[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՔԱ՞Ն ԴԻՄՈՐԴ, Ո՞Ր ԲՈՒՀԵՐ ԵՎ Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ավարտվել է բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների հայտագրումը: Որ բուհում` ինչքան դիմորդ և ինչ մասնագիտություններով` պարզեցինք ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԻ հետ:

- Պարոն Քարամյան, թվական ի՞նչ տվյալներ կառանձնացնեիք:

- Այս տարի ունենք 968 շրջանավարտ, բուհերի համար հայտագրվել է 697 դիմորդ: Այդ թվում նաև քոլեջների և նախորդ տարիների շրջանավարտներ, զորացրված զինծառայողներ, պարտադիր զինվորական ծառայություն անցնողներ, որոնք ցանկություն ունեն ընդունվել ռազմական համալսարաններ:

Հայտագրված դիմորդներ ունենք և՛ Արցախի, և՛ ՀՀ բուհերի համար: Այս տարի ՀՀ բուհերի` նպատակային և ոչ նպատակային տեղերով հայտագրվածները կազմել են դիմորդների 36%-ը: Դա մտածելու տեղիք է տալիս: Նախորդ տարիներին 10-15 % էր:

Արցախի պետական համալսարանի համար հայտագրվել է 355 դիմորդ, Շուշիի տեխնոլոգիական համալսարան` 38, որից 23-ը «Դիզայն» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտություններով, որոնք «Գյուրջյան» կիրառական ինստիտուտի, որը միացել է ՇՏՀ-ին, մասնագիտություններն են: Ստացվում է, որ Շուշիի տեխնոլոգիականին հայտագրվել է 15 դիմորդ: Սա այնքան էլ լավ ցուցանիշ չէ: «Գիրգոր Նարեկացի» և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանների համար հայտագրվել են համապատասխանաբար 22 և 39 դիմորդներ:

Բոլոր միասնական քննությունները դիմորդները հանձնելու են ԱՀ-ում` ԳԹԿ-ի կողմից կազմավորված քննական կենտրոններում: Ներբուհական քննությունները հանձնելու են տվյալ բուհում: Ունենք նաև ՀՀ-ից դիմորդներ, որոնք հայտագրվել են Արցախի բուհերի համար: Նրանք հիմնականում Արցախից տեղահանված քաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես բնակվում են ՀՀ-ում, բայց ցանկություն ունեն ընդունվել ԱՀ բուհեր: Նրանք միասնական քննությունները կհանձնեն ՀՀ-ում` իրենց ուսումնական հաստատություններին կցված քննական կենտրոններում:

- Ըստ մասնագիտությունների՝ ինչպիսի՞ն է վիճակը:

- ՀՀ բուհերի համար ամենամեծ թվով դիմորդներ ընտրել են «Բուժական գործ» մասնագիտությունը: Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Արցախի համար նախատեսված 5 անվճար և 7 վճարովի տեղերի համար մրցելու է 50 դիմորդ, ԵՊՀ «Թյուրքագիտություն» մասնագիտության համար 1-ական անվճար և վճարովի տեղերի համար` 4 դիմորդ, նույնքան էլ` «Միջազգային հարաբերություններ»-ում: Աննախադեպ է հայտագրման ցուցանիշը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունում. մեկական անվճար և վճարովի տեղերի համար` 9 դիմորդ: «Հոգեբանություն»` 1 տեղի համար` 3 հոգի: Վատ ցուցանիշ չէ: «Տեղեկատվական անվտանգություն»` 1-ական անվճար և վճարովի տեղերի համար` 5 հոգի:

- Իսկ ՀՀ բուհերում կա՞ն նպատակային տեղեր, որոնց չեն հայտագրվել:

- Ցավոք, այո: Դիմորդներ չունենք մեր երկրի համար շատ կարևոր մասնագիտություններով` «էլեկտրատեխնիկա», «Ավտոմատացում», «Մեքենաշինություն և նյութերի մշակում» «Սարքաշինություն և չափագիտություն», «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա», «Սննդի անվտանգություն», «Երկրաբանություն» և այլն: ՀՀ ազգային ագրարային համալսարանի՝ մեզ հատկացված բոլոր 6 մասնագիտություններում դիմորդ չունենք: Ես ցավով եմ արձանագրում այս փաստը:

Էլեկտրաէներգիան, գյուղոլորտը համարվում են մեր երկրի համար գերակա ուղղություններ: Գյուղնախարարությունը, «Արցախէներգոն» պետք է շահագրգռված լինեն, որ այս մասնագետները լինեն:

-Ինչո՞վ պետք է արտահայտված լինի այդ շահագրգռվածությունը:

- Կարող են շահագրգռել շրջանավարտներին, որ, օրինակ, նրանց բնակվարձը կփոխհատուցեն կամ հավելյալ կրթաթոշակ կտան, գովազդեն այդ մասնագիտությունները, տարբեր միջոցներով խրախուսեն դրանք ընտրածներին:

-Տարիների օրինակը ցույց է տալիս, որ թափուր մասնագիտությունների տեղերը կտրվեն այն մասնագիտություններին, որոնց դիմորդները շատ են, օրինակ` «Բուժական գործ»-ին:

-Ես չեմ ընդունում նման մոտեցումը: Եթե պետությունը պատվիրում է տեղեր, պետք է դրանց համար ճիշտ սկզբունք լինի և հետևողական աշխատանքներ տարվեն համապատասխան լիազոր մարմինների, կառույցների կողմից: Պետք է անպայման ահագին գումարնե՞ր ծախսել և մասնագետնե՞ր բերել Հայաստանից, երբ Արցախում շատ կան խելացի, պոտենցիալ ունեցող դիմորդներ: Պետք է լրջորեն մտածել այդ մասին:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ