Նոր գիրք՝ Արցախյան ազատամարտի և հերոսամարտիկների մասին

Լույս է տեսել  Արցախյան ազատամարտի  վետերան Վերա Գասպարյանի «Ասկերան» հուշապատում-տարեգրությունը:

Արցախյան առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածի հուշագրության տպագրությունն իրականություն է դարձել Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի,  «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանի և Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի աջակցությամբ:

Նախօրեին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կայացել է  Վերա Գասպարյանի գրքի շնորհանդեսը՝ խմբագիր Անահիտ Պետրոսյանի նախաձեռնությամբ:

Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, վարչակազմի պատասխանատու աշխատողները, Արցախյան պատերազմի մասնակիցներ, հյուրեր, ովքեր նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը:

Բացման խոսքում Անահիտ Պետրոսյանը նշեց, որ «Ասկերան» հուշապատում-գիրքը բովանդակում է մի ուրույն հատված արցախյան հերոսամարտից և, անշուշտ, հետագա ուսումնասիրողների համար կարևոր տվյալներ է պարունակում:

«Ստույգ օրինակներով պատմվում է դաժան պատերազմում ասկերանցի ազատամարտիկների սխրագործությունների մասին, և այն ուղերձն ունի, որ Հայրենիքի համար կյանքը գիտակցաբար զոհաբերելն իսկապես անմահություն է»,-ասաց գրքի խմբագիրը՝ հավելելով, որ  հեղինակի ձեռագիր  տետրերը գիրք դարձնելու գաղափարը հղացել էր Ասկերանի  «Բերդ»  թերթի խմբագիր երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանը:

Մինչ այդ Վերա Գասպարյանի օրագրային գրառումները  ժամանակ առ ժամանակ տպագրվում էին թերթում՝ պատմելով  Ասկերանի, նրա քաջամարտիկների,  հաղթանակների, ապագայի տեսլականի մասին։

«Գիրք գրելն ինքնին պատասխանատու աշխատանք է, և հեղինակի հետ համատեղ աշխատել ենք հավասար անդրադառնալ բոլորին, դեպքերի զարգացումը ներկայացնել պարզ ու հակիրճ շարադրմամբ, առանց ավելորդ լիրիկական զեղումների։ Ամեն ինչ անցողիկ է այս կյանքում, ուստի նորօրյա պատմությունը վաղվա սերունդներին ճշմարտագույնս ներկայացնելը, հատկապես մեր պարագայում, համարում եմ կարևոր մարտահրավեր: Գրքում տեղ գտած իրադարձություններն իրական հենք ունեն, որոնցից  շատերի ականատեսն եմ, ու նաև այդ պատճառով սիրով կցվեցի գրքի կազմմանը, խմբագրմանն ու հրատարակմանը»,-ասաց Ա. Պետրոսյանը՝ երախտագիտություն հայտնելով գրքի տպագրության բոլոր աջակիցներին:

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը շնորհավորելով Վերա Գասպարյանին,  նշել է, որ գիրքը  վկայում է Ասկերանի հերոս տղաների սխրանքների ու նվիրվածության մասին:

«Այս գիքրը մեծ խորհուրդ ունի, և նրանով  սերունդներ կդաստիարակվեն: Այսօր առաջարկում եմ նաև Ասկերանի գնդի մասին հուշերի գիրք ստեղծել: Ոչ մի պատերազմ և այդ բովով  անցած հերոսամարտիկ չպետք է ստվերում մնա: Ականատեսների օգնությամբ մենք կարող ենք հուշեր հավաքել և սերունդներին մեծ արժեք  թողնել»,-ասաց Կ. Գաբրիելյանը՝ պատրաստակամություն հայտնելով  աջակցել այդ  գաղափարը իրականություն դարձնելու գործում:

Հեղինակի աշխատանքն   արժևորեցին և բարձր գնահատեցին   նաև  Ասկերանի շրջվարչակազմի  Կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը,

Արցախյան շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը:

Գրքի հեղինակ Վերա Գասպարյանը  նշեց, որ Արցախյան առաջին պատերազմի հուշերը երբեք չեն լքելու իրեն: Նա մեկ առ մեկ հիշում է տղաներին, նրանցից շատերի վերջին խոսքն ու ցանկությունը. նրանք ուզում էին ապրել ու արարել  ազատ ու անկախ Արցախում:

«Այդ տարիներին մի առանձին միաբանություն ու ոգի կար: Ասես մի մոր զավակներ լինեինք, քանզի նպատակը մեկն էր՝ հայրենիքի ազատագրումը թշնամուց: Այսօր ես կցանկանայի իմ ժողովրդին միաբռունցք և համերաշխ տեսնել, իսկ  Արցախիս երկնակամարը միշտ խաղաղ ու կապույտ»,-ասաց կին-ազատամարտիկը՝  շնորհակալություն հայտնելով Անահիտ Պետրոսյանին, գրքի հովանավորներին: Նա երախտագիտությամբ նշեց երջանկահիշատակ Վալերի Պետրոսյանի ներդրումը  գրքի տպագրության  գործում:

Շնորհանդեսին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց Վերա Գասպարյանին՝ բարձր գնահատելով  նրա աշխատանքն ու մատուցած ծառայությունը հարազատ քաղաքին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ