Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություն՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանում
Այսօր՝ ապրիլի 23-ին, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպել: Բացման խոսքում թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նշեց, որ ամեն տարի կազմակերպում են Ցեղասպանության հերթական տարելիցին ու նահատակների հիշատակին նվիրված միջոցառում՝ տարբեր խորագրերով ու ձևաչափով: Այս անգամ ցուցադրությունն ուղեկցվել է ելույթներով: Սրահում ցուցադրված էին թանգարանի պահոցներում առկա լուսանկարներ ու փաստաթղթեր, Եղեռնի թեմայով աշխատություններ ու գրքեր, Դեր Զորից բերված նահատակների մասունքներ: Լուսանկարների միջոցով կազմակերպիչները փորձել էին ներկայացնել երկու իրականություն՝ կյանքն Արևմտյան Հայաստանում մինչ Եղեռնը և արդեն Ցեղասպանությունից դրվագներ: Ի դեպ, լուսանկարները ժամանակին արվել են Օսմանյան կայսրության բանակում ծառայած ազգությամբ գերմանացի զինվորականների կողմից, որոնք վտանգելով իրենց կյանքը՝ ֆիքսել են հայերի հանդեպ իրականացվող անմարդկային դաժանությունները՝ հնարավորության դեպքում դրանք հրապարակելու հույսով: «1911 թվականի Սալոնիկի գագաթնաժողովում թուրքերը պանթյուրքիզմի հստակ ծրագիր առաջ քաշեցին, որը պետք է իրականացվեր 3 փուլով՝ թյուրքիզմ, օղուզականություն և Մեծ Թուրան: Հայոց Ցեղասպանությունն այդ ծրագրի իրականացման առաջին քայլն էր: Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել: Հայերին բնաջնջելու, հայրենազրկելու քաղաքականությանը զուգահեռ Թուրքիան իրականացրել է նաև մշակութային ցեղասպանություն, ինչը շարունակվում է նաև այսօր»,- ընդգծեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: «Բայց մենք պետք է կարողանանք ոգեկոչումը վերածել պայքարի՝ պայքար յուրաքանչյուր բնագավառում՝ դիվանագիտության, տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում: Մեզնից յուրաքանչյուրն իր բաժին պայքարն ունի, բայց, դրանով հանդերձ, միասնաբար պետք է գործել՝ հաջողելու հույսով ու հավատով»: Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի գիտաշխատող Արփինե Իշխանյանի խոսքով՝ կարող ենք աշխարհին պարտադրել ճանաչել մեզ հետ կատարվածը և հաշվի նստել մեզ հետ, եթե ստեղծենք հզոր պետություն, եթե լինենք միասնական ու վճռական: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող Արմեն Բաբայանն իր ելույթում անդրադարձավ Ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին: Մեծ Թաղերի Ա. Խանփերյանցի անվան թանգարանի տնօրեն Արծվիկ Լալայանի ելույթն էլ «Մշակութային ջարդը և ինքնապաշտպանական մարտերը Արևմտյան Հայաստանում» թեմայով էր: