Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Ամփոփվել են «Իմ հերոսը» թեմայով էսսեների և Չարենցին նվիրված ասմունքի մրցույթների արդյունքները

 

Այսօր՝ ապրիլի 23-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանում ամփոփվեցին 44-օրյա պատերազմում հերոսացած քաջորդիներին նվիրված «Իմ հերոսը» թեմայով էսսեների և բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մրցույթների արդյունքները: Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նշեց, որ նման միջոցառումներն ավելի են ամրացնում բուհ-դպրոց կապը և խթանում, որպեսզի աշակերտներն ու ուսանողները բացահայտեն իրենց ներուժը։ Պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ էսսեների մրցույթի մասնակիցները 15-ն էին։ «Ասմունքի մրցույթին մասնակցել է 19 աշակերտ։ Յուրաքանչյուրը կարողացավ յուրովի ներկայացնել։ Ոգևորիչ էր տղաների մասնակցության փաստը»,-ասաց Ա․ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները ասմունքի մրցույթին ներկայացվել են եռալեզու։ Մեզ հետ զրույցում ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, մրցութային հանձնաժողովի անդամ Զարինե Սառաջյանը կարևորեց ներկայում նման միջոցառումների կազմակերպումը: «Միջոցառումը վկայում է, որ Արցախն ապրում է նաև Չարենցով ու նրա ստեղծագործություններով»,-ասաց Զ․ Սառաջյանը՝ հատկանշելով, որ ասմունքի մրցույթին մասնակիցներ են ընդգրկվել հանրապետության տարբեր շրջաններից: Մրցույթների ամփոփման արդյունքներով ՝ քառասունչորսօրյա պատերազմում հերոսացած քաջորդիներին նվիրված էսսեների առաջին եռյակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սցենարադրամատուրգիական արվեստ» բաժնի ուսանող Վովա Արզումանյանի, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսանողուհի Սառա Մարգարյանի և Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արինա Գրիգորյանի ստեղծագործություններն են: Ասմունքից մրցանակային տեղեր են գրավել Ստեփանակերտի հ. 7 և հ. 8 դպրոցների աշակերտները՝ Արսեն Պետրոսյան /առաջին /, Մարիամ Տոնյան/ երկրորդ / և Սոֆի Հովսեփյան /երրորդ/: ՄՄՀ ռեկտորի հատուկ մրցանակին է արժանացել հինգ մասնակից: Մրցույթների մասնակիցները պարգևատրվել են արժեքավոր նվերներով ու պատվոգրերով։

Աննա Ալեքսանյան