[ARM]     [RUS]     [ENG]

Ա․ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի համերգը Ստեփանակերտում․ արցախյան ակորդներ

 

Այսօր՝ մայիսի 21-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ Հայաստանի Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի համերգը, որը կյանքի է կոչվել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրային ռադիոյի հետ համագործակցությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին հայ մեծանուն երգահանների ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսեյ Հեքիմյանի, Արամ Մերանգուլյանի, ինչպես նաև գուսանական, ժողովրդական երգեր։ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը մեզ հետ զրույցում, անհրաժեշտություն համարելով ազգային, ժողովրդական երգացանկով հագեցած նման համերգները, ընդգծեց, որ ծրագիրը տպավորիչ էր։

«Մեր հասարակությունը կարոտել է նման միջոցառումների։ Կարծում եմ՝ ժամանակն է վերադառնալու այսպիսի ոգևորիչ, ապրեցնող համերգների բարի ավանդույթին։ Ոգևորիչ էր նաև այն կատարողական վարպետությունը, որով հայկական երգ-երաժշտությունը մատուցվեց մեր հասարակությանը»,-նշեց նախարարը։ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի խոսքով՝ պատերազմից ու համավարակից հետո իրենք Հայաստանի տարբեր քաղաքներում շարունակում են երաժշտական մշտական գործունեությունը։

«Որոշեցինք համերգային շրջագայություններն Արցախից սկսել։ Համերգացանկում ընդգրկվել են կոմպոզիտորական և ժողովրդական ստեղծագործություններ՝ որոշ չափով նաև արցախյան երանգներով»,- հավելեց Գ․ Խումարյանը։ Հանրային ռադիոյի հաղորդավար և հեռուստահաղորդավար Տիգրան Հարությունյանը չնայած բազմաթիվ  միջոցառումներ է վարել Ստեփանակերտում, սակայն, ինչպես ինքն է նշում, հետպատերազմյան այս այցը զգացմունքային տեսանկյունից տարբերվում է։

«Մի քանի օր է՝ ես շրջում եմ Ստեփանակերտում և տեսա, որ կարծես ստեփանակերտցիների ժպիտները վերադարձել են և լույս է երևում։ Եկել ենք առանձնակի ջերմությամբ՝ Հանրային ռադիոյի «Երևանն է խոսում» կոչնակը հնչեցնելու Արցախի սրտում` մեզ հետ բերելով հայ երգի յուրահատուկ համերգային ծրագիր»,-ասաց հաղորդավարը։ Համերգային երեկոն եզրափակվեց «Ղարաբաղցի» երգով։ Համերգին ներկա էին նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

«ԱԱ»