[ARM]     [RUS]     [ENG]

Կորցրած գյուղի մշտարթուն հուշը. կայացավ «Կարմիրավան» գրքի շնորհանդեսը

 

Այսօր՝ մայիսի 3-ին, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի նախաձեռնությամբ, Արցախի ժուռնալիստների միության միջոցառումների սրահում կայացավ գրող, մանկավարժ Ալեքսանդր Հասրաթյանի «Կարմիրավան» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքում «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանը կարևորեց Ալ. Հասրաթյանի աշխատանքը՝ խոսելով գրքի բովանդակության և շնորհանդեսի հիմնական շարժառիթների մասին: «Կարմիրավան»-ը հակիրճ բովանդակությամբ տպագրվել է նաև «Կաճառ» տարեգրքում: Գիրքը ոչ միայն արտացոլում է Մարտակերտի շրջանի բռնազավթված Կարմիրավան գյուղի անցած ճանապարհը, այլ նաև արթուն է պահում հուշը բնակավայրի մասին և ուղերձ է գալիք սերունդներին, որ ոգեկոչում է պայքարի ու այն ազատագրելու: «Ա. Հասրաթյանը ոչ միայն գրում է, այլ նաև իր ապրած կյանքով, իր վարքով ապացուցում է, որ իրավունք ունի գրելու։ Գիրքն ապացույց է, որ հայրենասիրությունը գործ է, ոչ թե խոսք», -ասաց Մհեր Հարությունյանը ՝ նշելով, որ շնորհանդեսի նպատակը հեղինակի, նրա գրքի պատմական, գեղարվեստական, ճանաչողական արժեքի, իմաստավորման հետ մեկտեղ նաև բողոքի ճիչ է ալիևյան բռնազավթիչ գործողությունների դեմ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Սոկրատ Խանյանի խոսքով՝ յուրաքանչյուր ընտանիքի ու գյուղի պատմության էջադրում գալիս է լրացնելու ժողովրդի պատմությունը։ Ըստ գրականագետի՝ «Կարմիրավան» գրքով հեղինակ Ա. Հասրաթյանը զրուցում է ընթերցողի հետ։ Այն սփոփիչ նշանակություն ունի. ազատամարտիկ որդու կորստյան վիշտը հանուն նոր սերնդի հաղթահարած իմաստուն մարդու խոսք է։ Գիրքը կազմված է 2 հուշարձանից՝ «Կարմիրավանցիները» և «Զոհվածների հուշարձանը»։ Արցախյան առաջին պատերազմում Կարմիրավանն ունեցել է 22 զոհ, իսկ երրորդ պատերազմում զոհվել է 4 կարմիրավանցի։ Շնորհանդեսին ներկա էր նաև Ալեքսանդր Հասրաթյանի տիկինը: «1992թ. կորցրի որդուս՝ Իգոր Հասրաթյանին։ Կյանքն ինձ համար կանգ էր առել այնքան ժամանակ, միչև ծնվեց մեծ թոռս՝ Լևոնը։ Լևոնով ես վերագտա ինձ։ Գիրքը գրելու և հրապարակելու համար օգնել եմ ամուսնուս, որպեսզի չկորչի Կարմիրավանի պատմությունը։ Միակ պատգամը թոռներիս՝ իրենց երազանքը Կարմիրավանում տեսնեն»,-նշեց տիկին Լարիսան՝ հավելելով, որ թեև Կարմիրավանում չի ծնվել, սակայն ամենաերջանիկ օրերն այնտեղ են անցել։ Ալ. Հասրաթյանի գործունեությունը՝ որպես մանկավարժ և «Կարմիրավան» գրքի նշանակությունը բարձր գնահատեցին նաև Սիլվա Մինասյանը, Գեղամ Միքայելյանը, Արմինե Հայրապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ նման գրքերը դառնալու են մեր վերհառնումի գրավականը: Շնորհանդեսն ավարտվեց գինեձոնի արարողությամբ։

Նանիկ Աղասյան