[ARM]     [RUS]     [ENG]

Մարտունիում սպորտային պարեր կուսուցանվեն

Շրջկենտրոն Մարտունիում սպորտային պարերի ուսուցման ու զարգացման մտահղացումը ԱՀ սպորտի և սպորտային պարերի միության նախագահ, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանինն է, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակ ունի սպորտային պարերը զարգացնել ոչ միայն Ստեփանակերտում:

«Եթե լուրջ հիմքերի վրա ենք ուզում դնել, նշանակում է այն պետք է համաչափ զարգանա: Այստեղ պետք է զրոյից իրականացնեմ ծրագիրը»,- ասում է նա։

Մարտունիում գործող արվեստի դպրոցի շնորհիվ  երեխաները սովորում են  ազգային և ժամանակակից պարեր, բայց որ երբևէ հնարավորություն կունենան զբաղվելու նաև սպորտային պարերով՝  անհավանական էր թվում: Մարիաննա Մամյանի՝  Մարտունի այցի և արվեստի դպրոցի սաների հետ ունեցած մի քանի օրվա հանդիպումների ու  պարապմունքների շնորհիվ այդ հնարավորությունը իրատեսական դարձավ:

«Սպորտային պարերը լրիվ ուրիշ աշխարհ են: Սա կրթություն է, որն առաջին հերթին շփման մշակույթ է սովորեցնում տղաներին և աղջիկներին: Կձևավորվի նոր աշխարհայացք: Սպորտային պարերը  երեխաներին հետաքրքրում են, նորություն է, որը չի կարող չձգել նրանց»,- նշում է նա՝ համոզմունք հայտնելով, որ ցանկալի արդյունքը սպասեցնել չի տա:

«Արցախի երեխաների մեջ տեսել եմ հետաքրքրվածությունը, ուստի ես պարտավորված եմ նորից գալ ու աշխատել նրանց հետ: Երբ գնում եմ՝ ուշքս ու միտքս այստեղ են, նրանց վառվռուն հայացքների հետ»,- հավելում  է Մարիաննա Մամյանը:

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ