[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Արցախի պետական համալսարանում մեկնարկել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովը։

Գիտաժողովի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Իր խոսքում ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրեց տարբեր բուհերից հրավիրված հյուրերին ու երկօրյա գիտաժողովի բովանդակությունը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ակադեմիկոս, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակության ղեկավար, ԱրՊՀ  «Պատվավոր դոկտոր» Գագիկ Ղազինյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինե Մարությանը: 

Ներկաները կարեւորել են գիտաժողովը`մասնավորապես նշելով, որ այսօր Արցախն ավելի քան երբեւէ պետք է դառնա բոլորիս հանդիպման վայրը։

Ելույթ ունեցողներն ուսանողներին կոչ են արել արժանի շարունակողը լինել հանուն հայրենիքի զարկված իրենց ուսանող-ընկերների, քանզի նրանցից յուրաքանչյուրը նահատակվել է հանուն նրա, որ Արցախը լինի, հանուն նրա, որ մեր հայրենիքում գարունները բացվեն խաղաղ ու ստեղծարար։

Զեկույցով հանդես է եկել ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով համառոտ ներկայացրել է ԱրՊՀ գործունեությունը`մասնավորապես նշելով, որ ԱրՊՀ-ն ամբողջ ներուժով փորձում է իր շուրջը համախմբել կրթության, գիտության, մշակույթի այնպիսի գործիչների, ովքեր իրենց ներկայությամբ ու գործունեությամբ կնպաստեն Արցախի վաղվա օրվա բարեկեցությանը։

Հայ-ամերիկյան համալսարանի ուսանող Դավիթ Սերոբյանն իր զեկույցում  խոսել է Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականության մասին, որն ակտիվ կերպով վարում է Թուրքիան։ Զեկուցողը մանրակրկիտ անդրադարձ է կատարել խնդրի նրբություններին։

Մեզ հետ զրույցում  «Ուսանողական գիտական ընկերության» նախագահ Տաթևիկ Ղահրամանյանն ասաց. «Միջոցառումը տևելու է 2 օր, ուսանողական գիտաժողովին մասնակցում  են պատվիրակություններ ՀՀ տարբեր բուհերից»։

Նախատեսված է այս օրերի ընթացքում կազմակերպել մշակութային այցեր, հուշ-երեկոներ, քննարկումներ։

Գիտական և վերլուծական զեկույցներով հանդես կգան ինչպես ԱրՊՀ, այնպես էլ հրավիրված բանախոսներ։

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ