ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԻՆՏԵԳՐՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Քառօրյա աշխատանքային այցով օրերս Արցախում էին Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը։ Բյուրականի աստղադիտարանի և Հայկական աստղագիտական ընկերության կողմից անցկացվող «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ.-ի ծրագրի շրջանակներում նրանք դասախոսություններով հանդես եկան Արցախի մի շարք դպրոցներում։
Արեգ Միքայելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), EAS ենթատարածաշրջանային կոմիտեին (SREAC), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին (IVOA) և միջազգային մի շարք այլ ընկերությունների:
Արեգ Միքայելյանն արժանացել է Եվրասիական աստղագիտական ընկերության, Հայկական ֆիզիկոսների ընկերության, Էլեկտրոնային գիտության մրցանակների:
Ստորև ներկայացվող նրա հետ հարցազրույցը վերոնշյալ ծրագրի և աստղագիտության գաղտնիքների մասին է։
-Պարոն Միքայելյան, Բյուրականի աստղադիտարանի մասնագետների Արցախ կատարվող այցերը գնալով հաճախակի են դառնում։ Կարո՞ղ ենք ասել, որ աստղագիտությունը կարճ ժամանակամիջոցում մուտք կգործի նաև մեր երկիր։
- Արդեն ութ տարի է՝ Բյուրականի աստղադիտարանը աստղագիտության վերաբերյալ ծրագիր է իրականացնում Հայաստանի և Արցախի դպրոցներում։ Մեր առաջատար և արհեստավարժ մասնագետներն այցելում են կրթօջախներ, զրույցներ են վարում, երեխաներին հանրամատչելի ձևով ներկայացնում են աստղագիտական տարբեր թեմաներ։ Ընդ որում, նախապատվությունը տալիս ենք սահմանամերձ գյուղերի դպրոցներին։ Այս ամենի նպատակը Արցախի շրջաններում ապրող տաղանդավոր երեխաներին բացահայտելն է, նրանց, ովքեր շատ դեպքերում անուշադրության են մատնված։ Մեր մասնագետները նաև կիսվում են ունեցած գիտելիքներով, զրույցին մասնակից դարձնելով նրանց օգնում, որ այդ երեխաներն աճեն, զարգանան՝ մոտ ապագայում գիտության բարձունքները նվաճելու համար։
Սա շարունակությունն է արդեն երկար տարիներ տևող նման համագործակցության։ Բացի այդ, նախորդ տարի Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, հիմնադրվել էր աստղագիտական լաբորատորիա, ինչն ավելի է նպաստել մեր կապը սերտացնելու առումով։ Առայժմ միայն մեկ աշխատող ունենք լաբորատորիայում, որն ավարտել է ԱրՊՀ ֆիզիկայի բաժինը և վերամասնագիտանում է՝ որպես աստղագետ։ Նրան մի քանի անգամ հրավիրել ենք Բյուրական, որտեղ հանդիպել է մեր առաջատար մասնագետների հետ։ Նպատակ ունենք հետագայում մի քանի երիտասարդներ ևս ընդգրկել այդ գործում։
Այս օրերին աստղագիտական դասախոսություններով հանդես ենք եկել Ասկերանի շրջանի՝ Պատարա գյուղի միջնակարգ, Մարտունու շրջանի՝ Ճարտար քաղաքի հ. 1, Մարտակերտի շրջանի՝ Ներքին Հոռաթաղ գյուղի և Մարտակերտ քաղաքի Վլ. Բալայանի անվան հ. 1 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան դպրոցում՝ Ստեփանակերտ տարհանված՝ Հադրութ քաղաքի միջնակարգ (հոսքային) և Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցների աշակերտների համար։ Ծրագիրը շատ հագեցած է, և մենք փորձում ենք այն հնարավորինս արդյունավետ օգտագործել։ Ես անչափ հիացած եմ արցախցի դպրոցականներով և իմ պարտքն եմ համարում ավելի հաճախ կազմակերպել տարբեր միջոցառումներ։
-Բյուրականի աստղադիտարանը, ինչպես նկատում ենք, նաև մեծ թվով կրթական և հանրային միջոցառումներ է անցկացնում։ Դրանցից հատկանշական են գիտաճամբարների կազմակերպումը. ի՞նչ տեղ է տրվում արցախցի դպրոցականներին այս ոլորտում։
- Ասեմ, որ անցյալ տարվա նախադեպը կա արդեն. գիտաճամբարի 30 դպրոցականից 9-ն արցախցի էին։ Դա մեծ տոկոս է, եթե համեմատենք Հայաստանի մարզերից մասնակցողների թվի հետ՝ մոտ տասնապատիկ անգամ տեղ ենք տվել արցախցիներին։ Բացի այդ, Վ. Համբարձումյանի թոռներից մեկը՝ Գալինա Պանինան, ում ամուսինը հայտնի մաթեմատիկոս Իվան Պանինն է (ապրում են Մոսկվայում), Բյուրականում մաթեմատիկական ճամբար կազմակերպեցին միայն արցախցի դպրոցականների համար։ Այս տարի այն կրկնվելու է՝ հունիսի 19-20-ը։
Բացի այդ, նպատակ ունենք Բյուրականի աստղադիտարանում այս տարի մեկ այլ առանձնահատուկ ճամբար էլ ստեղծել միայն Արցախի դպրոցականների համար՝ 25-30 հոգու ընդգրկմամբ։
- Պարոն Միքայելյան, Դուք երբեք դատարկաձեռն չեք գալիս Արցախ։ Ի՞նչ նվերներ եք բերել այս անգամ։
- Չեմ ուզում երևակայել, թե մենք մեծ նվերներ ենք բերում, բայց մեր հնարավորությունների սահմաններում պարտավոր ենք զգում ինչ-որ բան անել։ Ամեն անգամ այցի ավարտին, ավանդույթի համաձայն, աշակերտներին և դպրոցների գրադարաններին մեր կողմից տրամադրվում են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն: Փոքր աստղադիտակներ ենք բերել Գիտական կենտրոնի համար, մի քանիսն էլ բաժանեցինք դպրոցներին։ Հավելեմ, որ դասախոսությունների ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ։
Մեր նպատակն է, որպեսզի աստղագիտությունը՝ որպես գիտություն, մուտք գործի Արցախ։ Եթե ժամանակին աստղերին հետևում էր առավելապես մարդկային բանականությունը, այսօր արհեստական բանականությունն անցել է նաև աստղագիտության ոլորտ։ Աստղային երկնքին հետևում են նորագույն տեխնոլոգիաները։ Սակայն երբեք չպետք է մոռանալ, որ նրանք բոլորը մարդկային մտքի ու բանականության ծնունդ են, չմոռանանք, որ լավագույն տեխնոլոգիաներն առաջին հերթին միտքն ու տաղանդն են։ Արցախը պետք է մտնի միջազգային աստղագիտական հանրության մեջ։ Այսինքն՝ Արցախը պետք է այս ձևով ևս ճանաչելի դառնա աշխարհին։ Գիտության, մշակույթի միջոցով հանրությանն ինտեգրվելն ավելի հեշտ է։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ