի որ մեր իրավաբանական հասցեն Շուշիում էր։ Վերահաստատվելուց հետո հաջողվեց փոխել։ Մեր ներկայիս իրավաբանական հասցեն է` ք. Ստեփանակերտ Նաբերեժնայա 3-րդ նրբ. 35/12։
-Ի՞նչ մասնագիտություններ են ուսուցանվում այժմ ուսումնարանում։
-Ուսումնարանում այժմ գործում է 7 մասնագիտություն, որից 6-ը` շինարարական, 1-ը` ՙՀասարակական սնունդ՚։ Ուսումնարանի մասնագիտություններն են` Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքներ, Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում, Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա, Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ, Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում, Հարդարման շինարարական աշխատանքների, Շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում։ Մոտ օրերս էլ իրագործելու ենք Հասարակական սննդի արհեստանոցի վերաբացումը, որի շինարարական աշխատանքներին օգնել են նաև մեր աշկերտները։
-Ի՞նչ նպատակներ ու տեսլական ունեք։
-Մեր նպատակն է մեր ուսանողների տրամադրվածությունը և ոգևորությունը միշտ բարձր պահել, որպեսզի նրանք անընդհատ շահագրգռված լինեն նորը փնտրելու և սովորելու գործում։ Վերջերս տեղի է ունեցել աշկերտների պարգևատրում։ Առաջադիմություն ցուցաբերածներին միշտ խրախուսում ենք։ Ձգտում ենք մեր աշկերտներին հնարավորինս հմուտ մասնագետներ դարձնել։ Օգնում ենք նաև աշխատանք գտնելու հարցում՝ համագործակցելով շինարարական կազմակերպությունների հետ։ Ուսումնարանը նպատակ ունի աշկերտներին դարձնել մրցունակ աշխատաշուկայում, հմուտ մասնագետներ, ովքեր կկարողանան ծառայել ի շահ հանրությանը և երկրի բարգավաճմանը։