Խոսքից՝ գործ. սպորտային պարերը՝ Մարտունու արվեստի դպրոցում
Արցախի Հանրապետության սպորտի և սպորտային պարերի միության նախագահ, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի այցը Մարտունի ընթացիկ տարվա փետրվարի վերջին էր՝ սպորտային պարերի զարգացման հիմք ստեղծելու նպատակով: Հետագա գործունեությունը ենթադրում էր քրտնաջան ու համոզիչ աշխատանք, ինչի մասին խոսեցինք նրա հետ ունեցած մեր հանդիպման ժամանակ: Մարիաննան նախընտրեց խոսել կատարած աշխատանքի արդյունքներով. ծրագիրը ոչ միայն գործողության մեջ է դրվել, այլև պտուղներ ունի:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անդրանիկ մրցաշարում /մայիսի 7-8-ը/, որին մասնակցեցին նաև Մարտունու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սպորտային պարերի դասարանի երեք սանիկ՝ Լիանա Հարությունյանը /10 տարեկան/, Նարե Սարգսյանը /9 տարեկան/ և Լուիզա Հարությունյանը /11 տարեկան/: Նրանք վերադարձել են պատվոգրերով և գավաթներով՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրավելով երկու տարբեր պարաձևերից:
Պարուսույց Մերի Քամալյանը ներկայացնում է, որ դպրոցում արդեն ունեն սպորտային պարերի 6-14 տարեկանների 3 խումբ՝ 50 և ավելի երեխայի ընդգրկմամբ:
«Մեկ ամսից քիչ ավելի է, ինչ դպրոցում կազմակերպվում են պարապմունքները: Մեզ մեծ աջակցություն է ցուցաբերում Ստեփանակերտի «Էլֆ» պարի ստուդիայի ղեկավար, հանրապետական և քաղաքային սպորտդպրոցների սպորտային և պարահանդեսային պարերի պարուսույց Էլեոնորա Հակոբյանը, ով իր հմտություններն է փոխանցում ինձ, իսկ ես՝ իմ սաներին»,- ասում է Մ. Քամալյանը՝ հավելելով, որ երեխաների ձեռքբերումն ապացույց է, որ կարելի է նաև պատերազմական գոտում ապրելով՝ աշխատել և հաջողություններ գրանցել: Մրցաշարը երեխաների մասնակցության առաջին փորձն է, ինչից նրանք շատ ոգևորված են: Երազում են այնքան հմտանալ պարարվեստում, որ արդեն իրենք կարողանան ուրիշներին պարել սովորեցնել:
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ