Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԻ ԳՈՐԾՆ Է

63579089.jpgՎերջերս Երևանում և Ստեփանակերտում անցկացվեց  ՙԼեռնահայաստանի պատմամշակութային ժառանգություն՚ միջազգային խորհրդաժողովը՝ նվիրված  հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի ներկա սահմաններից դուրս գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանման հիմնախնդրին։ 
Խորհրդաժողովի մեծաթիվ մասնակիցների շարքում էր նաև փիլիսոփայական գիտությունների թեկնածու, հայագետ Իրինա ԳԱՅՈՒԿԸ, որը հանդես էր եկել ՙՈւկրաինայում հայկական սփյուռքի մշակութային ժառանգություն. ուսումնասիրության  և պահպանման  հրատապ խնդիրներ՚ զեկուցմամբ։ Այն մեծ հետաքրքրություն առաջ բերեց։ Ահա թե ինչու, նախքան զեկուցման հեղինակի հետ հարցազրույցը ներկայացնելը, կուզենայինք ընթերցողին ծանոթացնել նրա որոշ դրույթներին։
պանման հիմնախնդիրը, ըստ Ի. Գայուկի, կարելի  է բաժանել  երկու մեծ հարցի. անշարժ և շարժական հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ 
Հայկական մշակութային անշարժ ժառանգությունը  կրոնական  և աշխարհիկ շենքերն են, եկեղեցիները, վանքերը, ժամատները, գերեզմանոցները, աղբյուրները (ջրհորներ,  ջրատարներ, ցայտաղբյուրներ),  դպրոցներ ու ապաստարաններ, թանգարաններ, բնակելի շենքեր և հայ ճարտարապետների նախագծերը։ Եկեղեցական շինությունների նկատմամբ  համակարգված համալիր աշխատանքը  մասամբ կատարված է։ Խոսքը  Յացեկ Խժոնչևսկու ՙԼեհահայերի եկեղեցիները՚ (հայկական եկեղեցիները նախկին Ռեչ Պոսպոլիտայի տարածքում, որոնք այսօր, բացի Զամոստ քաղաքից (Լեհաստան),  գտնվում են Ուկրաինայի տարածքում) քարտագրացուցակի մասին է։ Ուկրաինայում  հայկական եկեղեցիների վիճակի հակիրճ լուսաբանումը թույլ  է տալիս եզրակացնելու, որ դրանց մեծ մասը չի պատկանում հայ համայնքներին՝ վերջիններիս բացակայության կամ փոքրաթիվ լինելու պատճառով, մի մասն էլ հանձնված է մյուս՝ ուղղափառ կամ հռոմեակաթոլիկ կրոնադավանանքների հետևորդների օգտագործմանը։
Ի. Գայուկը մատնանշում է Ուկրաինայում հայ եկեղեցական կառույցների նման  ողբալի վիճակի երկու պատճառները.անգամ նվազագույն վերականգնման և կոնսերվացման համար միջոցների բացակայություն, իսկ հայկական եկեղեցիներն այլ կրոնական դավանանքներին փոխանցման դեպքում վերանորոգման ժամանակ եկեղեցու ինտերիերի բնօրինակի պահպանման, ինչպես նաև պատմական ինտերիերի փոփոխման արգելման հարցը երբեք չի դրվում։ Բացի այդ, նաև պատմական տեղեկանքով ցուցանակի, որը կհաստատեր հայկական մշակույթի եկեղեցուն պատկանելը, պարտադիր լինելու հարցը չի առաջադրվում։ Դրա  ցայտուն օրինակն Ուկրաինայում հնագույն հայկական  եկեղեցիներից մեկի՝ 1348թ. կառուցված  Թեոդոսիայի Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարն է։ Գիտնականներն այն դասում են հայկական ճարտարապետության դասական նմուշների շարքը։ Ավելին, Ա. Յակոբսոնը գտնում էր, որ տաճարը կարող էին կառուցել միայն  Հայաստանից վերաբնակները։ Սակայն ներկայումս եկեղեցին փոխանցված է  Մոսկվայի  պատրիարքարանի՝ Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն և օծված է որպես Աստվածամոր Իվերական սրբապատկերի եկեղեցի։ Այն, որ լքված  տաճարը փոխանցված է  եկեղեցական համայնքի օգտագործմանը, լավ է, գտնում է գիտնականը, սակայն  խնդիրն այլ է. որ այն հայկական հնագույն ու ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկն է, գիտեն միայն մասնագետները։ Պատմական տեղեկանքով որևէ ցուցանակ եկեղեցու պատերին չկա, ու որպես արդյունք՝ այն համարվում է բյուզանդական՝ ՙհայկական եկեղեցիներին բնորոշ  ճարտարապետական դիմագծով՚, չնայած և՜ եկեղեցու ներսում, և՜ դրսում հայկական  գրություններով քարերը դեռևս պահպանվում են։  Երկրորդ նման օրինակը հայկական եկեղեցին է Մելիտոպոլում։  Ինչ վերաբերում է աշխարհիկ  ճարտարապետությանը, ապա հայկական մշակութային  ժառանգության այդ հատվածի ուսումնասիրություն գործնականում չի տարվում։ Գլխավոր պատճառներից մեկը  գիտական ուսումնասիրությունների չհամակարգված լինելն է։  Ահա թե ինչու, ասենք, հայկական գերեզմանոցների  առանձին թաղումների ուսումնասիրությանը,  համակարգմանը, քարտացուցակագրմանը և թվայնացմանը  Ի.  Գայուկը  հատուկ նշանակություն է տալիս։  Նրա համոզմամբ՝ նման աշխատանքը  արժեքավոր նյութ  կտա Ուկրաինայի հայկական   տոհմածառերի, տարբեր շրջանների հայերի փոխադարձ կապի  ուսումնասիրության համար, թույլ կտա  հետևել տարբեր փուլերում հայերի տեղաշարժմանը՝ չխոսելով արդեն տեղական հայկական համայնքների պատմության ուսումնասիրման համար կարևոր  նյութ ստանալու  մասին։ 
Այնուհետև պատմաբանը կանգ առավ արխիվների և ակադեմիական գիտական գրադարանների նպատակային քարտացուցակագրման, մասնավորապես, Ուկրանիայի սահմաններից դոււրս բերած հայկական մշակույթին պատկանող հսկայական նյութերի՝ փաստաթղթերի և իրերի ուսումնասիրման, համակարգման և քարտագրացուցակագրման բացակայության վրա։ Նմուշների մի հատվածի վերաբերյալ  պահպանվել է տեղեկատվություն այն մասին, թե որտեղ և ում կողմից են դրանք տարվել և որտեղ են գտնվում այսօր։ Շատերը, հատկապես եկեղեցական պարագաները, գրքերն ու արխիվային նյութերը  20-րդ դարի 40-ական թվականներին Լեհաստան են տարել հայերը։ Ղրիմից ավելի քան 200 հայկական ձեռագիր գրքեր, Բերեժանիի հայկական ծխական համայնքի գրքերը գտնվում են Մատենադարանում։ 45 հնագույն հայկական մագաղաթե և 54  տպագիր գրքեր  Կամենեց-Պոդոլսկ  քաղաքի Սբ. Նիկոլայ  հայկական տաճարից   դեռևս 1891թ. տարվել են Ռուսաստան և հանձնվել Սանկտ Պետերբուրգի Հանրային գրադարանին (նրանց նկարագրումն արել է Ն. Մառը)։ Ըստ  Ս. Քոլանջյանի՝ Ղրիմից և  Արևմտյան Ուկրաինայից  հայկական  ձեռագրերի մի մասը գտնվում է Ռումինիայի Գերլա քաղաքում  (որը հիմնադրվել է 1700թ. հայերի կողմից  ) և  այսօր պահպանվում է  մարզային թանգարանի հայկական դահլիճում։ 
1932թ.  Լվովում կազմակերպվել էր հայկական  մշակութային նվաճումների՝  Եվրոպայում առաջին  ցուցահանդեսը՝ հետևյալ թեմաներով. եկեղեցական հուշարձաններ (եկեղեցական պարագաներ և  կտորեղեն),  սրբապատկերներ, կրոնական գեղանկարչություն և պատմական դիմանկարներ, նկարազարդ  ձեռագրեր և փաստաթղթեր, հայերը  գրավոր աղբյուրներում և լեհական գիտական մտքի մեջ,  նկարներ, փորագրություններ, լուսանկարներ։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն և նկատելի արձագանք էր ունեցել ամբողջ  Եվրոպայում։ Դրա հիման վրա  ձևավորվել էր Հայկական թանգարանը, չնայած պաշտոնական  պետական կարգավիճակ չհասցրեց ստանալ։ 1932 թ.  հրատարակվել էր  ցուցահանդեսի քարտագրացուցակը՝ նկարագրումներով, չնչին  քանակությամբ լուսանկարներով, ինչի շնորհիվ նույնպես հաջողվել էր նույնականացնել մի շարք նմուշներ։
Երկրորդ համաշխարհային  պատերազմից հետո հայկական թանգարանը լուծարեցին, իսկ ցուցադրանմուշները հիմնականում հանձնվեցին Լվովի պատմական թանգարանին։ Նման եզրահանգումներ կարելի է անել Լվովի  թանգարանների  նմուշների ուսումնասիրության  հիման վրա, քանի որ  հայկական թանգարանից  նմուշների տեղափոխման մասին որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել։ 
Բացակայում են նաև Ուկրաինայի հայերի աշխարհիկ ճարտարապետության համալիր ուսումնասիրությունն ու քարտացուցակագրումը, իսկ դա հարուստ մշակութային ժառանգություն է. հայկական բնակելի տներ, պալատներ, առևտրի շենքեր, բաղնիքներ, ջրհորներ, դպրոցներ։  
Ի. Գայուկը  ցավով նշեց, որ  հայկական մշակութային հուշարձանների գտնվելը թանգարանային հավաքածուներում բոլորովին չի երաշախավորում դրանց բավարար պահպանումը, հատկապես որ  ցուցադրանմուշների գրեթե 90 տոկոսը  գտնվում է թանգարանների պահեստներում։ 
Կամենեց-Պոդոլսկի Աստվածամոր հրաշակերտ սրբապատկերը հայտնաբերվել է Բոգդան և Վարվառա Խանենկոների անվան թանգարանում։ Գիտական ուսումնասիրությունը թույլ տվեց գտնել և նույնականացնել այն, իսկ Ուկրաինայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների համառությունն ու փութաջան գործողությունները թանգարանի աշխատակիցներին ստիպեցին սրբապատկերի համար պատվիրել հատուկ՝ ապակեծածկ պատյան, որում այն 2012թ. հունիսի 27-ին ներկայացվեց թանգարանի ցուցադրանմուշներում՝ համընդհանուր դիտման։ Սակայն այլ կարգի օրինակները, երբ վերականգնողների ոչ պրոֆեսիոնալիզմը հանգեցնում է հայկական մշակույթի հազվագյուտ հուշարձանների ոչնչացմանը, ավելի շատ են, ասում է Ի.Հայուկը՝ օրինակ բերելով 16-րդ դարի հայ Աստվածամոր սրբապատկերը, որը պատկանում է Լվովի հայ գեղանկարչության պատրիարք  Պավել Բոգուշի կամ նրա որդիներից մեկի վրձնին։
Այսպիսով, ամփոփում է Ի.Գայուկը, Ուկրաինայի հայկական մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրը կրում է համալիր բնույթ, և դրա լուծումը կախված է,  նախևառաջ, հայկական մշակույթի բնագավառի մասնագետների, պետության, Ուկրաինայի հայ հասարակայնության ակտիվ ներկայացուցիչների գործողությունների համակարգվածությունից, ինչպես նաև նշված հիմնախնդրի լուծման գործում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից։ 
Ընթերցողներին ներկայացնում ենք մեր հարցազրույցը գիտնականի հետ։
- Տիկին Գայուկ, Ձեր խոսքերով, Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև հարևան երկրներում առկա է հայկական մշակութային ժառանգության բավական զգալի հետքը, չնայած նրա պատկանելությունը դժվար կամ անհնար է վերականգնել։ Ինչո՞ւմ է խնդիրը. ո՞վ և ի՞նչն է խանգարում։
- Առաջին խնդիրն ահա թե ինչում է։ Եթե մենք խոսում ենք տեսանելի, այսինքն՝  ճարտարապետական ժառանգության մասին, ապա դա շատ մեծ է ու բազմաբնույթ. բազմաթիվ եկեղեցիներ, հասարակական շենքեր, ջրհորներ, որոնք, ի դեպ, հայերի համար խիստ բնորոշ շինություններ են։ Հայերն ամենուր կառուցել են ջրհորներ, ջրատարներ՝ բնակության նոր վայրն ապահովելով ջրով։ Հատկապես միջին դարերում։ Իսկ Կիևում նման կառույցների շինարարությունը սկսվել է դեռ 11-րդ դարից, պարզապես դրանք չեն պահպանվել։ Ղրիմում շատ հայեր կային. միջնադարում այն անվանում էին Մերձծովյան Հայաստան։ Ըստ տարբեր գնահատականների` միայն Թեոդոսիայում գոյություն ունեին 24-45 հայկական եկեղեցիներ։ 15-րդ դարում Թեոդոսիայի բնակչության երկու երրորդը հայեր էին։ Այդպես էր և մյուս քաղաքներում։ Բայց քանի որ այդ ամենը եղել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, որից հետո Արևմտյան Ուկրաինան անցել է Լեհաստանին, իսկ 1939-ից հետո նաև` Արևելյանը՝ Խորհրդային Միությանը, հայկական հնագույն տոհմերի թիվը, որոնք դարեր ի վեր ապրում էին այդ վայրերում, խիստ նվազեց։ Դա ինտելեկտուալ մշակութային վերնախավ էր, որը շատ բան էր արել ի բարօրություն այն երկրների, որտեղ ապրում էր։ Դրանց մի մասը պահպանվել է մեր օրերում. Անտոնովիչներ, Բարոնչներ, Այվազյան-Այվազովսկիներ, Քշիշտոֆովիչներ, Մուրադովիչներ և հայտնի այլ տոհմեր։ 
Տեղյակ լինելով հայոց պատմությանը՝ կարելի է գտնել հայկական մշակույթի նշաններ, հետքեր։ Սակայն նրանք, ովքեր չգիտեն այդ պատմությունը, ասում են, որ մեզ մոտ հայկական ոչինչ չկա։ Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինայում չկա մի թանգարան, որտեղ  գտած չլինենք առնվազն մի քանի նմուշներ, որոնք վերաբերում են հայկական մշակույթին։
Բայց կան սուր խնդիրներ։ Ուկրաինան` որպես ամբողջական պետություն, գոյություն ունի 90-ական թվականներից, իսկ մինչ այդ եղել է Խորհրդային Միության կազմում, ավելի վաղ՝ Ռեչ Պոսպոլիտայի, ավելի ուշ՝ Ավստրո-Հունգարիայի մի մասն էր։ Այս ամենը թողել է իր հետքը, այդ թվում` Ուկրաինայում հայկական բնակավայրերի զարգացման վրա։  Լվովում ապրող հայերը նշանակալի հետք են թողել։ Ճիշտ է, այնտեղ  ապրում էին նաև գերմանացիներ, լեհեր, այլ ազգություններ, սակայն քաղաքի մշակութային ժառանգության վրա ամենանշանակալից հետքը հենց հայկականն է։ 
- Սակայն վերադառնանք զրույցի սկզբին։ Ի՞նչն է խանգարում Ուկրաինայում հայկական  մշակութային ժառանգության նույնականացմանը։
- Նախ, ժամանակակից` ինչպես հայերի, այնպես էլ ուկրաինացիների մշակութային զարգացման ընդհանուր մակարդակը։ Դիմենք մեզանից մեծ հեռավորության վրա գտնվող Ճապոնիային։ Այնտեղ մեծ հեղինակություն է իմանալ սեփական ժողովրդի պատմությունը, մշակույթը։ Այնտեղ մանկուց սեր են ներարկում հայրենիքի նկատմամբ, սեր՝ իրական, այլ ոչ թե խոսքով։ Իսկ մեզ մոտ, որքան էլ դա ցավալի է արձանագրել, բնորոշ է պատմության չիմացությունը, անտարբերությունը մշակութային ժառանգության հանդեպ։ Ցավոք, այսօր Ուկրաինայում, Ռուսաստանում ապրող հայերը մեծ մասամբ չգիտեն իրենց պատմությունը, մշակույթը։ Իսկ եթե չկան պատմական հիշողության կրողներ, ուրեմն չկա և ինքը` պատմությունը։ Երկրորդ. ամենուր տնտեսական ճգնաժամ է, որից տուժում են առաջին հերթին կրթությունը, մշակույթը և գիտությունը։ Եվ երրորդ. ցավոք, բացակայում է  վերաբերմունքը Հայաստանի կողմից։ Չկա պատշաճ ուշադրություն, այդ, անկեղծ ասենք, շատ սուր և լայնամասշտաբ խնդրի հանդեպ։ Բայց չէ՞ որ դա մշակութային մեծ շերտ է։ Մի խոսքով, առանց պետության կողմից այդ հիմնախնդրի կարևորության գիտակցման շատ դժվար կլինի լրացնել այդ բացը սփյուռքում։ Դե, իսկ ամեն դեպքում, դա կախված է հենց սփյուռքի հայերից։  
- Ձեր արմատական աշխատանքը հարգանք, հիացմունք է ներշնչում։ Ինչպե՞ս է ծագել այդ թեմայով թեզ գրելու գաղափարը։
- Անկեղծ ասած՝ ընդհանրապես, չեմ մտածել հայագիտությամբ զբաղվելու մասին։ Ես բանասեր եմ, զբաղվել եմ գիտական գրականության խմբագրմամբ, աշխատել Ուկրաինայի ԳԱԱ Կրոնի ինստիտուտում։ Մեր նախկին տնօրենը սիրահարված էր Հայաստանին։ ՙՄեզ մոտ կա կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների պատմությունը։ Ինչո՞ւ մեզ մոտ չկա հայ եկեղեցու պատմությունը։ Գուցե դու վերցնես այդ թեման՚,-մի առիթով ասել էր ինձ։ Ես համաձայնել եմ։ Նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչ լայնարձակ ու բարդ թեմա է։ Ապրում եմ Լվովում, բայց չէի պատկերացնում, թե իմ շրջապատում հայկականը ինչքան շատ է, չէի պատկերացնում,  թե լվովահայությունը մշակութային ինչ մեծ հետք է թողել քաղաքի վրա։ Դա ինձ համար գյուտ էր։ Սկզբում աշխատում էի եկեղեցիների գծով և թեզ պաշտպանել եմ այդ թեմայով։ Հետո, քանի որ թանգարանի աշխատակից եմ, շարունակեցի աշխատանքս, և արդյունքում դա վերաճեց ՙՈւկրաինայի հայկական մշակութային հանրագիտարանի՚։ 
Անկեղծ ասած, մտքովս չէր անցնում, թե դա այդքան բարդ ու ծանր աշխատանք կլինի։ Երկու տարի ուսումնասիրում էի թանգարանի ֆոնդերը։ Եվ երբ լիովին գիտակցեցի ամբողջ ծավալը՝ մշակել այդ նյութը ու դրա հիման վրա ստեղծել որոշակի պատկեր, ահաբեկվեցի։ Եվ չնայած դա ծավալուն աշխատանք էր, ինձ հսկայական բավականություն բերեց։ Սակայն ես վերջնականորեն շունչ կքաշեմ միայն այն ժամանակ, երբ ՙՀանրագիտարան...՚-ը, իսկ դա հազար էջանոց տեքստով և 200 պատկերազարդ նկարներով, ընդհանուր ՝ 5,5 կգ քաշով, գիրք է, լույս կտեսնի երեք լեզվով։ Ինչպես հավանաբար կռահեցիք, նախագիծը ֆինանսավորում են հայերը, որոնք ինձ միշտ օգնել են և որոնց  ես խորապես երախտապարտ եմ։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ