[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ԱՐԾՎԻԿ»-ՆԵՐԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՈՒՅՍ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ

 

Այսօր` ապրիլի 21-ին, ավարտվեց Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների միջև «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մրցումների հանրապետական փուլը: Եռօրյա մրցումներում Ստեփանակերտը, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի շրջանները ներկայացնող ջոկերն իրենց ուժերն ու հմտություններն են փորձել շարային պատրաստություն, ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում, պահեստափուփի լիցքավորում, ֆիզպատրաստություն, հրաձգություն, նռնակի նետում, վազք, քաղպաշտպանության մրցաձևերում: 

1-ին պատվավոր տեղն զբաղեցրել է Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ/հոսքային դպրոցի ջոկը, 2-րդ տեղը` Մարտակերտի շրջանի Վանքի միջնակարգ դպրոցի, 3-րդ տեղը` Ասկերանի միջնակարգ դպրոցի ջոկերը:
Մրցանակային տեղեր գրաված ջոկերի անդամները և մարզիչները պարգևատրվեցին ԱՀ ԿԳՄՍՆ պատվոգրերով, դրամական պարգևներով, արժեքավոր նվերներով: Պարգևատրումներ եղան նաև ԱՀ ՊՆ, ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի ազատամարտիկների միության, «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի կողմից:
Պարգևատրվեցին նաև անհատական հաշվարկով մրցանակային տեղեր գրաված մասնակիցները:
Բոլոր մրցաձևերի ընդհանուր արդյունքներով առաջին տեղն զբաղեցրել է Սվետլանա Մովսիսյանը /Ստեփանակերտի հ. 8 դպրոց/: Ի դեպ, նա Ասկերանի շրջանի օկուպացված Մադաթաշեն գյուղից է: Մեզ հետ զրույցում ասաց, որ նախասիրությունը մարքեթինգն է, բայց սիրում է նաև ռազմական գործը, զբաղվում է կարատեով. «Դա բոլորին է պետք: Ուժեղ և պատրաստված պետք է լինեն նաև աղջիկները: Մենք հանձնվելու իրավունք չունենք»: Նույն դպրոցից 2-րդ տեղը գրաված Անգելինա Տոնյանը օկուպացված Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից է: Նա էլ որոշել է ուսումը շարունակել ռազմական ուղղությամբ:
Ինչպես տեղեկացանք, 1-ին տեղն զբաղեցրած Ստեփանակերտի հ. 8 դպրոցի ջոկի անդամների կեսը թշնամու կողմից բռնազավթված բնակավայրերից տեղահանվածներ են:
Հրաձգություն մրցումներում հաղթող է ճանաչվել Խ. Աբովյանի անվան դպրոցի աշակերտ Մոնթե Ղարախանյանը, որը Քարին տակ գյուղից է: Նա մի քանի ամիս առաջ օդամղիչ հրացանից հրաձգության մրցումներում նույնպես 1-ին տեղն է գրավել:
Լավագույն ջոկի հրամանատար ճանաչված և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում և պահեստատուփի լիցքավորում մրցաձևում հաղթած` հ. 8 դպրոցը ներկայացնող Մովսես Հովսեփյանը Հադրութից է, որոշել է ուսումը շարունակել ռազմական գծով:
Ֆիզիկական պատրաստություն մրցաձևում հաղթել է Շուշիի Խ. Աբովանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Մարատ Իսրայելյանը:
44-օրյա պատերազմը նոր սերնդի մեջ ուժեղանալու և հաղթելու մեծ ձգտում է առաջացրել:
Հավատանք ապագային:



Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի