[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱՏԱՐԻՄ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

 Արցախի պետական կամերային նվագախումբը` Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, երկար դադարից հետո մայիսի 25-ին հանդես եկավ տարվա իր առաջին համերգով: Ինչպես միշտ, համերգի ծրագիրը հարուստ էր իր բովանդակությամբ: Հնչեցին հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական, ժամանակակից, էստրադային ստեղծագործություններ ու երգեր` Ի.-Ս. Բախի, Ա. Բաբաջանյանի, Կ. Սեն-Սանսի, Պ. Չայկովսկու, Ա. Հեքիմյանի, Ի. Ալբենիսի, Ռ. Գալյանոյի, Մ. Թեոդորակիսի: Նվագախմբի հետ մենակատարում էին ինչպես շնորհաշատ պատանի, երիտասարդ երաժիշտներ, այնպես էլ կայացած, համբավ ունեցող երգիչներ, երաժիշտներ:

Հավատարիմ մնալով իր իսկ հիմնած ավանդույթներին, նվագախմբի ղեկավարը ներկայացրեց ոչ միայն նվագախմբի կատարումները, այլև խմբի հետ մենակատարող պատանի երաժիշտներին: Նա անձամբ էր ծանոթացնում հանդիսատեսին նոր ասպարեզ մտած անուններին` ակորդեոնահար Տիգրան Գրիգորյանին /դասատու Իննա Գասպարյան/, դաշնակահար Վադիմ Բալասանյանին /դասատու Է. Լալայան/, քանոնահարներ Վանեսսա Բաբայանին, Ալեքսանդրա Մխիթարյանին /դասատու Գ. Միրզոյան/:
Դասատու-նվագախումբ-դիրիժոր շղթան պետք է գործի, համոզված է մաեստրո Մուրադյանը, որպեսզի սկսնակ երաժիշտները հմտանալու հնարավորություն ունենան: Նվագախմբի հետ նվագելը պահանջում է երաժշտից ոչ միայն մեծ պատրաստավածություն, այլև կարողություն նրբորեն արձագանքել նվագախմբին, դիրիժորին: Այդ փորձն է տալիս այն եզակի հնարավորությունը, որտեղ երաժիշտը սովորում է նվագել անսամբլում, շեշտում է նա:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի և նվագախմբի տնօրեն, կոմպոզիտոր Սիմոն Սարգսյանի տանդեմը, խոստովանում է բեմից մաեստրոն, հաջողությունների այն գրավականն է, որ ահա 18 տարի ուղեկցում է կոլեկտիվին: Եվ, իսկապես, յուրաքանչյուր համերգի ծրագրում Սիմոն Սարգսյանը զարմացնում է հանդիսատեսին նուրբ, յուրօրինակ կատարումներով՝ թե՛ իր, թե՛ ուրիշ հեղինակների ստեղծագործություններ: Այս հաջողությունների ականատեսն ու գնահատողը, անշուշտ, արցախցի հանդիսատեսն է:
Արցախի պետական կամերային նվագախումբն իր բարձր կատարողական վարպետությամբ գեղագիտական հաճույք է պատճառում ոչ միայն արցախցի, այլև օտար հանդիսատեսին: Նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Նորվեգիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Այս անգամ կոլեկտիվը հրավեր է ստացել Ֆրանսիայից` Լիոն քաղաքից:
Գ. Մուրադյանի հավաստմամբ, խումբը այսուհետ կպատրաստվի Ֆրանսիայում կայանալիք համերգաշարին, որը տեղի կունենա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի