ՃԵՊԸՆԹԱՑ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՎ /ինքնաբացահայտման ճանապարհով/
Ճեպընթաց-ի իմ ուղեկիցը բանաստեղծ, դրամատուրգ, բ.գ.դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն է
- Եկա։
- Գեղեցիկ, սլացիկ, նրբագեղ... Ես գիտեմ՝ լինում է ոչ քիչ, երբ գալիս են, բայց չեն գալիս... Դու չէիր գալիս՝ եկար... ճամփան դժվարին էր, դու հաղթեցիր յոթգլխանի դևին ու հասար... «Եկա» բառի մեջ հեքիաթ կա, ուր Շահրեզադեի պատասխանին դեռ սպասում է Սևակը. «Ո՞ւր է գիշերը հազարմեկերորդ»...
-Մանկութ օրերս։
- Առանց քնի, արթմնի երազի մեջ եմ ընկնում... Դրանք այն պահերն են, որ միշտ ներկա են։ Առաջին անգամ հանդիպում եմ իմ ես-ին ու անվանը՝ մորս տունկանչում՝ Սլավի՛կ, հորս ժպիտի մեջ, երբ նա կարդում է անդրանիկ բանաստեղծությունս, մեր աղբյուրների ու քարերի գորովալից կարկաչում... Հետո իմ ես-ը փոխանցում եմ այն աշխարհին, որ ինձնից հետո պիտի ծնվեր՝ զառունց ՙպլոթունը՚ ներառած իմ տողերի մեջ։
-Իմ մեղեդին։
- Երբ գրիչը ձեռքս եմ առնում, իր Աջը ինձ մեկնում է Աստված, և նրա ափից լույս է ճառագում։ Իմ մեղեդին է։
-Լույսը պակասում է։
- Լույսի պակասը... Սիրո բացակայություն է։
- Կրկնակի լույսը։
- Լույսը կրկնակի է դառնում, ծավալվում է անասելի, երբ Ուիթմեն, Իսահակյան, Տերյան, Չարենց, Փաունդ կամ Բակունց եմ կարդում, երբ Սահյանին, Սարինյանին, Հովհաննես Գրիգորյանին, Արքմենիկին հանդիպում եմ Երևանի փողոցներում... Սիրում եմ լույսի կրկնակին ու բազմակին
-Օրը կհեռանա։
- Մաշտոցը հայոց գրերը Սահակ Պարթեւին ու Վռամշապուհ Արքային հանձնեց Ռահ գետի ափին՝ որպես հայկյան ոգու հավերժացում։ Այդ ոսկեղենիկ պահն ինչպե՞ս կհեռանա... Դրանից հետո օրերը միայն գալիս են։ Եվ ազգովի, բոլորս միասին, մինչև հիմա սպասում ենք այն բանաստեղծության ծննդին, որի համար ստեղծվել են մաշտոցյան տառերը... Հենց գրվեց այդ քերթվածը ՝ օրը այլևս չի գնա։
- Անգամ եթե տաղանդավոր ես։
- Տաղանդը կործանում է մարդուն։ Այն ճակատի նշան է, որն անզուգական թիրախ է՛ ուղիղ ու անվրեպ կրակել սովորողների համար...
- Իմաստություն գտա։
- Չգտա, Անի, բոլորը երեսիս վրա դռները փակեցին՝ մի հոգուց բացի... Նա էլ, աշխարհի մեծագույն գիտուններից էր, տրտնջաց՝ ամբողջ կյանքում փնտրում եմ, չեմ հանդիպել, թե դու գտնես՝ ինձ էլ ասա...
- Սպասումը։
- Սպասումն առաձգական է, ձգվում է ժամանակը, բայց որքան էլ ուշանա, մեկ է գարին մի օր դառնալու է ընկույզի չափ և Մհերը դուրս է գալու քարայրից։
- Եթե չկորցրիր։
- Եթե չկորցրիր, ուրեմն չգտար, ուրեմն՝ քոնը չէր։
-Աստղերի դուռը։
- Աստղերի դուռը... Ամեն գիշեր բացվում-փակվում է հանճարեղ երազողների առաջ... Ասում են՝ Առյուծի համաստեղության մեջ, աստղի վրա է Շիրազը գրել իր «Բիբլիականը»...
-Սպասված կանգառը։
-Մեր շենը։ Արցախի Հանրապետության Հադրութի շրջան, գյուղ՝ Արփագետուկ։
Անի Մանգասարյան