ՕԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՄԵԾ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Դեռևս ընթացիկ տարվա փետրվար ամսին Ստեփանակերտում բացվեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին կրթական աշխատանոցը։ Նման կրթական աշխատանոցներ ստեղծելու գաղափարը եղել է դեռևս 2016 թվականից։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» ջանքերով։ Նախորդ տարիներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը նպաստել է, որ թիմի անդամներն այսօր անցնեն ավելի ճշգրիտ, ավելի բարդ տեխնոլոգիաների ուսուցման։
Հիրավի, պատերազմը ցույց տվեց, որ միայն ծրագրավորումը չի կարող հաջողություն բերել երկրի պաշտպանության ու անվտանգության գործում։ Այս առումով Արցախում նման աշխատանոցի գործունեությունը կարող է դառնալ ամենամեծ նպատակների ու երազանքների իրականացմանը տանող ճանապարհի սկիզբ։ Այն ոչ միայն ռազմական տեխնոլոգիա է, այլև կարող է կիրառվել գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, առաքման ու քարտեզագրման ոլորտներում, արտակարգ իրավիճակներում։ Երեխաները կսովորեն ռազմական անօդաչուների նախագծման ու կառավարման հմտություններ, կնախագծեն թռչող սարքեր։
Ստեփանակերտի հ.3 դպրոցում գործող ԱԹՍ կրթական աշխատանոցի՝ «Արմաթն օդում»-ի խմբակավարը Արծրուն Արշակյանն է, ով Արցախ էր եկել 2020թ. ամռանը՝ մինչ 44-օրյա պատերազմը։
Որպես ուսուցիչ, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, նա աշխատում էր Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի դպրոցում։ Պատերազմի ժամանակ Մեծ շենի բնակիչները ժամանակավորապես թողեցին գյուղը, իսկ զինադադարից հետո մեծշենցի երեխաները չվերադարձան, և Արծրունը ստիպված էր տեղափոխվել մեկ այլ համայնք՝ Պատարա։ Այնուհետև եկավ Ստեփանակերտ ու սկսեց աշխատել մայրաքաղաքի հ. 3 դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, միաժամանակ Պատարա գյուղում՝ «Արմաթի» խմբակավար։ Արծրուն Արշակյանի խոսքով՝ «Արմաթն օդում»-ը տարբերվում է «Արմաթից» նրանով, որ այստեղ կենտրոնացած են միայն անօդաչու թռչող սարքերի վրա։ «Մեզ մոտ հաճախում են տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված աշակերտները,-ասում է Արծրունը։- Սա ես որպես աշխատանք չեմ դիտարկում, ինքս էլ ամեն օր մի նոր բան եմ սովորում։ Աշխատում ենք 14 և բարձր տարիքի աշակերտների հետ։ Խմբում միայն հ.3 դպրոցի աշակերտները չեն, երեխաներ կան Ստեփանակերտի տարբեր կրթօջախներից, անգամ Այգեստան գյուղից ունենք մեկ հոգի, ով շաբաթը երկու անգամ պարտաճանաչ գալիս է պարապմունքներին։ Պետք է ասեմ, որ երեխաները բոլորն էլ հետաքրքրված են ԱԹՍ-ներով ու մեծ սիրով են մասնակցում դասընթացներին»։
Հանրակրթական ծրագրերից դուրս արտադասարանական նմանատիպ խմբակներն անհրաժեշտություն են, վստահեցնում է խմբակավարը։ Այստեղ և այս ձևով է կայանում այդ նեղ մասնագիտացված, գիտական լուրջ զբաղվածության նկատմամբ սերը։ Հակումները ևս բացահայտվում են նման խմբակներում և ոչ թե դասերի ժամանակ։ ԱԹՍ-ների նախագծում և պատրաստում, ծրագրային ապահովում, տեխնիկական սպասարկում ու կառավարում են ուսումնասիրում աշակերտները։ 2020-ի պատերազմը ցույց տվեց, որ օդային տեխնոլոգիաների դերն անվտանգության համակարգում մեծ է։
Առաջիկա երեք ամիսներին լարված աշխատանքային օրեր են սպասում խմբի անդամներին. հանաք բան չէ՝ պատրաստվում են սեպտեմբեր ամսին Լոռիում անցկացվելիք ԱԹՍ-ների մրցույթին, որ 2-րդ անգամ է լինելու Հայաստանում։ Կմասնակցեն խմբակների թե՛ սկսնակ և թե՛ փորձառու աշակերտները։
Ա. Արշակյանի հավաստմամբ՝ «Արմաթն օդումը» առայժմ միակն է Ստեփանակերտում, բայց նախատեսվում է Արցախի շրջաններում ևս ԱԹՍ նման կրթական աշխատանոցներ բացել։ Այս ծրագրին կաջակցի նաև Արցախի կառավարությունը։
«Արցախն առանձնահատուկ նշանակություն ունի այս ուղղությամբ զարգանալու առումով։ Արցախցին առաջինն իր մաշկի վրա զգաց օդային տեխնոլոգիաների դերը երկրի անվտանգության համար։ Ուստի, որքան հնարավոր է, պետք է երեխաներին ուղղորդել դեպի այս բնագավառը։ Մենք պետք է նաև գիտելիքի միջոցով հաղթանակի հասնենք»,- ասաց Արծրուն Արշակյանը։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ