ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐ՝ ՏՆՋՐԵ ՍՐԲԱՎԱՅՐԻ ՄՈՏ
Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից Սխտորաշենի բնության գրկում` «Տնջրե» սրբավայրի մոտ, կազմակերպվել է «Հին ու նոր Արցախ» ավանդական խաղերի մրցույթ՝ «Լախտի», «Աքլորակռիվ», «Պարանի ձգում»:
Խաղ-մրցույթին մասնակցել են Հերհերի, Սոսի, Մսմնայի, Թաղավարդի, Ծովատեղի, Կարմիր շուկայի, Մաճկալաշենի, Խերխանի, Գիշիի և Քերթի թիմերը: Մասնակիցներին ողջունել և մասնակցության համար շնորհակալություն է հայտնել Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը. «Պատահական չէ, որ այսօր հենց մեր պատմական Տնջրու տակ, թշնամու հարևանությամբ, անց ենք կացնում «Հին ու նոր Արցախ» ավանդական խաղը: Մեր ապուպապերը կոփվել են ռազմական խաղերով: Դուք այն սերունդն եք, որ պիտի նրանց շարունակեք»:
Հետաքրքիր խաղերի ու պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել են Սոսի և Թաղավարդի թիմերը, երկրորդ և երրորդ տեղերը՝ Կարմիր շուկայի և Գիշիի, որոնք շրջվարչակազմի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Կազմակերպիչների կողմից նվերներ են ստացել նաև մասնակից մյուս թիմերը:
Ազգային ավանդական խաղերը ազդում են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացմանն ու կոփմանը, այլև օգնում են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցություն: Միջոցառման նպատակը նաև ազգային ավանդական` գրեթե մոռացության մատնված խաղերին նոր շունչ տալն էր, ինչպես նաև ազգային արժեքները ճանաչելը, պահպանելն ու սերունդներին փոխանցելը:
Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ