[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՋԱՆՔԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԲԵՄՆԻ ԳԵՆԵՐԸ

 Մայիսի 3-ին Արցախի գիտական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին։ Այցի նպատակը, ինչպես ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը, Արցախի գիտական կառույցի «Նարինե+» կաթնամթերքի արտադրությանն անձամբ ծանոթանալն է և Կենտրոնի տնօրինության հետ արտադրանքի ծավալներն ու տեսականին ընդլայնելու վերաբերյալ քննարկում անցկացնելը։ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի ուղեկցությամբ ակադեմիկոս Սաղյանը նախ այցելեց «Նարինե+»-ի արտադրամաս, որտեղ այդ պահին կաթնամթերքի մի մեծ խմբաքանակ պատրաստ էր առաքման։ Կենտրոնի փոխտնօրեն Արև Իսրայելյանը, ում գիտահետազոտական աշխատանքի արդյունքում է նաև ստեղծվել բուժիչ կաթնամթերքը, ներկայացրեց Արցախում արտադրվող պրոդուկտի առավելություններն ու պատրաստման տեխնոլոգիայի որոշ առանձնահատկություններ։ Բարձր գնահատելով Արցախի գիտական կառույցի կատարած աշխատանքը՝ ՀՀ ԳԱԱ նախագահն ասաց. «Սա մի քանի տարվա գիտական հետազոտությունների արդյունք է, որն ապրանքայնացվել է։ Բնական հումքից անջատված կաթնաթթվային բակտերիալ շտամը, որի կիրառմամբ արտադրվում է «Նարինե+» պրոբիոտիկը, ես համարում եմ բավականին մեծ հաջողություն և առաջընթաց Արցախի գիտական կենտրոնի համար, որն առաջին անգամ տվել է արտադրանք: Սա դեռ սկիզբն է։ Հարկ է նշել, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում առ այսօր մեկ-երկու ինստիտուտների է հաջողվել գիտական հետազոտությունների արդյունքն ապրանքայնացնել և կիրառական դաշտ բերել»,-ասաց Աշոտ Սաղյանը։ Նրա խոսքով՝ մինչ տեղում նշված կաթնամթերքի թողարկումը, նպատակ ունեին Արցախ ներկրել Հայաստանում արտադրվող նույնանուն պրոբիոտիկը, բայց պահպանության ժամկետը թույլ չէր տալիս։ «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական միավորման մասնագետների աջակցությամբ հաջողվեց այն իրականացնել այստեղ։ «Այսօր մենք տնօրենի հետ քննարկել ենք նաև արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ հարցեր,- ասաց Աշոտ Սաղյանը։- Նպատակ ունենք 7-8 տեսակի կաթնամթերք արտադրել՝ տարբեր համային ավելացումներով։ Հիմնականում յոգուրտի համային հատկանիշներով, քանի որ երեխաներին դուր է գալիս այն։ Բացի այդ, այստեղ յոդիլիզացված «Նարինե»-ի փոշի ենք արտադրելու։ Արցախում ջրի որակի խնդիր կա, որը հաճախ է դիսբակտերիոզի և ստամոքս-աղիքային տրակտի տարբեր խանգարումների պատճառ դառնում։ Այս առումով «Նարինե»-ն ամենապիտանի, հույժ կարևոր պրոբիոտիկն է,քանզի կանոնավոր օգտագործման ժամանակ այն վերականգնում է աղիքային ամբողջ ուղու նորմալ միկրոֆլորան»։ Նախատեսվում է մոտ ապագայում «Նարինե+»-ի փոշին արտադրել նաև պատիճավորված տարբերակով, քանզի այդպես արտահանելն ավելի դյուրին է։ Նախատեսվում է նաև այստեղ արտադրել բուսական ծագման դեղապատրաստուկներ։ ՀՀ ԳԱԱ նախագահի կարծիքով՝ Արցախի սարերում այնպիսի էկզոտիկ բույսեր կան, որոնք հատուկ էքստրատներ են պարունակում։ Այս ուղղությունը ևս զարգացնել է պետք Արցախում և ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել գործընկերներին։ Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ նախագահը հանդիպել է  ԱՀ ԿԳՄՍ նախարարի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Ա. Սաղյանի խոսքով՝ Արցախի ղեկավարության կողմից կա լիարժեք պատրաստակամություն, կամք ու տրամադրվածություն՝ Արցախում զարգացնելու գիտությունը։ «Ակադեմիայի մեր գիտաշխատողներն ամեն անգամ Արցախ գալուց հիանում են այս լեռնաշխարհի բնությամբ և նոր լիցքերով վերադառնում, իսկ Արցախում էլ, բնականաբար,  ուրախանում են՝ տեսնելով Հայաստանից ժամանած գործընկերներին։ Պետք է այս ուղղվածությունը պահպանել և առաջ գնալ, համընդհանուր ջանքերով արթնացնել Արցախի գիտության երբեմնի գեները։ Հուսով ենք՝ միով բանիվ դա մեզ կհաջողվի»,- զրույցն ավարտեց Աշոտ Սաղյանը։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ