[ARM]     [RUS]     [ENG]

Վերապատրաստման դասընթացներ՝ թանգարանների աշխատակիցների համար

 

Կարևորելով թանգարանների ռազմավարական նշանակությունը մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում՝ թանգարանների աշխատողների համար ինտերակտիվ դասընթացներ կազմակերպելու նպատակով Արցախում են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և պ.գ.թ., գորգագետ Աշխունջ Պողոսյանը: «Մեզ համար ռազմավարական խնդիր է հայոց ազգային տարազի և գորգի թանգարանագիտական, ազգաբանական ուսումնասիրությունը, ուստի 2021-ին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեին ներկայացրինք և շահեցինք թանգարանների աջակցությանն ու հավաքածուների հանրահռչակմանն ուղղված ծրագիր: Ու քանի որ Արցախը հայտնի է որպես կարևոր գորգագործական կենտրոն, մենք որոշեցինք դասընթացներ կազմակերպել նաև Արցախի մեր գործընկերների համար»,-նշեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: «Այս օրերին կփորձենք ծանոթանալ թանգարաններում պահվող գործվածքների, հավաքածուների հետ, արձանագրենք խնդիրները, մասնագիտական խորհրդատվությամբ փորձենք աջակցել թանգարանային աշխատողներին»,- ասում է Ա. Պողոսյանը: Ծրագիրը նպատակ ունի հայկական շրջանակից զատ՝ նաև օտար լեզուներով օտար լսարանին ներկայացնել հայկական գորգագործական բազմադարյա ավանդույթները, մշակութային հարուստ ժառանգությունը: Աշխատանքի ընթացքում մասնագետների ուշադրության կենտրոնում են լինելու երկրագիտական թանգարաններում հավաքածուների ցուցադրության և թանգարանային նմուշների հանրահռչակման խնդիրները: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Ժաննա Առստամյանի կարծիքով՝ նման հանդիպումները կարևոր են և հետաքրքիր: «Կարևոր են, քանի որ այսօր, լինելով մի տեսակ կղզիացած, ցանկացած ոլորտում փոխադարձ այցելություններն ու համագործակցություններն իրենց նպաստն են բերում: Յուրաքանչյուր մասնագետի համար հետաքրքիր են նեղ մասնագիտական շփումներն ու քննարկումները»: Ապրիլի 14-ին վերապատրաստող մասնագետներին ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգությանը և ազգային արժեքների պահպանմանն ուղղված մի շարք հարցեր։ Ա. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Արցախի կրթամշակութային ոլորտին ցուցաբերած աջակցության համար։ Երկօրյա ծրագրի շրջանակում՝ ապրիլի 15-ին մասնագետները կլինեն նաև Մարտունիում՝ տեղում ծանոթանալու թանգարանում պահվող նմուշների ու դրանց պահպանման խնդիրների հետ: