[ARM]     [RUS]     [ENG]

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԳՉԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

Ցեղասպանության ժամանակ մեծ պապը Կոստանդնուպոլիս էր հասել Սեբաստիայից: Դեպի Ֆրանսիա ուղևորվող նավն էր ուզում նստել, երբ եղբոր ողջ լինելու ու Երուսաղեմում ապաստանելու լուրն առավ: Նստեց մյուս նավը՝ դեպի Երուսաղեմ: Գրեթե մեկ դար առաջ էր: Ցեղասպանությունից մազապուրծ սեբաստացի Սահակեանների երրորդ սերնդից է երգիչ, երգահան, գրող «Apo and The Apostles» ռոք-խմբի հիմնադիր Ափօ Սահակեանը:
«Ծնվել, մեծացել եմ Երուսաղեմի հայկական թաղամասում, որն ասես քաղաք լինի քաղաքի մեջ: Մանկությանս բոլոր ընկերները հայեր էին և խոսում էինք բացառապես հայերեն: Հետո միայն, սովորեցի անգլերեն, արաբերեն, եբրայերեն»,- ասում է երգիչը:
Առաջին անգամ Արցախ՝ Շուշի էր այցելել 2009-ին: Արցախում էր նաև Քառասունչորսօրյա պատերազմի օրերին՝ ուժերը ներածին չափով ներդրում ունենալու հայրենիքի պաշտպանության գործում:
Հայեցի դաստիարակությունը Սահակեանների ընտանիքում կենսակերպ է: Մեր զրուցակիցը համոզված է, որ հողի վրա ապրելով են հողին տեր լինում. «Չեմ ուզում միշտ Սփյուռքում ապրել, ուզում եմ հայրենիքիս էլ օգտակար լինել: Վաղ թե ուշ մեր տունուտեղը հայրենիքն է»:
Երաժիշտ, երգիչ Ափօի դիմադրության տարբերակը մշակույթն է:
Հայրենիքի, ազգային շահերի ու իր արվեստի համատեղմամբ է փորձում զորանալ և առաջ շարժվել:
Երիտասարդ արվեստագետի դիտարկմամբ՝ անկախ քաղաքական տեսակետներից և այլնի սփյուռքահայերն ընդհանրական գաղափարախոսություն ունեն:
«Հայապահպանությունը սրբություն է յուրաքանչյուրիս համար»,-ընդգծում է նա:
Որպես արցախցիներին բնորոշ առանձնահատկություն, մեր հայրենակիցը բարությունն ու աշխատասիրությունն է ընդգծում: Բայց և նախաձեռնողականության պակաս է նկատում:
Ափօ Սահակեանի երգացանկում ժողովրդական, հայրենասիրական ու սիրո երգեր են, Մուսա լեռան, Համշենի ու Հադրութի բարբառով ստեղծագործություններ: Նրա համոզմամբ՝ նաև մշակույթով պետք է վերականգնենք մեր միասնությունն ու ազատությունը:
«Մեր մշակույթը ոչ միայն թշնամուն, այլև ինքներս մեզ ցույց տալով՝ քայլ կկատարենք դեպի վերականգնում: Ավելի պինդ ու ինքնավստահ կլինենք, երբ մշակույթը զորավոր դեր խաղա ոչ միայն մեր առօրյա կյանքում, այլ նաև քաղաքականության մեջ»,-համոզված է երիտասարդ արվեստագետը:
Հայրենիքի անխախտ սիրով, միասնականության ու նախաձեռնողականության ոգով էլ Ափօ Սահակեանն օրերս էլ Արցախում էր: Հիմա, ավելի քան երբևէ, համոզված է, որ հայրենիքի զորացման գործում յուրաքանչյուրի պարտականության կշիռը զգալի է ու անհրաժեշտ:

Լուսինե ՇԱԴՅԱՆ