[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԴՊՐՈՑԻՑ

 

Սերունդների կրթման, դաստիարակության գործում մշակութային քաղաքականության, կրթության նշանակության մասին զրուցեցինք ճանաչված երգիչ, դասատու Մարատ Հարությունյանի հետ:

-Սովորել եմ Երևանի` տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, որտեղ գործում էին արվեստի տարբեր խմբակներ: Դասամիջոցներին միշտ բարձրաձայն ֆիդայական երգեր էի երգում, դասղեկն առաջարկեց հաճախել ժողովրդական երգի խմբակ: Դասատուն մի քանի ժողովրդական երգ կատարեց, զգացի, որ դա իմն է, ինչպես ասում են` սեր առաջին հայացքից: Բախտս բերել է, ուսուցիչս ճանաչված երաժշտագետ, բանահավաք Զավեն Թագակչյանն էր, ով ուսուցանում-տարածում էր պատմական Հայաստանի տարբեր գավառների երգեր՝ համեմելով հետաքրքիր պատմություններով: Հետագայում հասկացա, որ այդ երգերը լավն են ոչ թե նրա համար, որ իմ ազգինն են, այլ անկեղծ են, ինչպես բնությունը, որը շատ եմ սիրում: Շարունակեցի ուսումս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Անահիտ Գրիգորյանի դասարանում: Նա հարստացրեց գիտելիքներս ինչպես ժողովրդական երգի ասպարեզում, այնպես էլ հոգևոր և կոմպոզիտորական արվեստում: 2012թ. ավարտել եմ մագիստրատուրան և տեղափոխվել ծննդավայր: Այնպես ստացվեց, որ համատեղեցի երգչի և դասավանդողի գործունեությունը. սկզբից Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, հետո՝ Տողի արվեստի դպրոցում: Ժողովրդական երգեր ուսուցանելիս չէի մոռանում իմ առաջին դասատուի մոտեցումը՝ երգացանկում ընդգրկել պատմական Հայաստանի գավառների երգերը: Ես զգում եմ, որ դա իմ առաքելությունն է, որին Աստծո կամոք տրվում եմ ամբողջությամբ:

-Մարատմշակութային կրթությունն ինչպիսի՞ դերակատարություն ունի սերունդների դաստիարակությանարժեհամակարգի ձևավորման և հայապահպանման գործում:
-Խնդիրն արդիական է: Եթե նախկինում օժտված գեղջուկ մարդն իր հոգու գեղարվեստական ծարավը հագեցնելու համար ստեղծում էր արվեստի` երգի, պարի, նկարչության, քանդակի և այլ ճյուղերի նմուշներ, և այն հոգեհարազատ էր շրջապատի համար ու բավարարում էր հոգևոր պահանջները, ապա այսօր դա պետք է նպատակասլաց մշակութային կրթությամբ ուղղորդվի: Բոլորս ականատես ենք, որ քիչ ջանք գործադրելը, արագ եկամուտ ստանալը վերջին տասնամյակներին տիրապետող է դարձել նաև արվեստում: Մասնավորապես՝ գրեթե անմիտ երգերը և դրանց հեղինակները գրավել են հեռուստատեսությունը, արդի տեխնոլոգիաների միջոցով էլ տարածում են իրենց էժանագին արտադրանքը: Այն հեշտ է ընկալվում, հեշտ էլ մոռացվում՝ տեղ բացելով նմանատիպ այլ երգերի համար: Դեռահասն այս անհասկանալի «աղմուկի» մեջ, անշուշտ, գնալու է թվացյալ հաճելիի  /ականջին, աչքին/  հետևից: Եթե անուշադրության մատնենք սերունդների մշակութային դաստիարակությունը, չուղղորդենք հասկանալու, ճաշակելու թվացյալ դժվարն ու բարդը, հետագայում շատ ավելի դժվար է լինելու դաստիարակել մտածող ու բանիմաց սերունդ՝ լինի դա մշակութային ասպարեզում, կամ՝ ընդհանրապես:

Պետք է մշակվի համապատասխան ծրագիր, որը կկիրառվի դեռ մանկապարտեզից՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով դպրոցական դաստիարակությանը: Երեխաները պետք է լսեն ազգային, ժողովրդական, հոգևոր մեր երգերը լավ կատարմամբ, որոնցում հոգի կա: Այդ դեպքում երգը հասնում է հոգու խորքերը, արմատներ գցում, և երբ լսում են այդ նույն երգերի անորակ կատարումները, զանազանում են լավն ու վատը և, անշուշտ, ձգտում լսել լավ կատարումներ, դաստիարակվում դրանց ոգով: Նման կրթված սերունդը, լսելով այլ ժողովուրդների տարբեր ժանրերի երգեր, ստեղծագործություններ, նախընտրում է հոգեհարազատը, բայց սիրում և գնահատում է նաև  ազգային մշակույթը: Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բերեմ վառ օրինակ: Աշխատելով նաև Տողի արվեստի դպրոցում, որը կրթում է նաև Հաթերքի միջնակարգ դպրոցի երեխաներին, որոշվեց հերթական երգն ընտրել հոգևոր ժանրից: Դպրոցականները համարում էին, որ ձանձրալի են, հետաքրքիր չեն: Երգեցի Կոմիտասի երգերից, պատարագից հատվածներ, շարականներ: Պետք էր տեսնել երեխաների լրջացած դեմքը, հուզմունքը, հետաքրքրությունը: Միաձայն որոշեցինք սովորել Կոմիտասի Ազգային օրհներգը: Մտածված ու սրտացավ մոտեցում պետք է ցուցաբերվի բոլոր ասպարեզների հանդեպ: Այդ դեպքում արդյունքը չի ուշանա, հունձքն առատ կլինի: Նման դաստիարակված սերունդը չի կասկածի, որ մեր մշակույթը մրցունակ է, ինչպես այլ ժողովուրդներինը:
-Երիտասարդությունը ձգտում է իր տեղը գտնել այս մշակութային զանազանության մեջ, ստեղծում է խմբեր, երգեր: Ի՞նչ կփոխանցեք նրանց:
-Մեր երգը, մշակույթը քարացած չէ, այն կարելի է զարգացնել, հարստացնել արդի ռիթմերով, բայց դա պետք է անել խելամիտ, բանիմաց ձևերով, որպեսզի երկար կյանք ունենա, դառնա ազգային մշակույթի մի ուղի:
Հոդվածն ավարտենք Չերչիլի` մշակույթի մասին հայտնի ասացվածքով: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չենք ֆինանսավորում մշակույթը, այդ դեպքում էլ  ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում:


Էմմա ԲԱԼԱՅԱՆ