Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՔԱՆԱԿԻ ԴԵՄ՝ ԹԵՎ, ԹՎԻ ԴԵՄ` ԹՌԻՉՔ»

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշմամբ՝ 1999թ. նոյեմբերին և նշվում է 2000թ. փետրվարի 21-ից՝ որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր: Շարժառիթը 1948թ. Հնդկաստանից անջատված և նոր կազմավորված Պակիստանի` իրարից մշակույթով ու լեզվով տարբերվող երկու տարածաշրջաններում ուրդուն պետական լեզու հռչակելն էր, որով ոտնահարվում էր հարավային տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց մայրենի բենգալերենը: Դա, օրինաչափորեն, հանգեցրել էր այդ լեզվակիր բնակչության ընդվզմանը, որն ուղեկցվել է բազմաթիվ զոհերով: Տարիներ տևած հակամարտության արդյունքում, 1956 թվականին, բենգալերենն, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ ստացավ, մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց ազգային ինքնագիտակցության աճին: Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971թ. կազմավորվեց Բանգլադեշ նոր պետությունը: Այս բուռն իրադարձությունների համապատկերին էլ 1999թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր:

Այդ օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում ու Արցախում:

Ուրիշ ժողովրդի պայքարի մասին վիքիպեդյան այս տեղեկատվությունը ներկայացնելու նպատակն էր վերաշեշտել, որ 20-րդ դարում ասիական մի ժողովրդի պայքարը սեփական լեզվի համար պատշաճ արձագանք է ստացել աշխարհում ու արդյունքի հասել, իսկ հայ ժողովրդի պայքարը հանուն իր մայրենի լեզվի ու սեփական հողում ապրելու իրավունքի ձգվում է ավելի քան մեկուկես հազարամյակ: Արդեն իսկ 5-րդ դարում, երբ պետականության անկման հետևանքով Հայաստանը բաժանվել էր Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև /387թ./, ծեսերն ու արարողությունները պարտադրաբար արվում էին օտար լեզուներով: Ասել է թե՝ ՙ«սեփական հողում, սեփական երկնքի տակ հայը դարձել էր օտարի գաղութ»: Հայ քաղաքական և հոգևոր իշխանությունները` Վռամշապուհ թագավորը, Սահակ Պարթև կաթողիկոսը, գրող-գիտնական Մեսրոպ Մաշտոցը, քաջ պատկերացնելով հայության ձուլման ու հայկական ինքնուրույն պետականության իսպառ անկման վտանգը, մտահղացան հայոց գրերի ստեղծումը, որը պետք է ապահովեր քաղաքականապես երկու մասի բաժանված երկրի լեզվական և մշակութային միասնությունը, դառնար քաղաքական միասնության հիմք երկրի պետականության վերականգնման համար: Այդ խնդիրը կյանքի կոչեց Մեսրոպ Մաշտոցը` դառնալով հայ առաջին ուսուցիչն ու թարգմանիչը: 405 թվականից հայ ժողովուրդը Մաշտոցի ստեղծած գրերի և նրանով ստեղծված գրականության ու մշակութային մյուս արժեքների շնորհիվ ունի աշխարհին ներկայանալու սեփական նկարագիր: Մեր հետագա զարգացումն սկսվեց այդտեղից: Հայոց գրերը հայ ժողովրդի համար դարձան ազգային ինքնության, արժեհամակարգի պահպանման հզոր միջոց մինչ օրս: «Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը 5-րդ դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ` զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը»,-գրել է հայ մեծ պատմաբան Հակոբ Մանանդյանը:
Մեսրոպ Մաշտոցի կատարած գործը նաև օտարազգի մեծերն են գնահատել: Նա դարձել է բազմաթիվ ասքերի հերոս, սուրբերի սուրբ և իրավամբ` ազգային հերոս: «Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում»,-ժամանակին այսպիսի գնահատական է տվել անգլիացի ականավոր բանաստեղծ Ջորջ Բայրոնը:
Իր հերթին գերմանացի գիտնական հայագետ Մարկվարտը գրել է. «Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար` այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ»:

Հայաստան աշխարհում բացվեցին առաջին դպրոցները: Դրանցից մեկն էլ նույն դարում բացվեց Արցախում՝ Ամարասում: Ու հնչեց հայերենը հայ մանուկների շուրթերին, դարձավ յուրօրինակ դրոշ, որ սերնդեսերունդ փոխանցվեց մեզ:
Ժամանակաշրջանը և Մեծն Մաշտոցի դերը լավագույնս ներկայացրել է Պարույր Սևակն իր «Եվ այր մի Մաշտոց» ստեղծագործության մեջ:

...Եվ մարդկանց հոգնած սրտերի վրա,
…Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Ե’վ վաղվա հանդեպ,
Ե՛վ ապագայի:

Ոչ ոք չգիտեր՝ վաղն ի՞նչ կբերի:
…Անդընդանում էր մի անհայտություն,
Անորոշություն մի ամենաքամ,
…Եվ կործանումի սուր հոտ էր փչում…

Պետք էր, շա՜տ էր պետք ինչ-որ բան անել,
Սակայն ի՞նչ անել և ինչպե՞ս, ինչպե՞ս:

21-րդ դարում մեր ժողովրդի առաջ դարձյալ նույն հարցն է ծանրացած:
Լուսավոր, քաղաքակիրթ երևացող մեր դարում հայ ժողովուրդը նորից պայքար է մղում իր ինքնության հաստատման համար: Այսօր Արցախի իշխանությունները ահազանգում են միջազգային կազմակերպություններին և Մայրենիի օր հռչակած ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական հետքը ոչնչացնելու ձեռնարկումների դեմ: Իսկ ո՞ւր են նրանք` Արցախում բազում անգամ միջազգային գիտաժողովների մասնակցած և իրենց աչքով հայկական մշակույթի գոհարներն ըմբոշխնած տարբեր երկրների գիտնականները, Արցախում կազմակերպված միջազգային մշակութային սիմպոզիումների, գրական ու երաժշտական, մարզական և այլ միջոցառումների մասնակցած գործիչները: Ինչո՞ւ նրանք իրենց ձայնը չեն բարձրացնում Արցախի ժողովրդի ստեղծած արժեքները պղծող ու ոչնչացնող կամ սեփականող ազերի վանդալների դեմ:
Թե՞ պարզապես ժամանակն է, որ ինչպես 5-րդ դարում, հայ ժողովրդի ծոցից ծնվի ևս մեկը, ով Պարույր Սևակի խոսքով՝ կկարողանա ապացուցել, որ այնտեղ է լոկ սխրանքը սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար…
Օկուպացված Հադրութի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անի Ավետիսյանը լավ է պատկերացնում մայրենի լեզվի և հարազատ բարբառի դերն ու իր անելիքը ժողովրդի ինքնության պահպանման գործում. «Առաջին դպրոցներից մեկն էլ Մեսրոպ Մաշտոցի կողմից իմ Դիզակ աշխարհում է բացվել՝ պատմական Ցոր գյուղում: Այսօր և՛ Դիզակը, և՛ Ցորը բռնազավթել է թուրքն ու փորձում է վերացնել այնտեղ հայկական բոլոր հետքերը: Գերության մեջ են իմ ծննդավայր Հադրութը, շրջանի բոլոր գյուղերը, մեր վանքերն ու եկեղեցիները, մեր խաչքարերը, որ հայոց պատմության քարե վկաներն են, մեր դպրոցը, որի հետ այնքա՜ն թանկ հուշեր են կապված, մեր լեռներն ու ձորերը, սառնորակ աղբյուրները: Օրհասական այս պահին ավելի է կարևորվում մայրենի լեզվի պահպանությունը: Առավել ևս, որ Հադրութի «ս» ճյուղի բարբառն առանձնանում է Արցախի բոլոր բնակավայրերի բարբառներից, և նրա պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»:
Ամեն տարի Մայրենիի միջազգային օրվան նվիրված Արցախում անցկացվում է միամսյակ: Այս փետրվարին էլ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ: Նորից կփառաբանվի մեր մայր լեզուն, կբարձրացվի նրա անաղարտության պահպանման հարցը: Բայց ամենակարևորը` այն նոր սերնդին պետք է մղի իրական հայրենասիրության` անցյալը չմոռանալով հանդերձ՝ տեր կանգնելու իր երկրին: Այսօր թշնամու ոտնձգությունները հենց արցախցուն իր պատմական հայրենիքից դուրս մղելուն են ուղղված: Նոր Մաշտոց, անշուշտ, մեզ պետք չէ, բայց մեզ պետք է, որ նոր սերունդն իր մտքի ուժով ստեղծի մեր ժամանակների այն հզոր զենքը, որը հնարավորության կտա նորատիպ մեր մաքառման մեջ «Քանակի դեմ` թև, Թվի դեմ` թռիչք» պարզել:
Հավատում ենք, որ դա շատ չի ուշանա: