[ARM]     [RUS]     [ENG]

Բանաստեղծուհին՝ օրացույցը սրտում

                       

Ընթերցողի սեղանին է երիտասարդ գրող  Հերմինե Ավագյանի «Օրացույցից պոկված օրեր» գիրքը: Մեր հարցազրույցը.

-Օրացույցից պոկված օրեր. դրանք շա՞տ են:

-Դրանք այն օրերն են, որոնք ինձ սովորեցրել են նայել ամպերին այնքան, մինչեւ երևա արեւը, քայլել անձրևի տակ ու ձեռքս պարզել դեպի ծիածանը, մրսել աշխարհի կարոտներից, բայց երբեք չսառչել աշխարհի հանդեպ։ Իմ օրացույցը սրտիս մեջ է, այնտեղ օրերը հրաժեշտից առաջ թողնում են իրենց ինքնագիրը։

-Պոեզիա. անցո՞ւմ, թե՞ շարունակություն:

-Նրանք իմ մեջ կողք-կողքի են ապրում և անընդհատ մեկը մյուսին շարունակում են։ Նրանք երբեմն հաշտ չեն իրար հետ, բայց վերջում հասկանում են իրար, ուղղակի մի օր մեկն է պահը բռնում, մի օր՝ մյուսը։

-Իսկ  հաջորդ գիրքը արձա՞կ, թե՞ չափածո:

-Հաջորդ գի՞րքս: Վիպակներ, որ սկսել եմ մեկ տարի առաջ ու դեռ չեմ ավարտել, չնայած չգիտեմ՝ պոեզիան շատ խանդոտ է, մեկ էլ տեսար՝ առաջ ընկավ ու ստիպեց, որ գնամ իր հետեւից։

-Ձեր բանաստեղծությունների առանցքում մանկությունն է

- Մանկությունը մեր սկիզբն է, ինչ էլ լինի դրանից հետո՝ շարունակություն է։ Անմանկություն մարդկանց աչքերը երբեք խորություն չեն ունենում։ Ես դժվար մանկություն եմ ունեցել, բայց այնտեղ երբեք չի պակասել սերը. այդ սերն է իմ սկիզբը, որ միշտ ինձ հետ է։

-Հիշողությունները չե՞ն խանգարում բանաստեղծությանը:

-Նրանք հաճախ են վիճում, բայց պահ է գալիս, որ առանց իրար չեն կարողանում։

-Ի՞նչ է բերում և տանում ժամանակը:

-Երազանքներ է բերում ու տանում։ Մենք միշտ չենք հասցնում հասկանալ, որ բերածը պիտի պահենք, փայփայենք, բայց երբ ժամանակն իր բերածը սկսում է տանել, վազում ենք հետեւից, վազում ու չենք հասնում։

- Այս գրքից ո՞ր բանաստեղծությունը կառանձնացնեիք և ինչո՞ւ:

-Չեմ առանձնացնի, որ դուք փնտրեք ինձ ամեն տեղ ու այդպես էլ չիմանաք, թե ես որտեղ եմ ամենաշատը ապրում...

-Արվեստը պահանջում է ամբողջական նվիրում. կինն ունի՞ այդ ժամանակը:

-Կինը երբեք ժամանակ չունի, մի կյանքը քիչ է կնոջ համար, որպեսզի ամեն ինչ հասցնի։ Բայց արվեստն էլ պարապ նստել ու սպասել չի սիրում։ Նա միշտ գալիս է կնոջ հետևից, հարցեր չի տալիս, գալիս ու տանում է հետը, ու այդ ժամանակ, մեկ էլ տեսար, թխվածքը վառվեց ջեռոցում, փոշեկուլը լռեց կես ճամփին, երեխայի ձեռագիրը վատացավ, ամուսինդ խանդեց գրքերիդ ու դու, միեւնույն է, փոքր երեխայի պես մի հանգիստ անկյուն կգտնես և կսկսես ուտել երանելի քաղցր կոնֆետներդ (փոխաբերական իմաստով պատասխանեցի, որ ժպտաք, դուք շատ գեղեցիկ ժպիտ ունեք)։

- Կա՞, արդյոք, մի պոետ, որն ամենուր հետևում է Ձեզ:

-Ես շատերին եմ ամեն օր կարդում, նրանք միշտ ինձ հետ են, բայց չեմ թողնում, որ հետևեն ինձ։

- Բոլոր նրանց համար, ովքեր չեն սիրում հարցեր տալ լռությանը (մեջբերում գրքից): Իսկ դուք հաճա՞խ եք հարցեր տալիս լռությանը:

-Նա իմ  ներսում է քնում ու զարթնում...

 

Անի Մանգասարյան

Մեր տան բակում

նախշուն մի աղջիկ

վզին կախել է հիշողությունս

ու խաղ է անում...

Ես վախենում եմ

մոտենալ նրան՝

հանկարծ չպոկվի վզնոցը,

ու հուշերս ցրիվ չգան.

Դա է ունեցածս...

      ***

Իմ սենյակից

միշտ անձրևի հոտ է գալիս,

որովհետև հուշերս մնացել են

ամպերից այն կողմ,

և կարոտս տանիք չունի.

ես ամեն օր դույլերով

անձրև եմ հավաքում, որ տեղ լինի

մի քանի րոպե քնելու համար...

 

Հ. Ավագյան