ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐՈՎ

 

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: Օրվա առթիվ ԱՀ ԿԳՄՍՆ նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի հ. 2 դպրոցի բակում կազմակերպվեց «Ազգային երգն ու պարը` մեր ինքնության հիմնաքար» խորագրով երաժշտական փառատոն, որին մասնակցեցին Ստեփանակերտի հանրակրթական մի շարք կրթօջախների, Ասկերանի, Մարտակերտի շրջանից` Հաթերքի, Մարտունու շրջանից` Սոսի և Հադրութի ու Շուշիի միջնակարգ դպրոցների աշակերտները: Արցախցի երեխաներն ազգային պարերի կատարմամբ միանում են միջազգային կազմակերպությունների, տվյալ դեպքում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմանը` դառնալով պարի հիասքանչ աշխարհի մի մասնիկը մեր ազգային մշակույթով, անկախ այն բանից, որ այդ կազմակերպությունները լուռ մնացին, երբ բիրտ թշնամու կողմից 44-օրյա պատերազմում կոխկրտվում էին իրենց իրավունքները: Ազգային երգ ու պարի հզոր ոգին միասնաբար ցուցադրելով՝ ձեռք -ձեռքի, ուս-ուսի տված պարում էին երեխաները` որպես յուրօրինակ ուղերձ, որ հենց իրենց սերունդն է ամոքելու վիրավոր Արցախի վերքերը՝ միասնականությամբ, մեր ազգայինը պահպանելով` հաստատելով ապրելու ու հարատևելու կամքը քոչարու զարկերի տակ: «Այսօր դուք ապացուցեցիք, որ ունեք մարտական ոգի: Այդ ոգին մեզ էլ փոխանցեցիք, ինչի համար շնորհակալ ենք»,- շնորհավորելով երեխաներին ու ներկաներին` Պարի միջազգային օրվա առթիվ ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը: Մասնակից դպրոցները նախարարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ