[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում հունիսի 15-ին տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 95-ամյակին: Լսարանը հավաքվեց Գրողի «Ղարաբաղի հորովելի» հնչյունների տակ: ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը բացման խոսքում արժևորեց գրողի գրական և հասարակական գործունեությունը: Գաբրիելյանը ոչ միայն որպես Արցախի զավակ, այլ ավելի լայն ընդգրկումով հայ ժողովրդի ծոցից ելած բանաստեղծ է: Նա թողել է բավականին մեծ ժառանգություն, և նրա անունը մենք կարող ենք հիշել մանկագրության մեր դասականների կողքին` Թումանյան, Աղայան, Աթաբեկ Խնկոյան, Հայրապետ Հայրապետյան… Գուրգենը նորարար էր` բառի ամենախոր իմաստով: Նա մանկական բանաստեղծության մեջ մտցրեց տրամաբանական տրամադրություն և խաղ, որի մեջ իմաստնություն կա: Շարունակելով մեծերի ավանդույթները` նա ստեղծեց իրենը` Գաբրիելյանականը, և նրա արվեստը դեռևս ըստ արժանվույն չի գնահատվել: Մեծ է Գ. Գաբրիելյանի դերը ժողովրդական բանահյուսության երգերի մշակման բնագավառում: Անզուգական «Ղարաբաղի հորովելը» նշանավոր երգիչների երգացանկում է և ժողովրդի շուրթերին: 1988-ին սկսված Արցախյան շարժման տարիներին գրողը թե՛ ստեղծագործական, թե՛ հասարակական գործունեություն ծավալեց` մասնակցելով ազատ ու անկախ Արցախի պետականաշինության գործերին: «Նրա խոսքը սրտից էր բխում, և պատգամ է թողել, որ տեր կանգնենք հայրենիքին ու հոգևոր բարձր արժեքներին»,- ելույթում ասաց մանկավարժ, բանասեր Անժելա Գաբրիելյանը: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ամալյա Գրիգորյանը վերլուծեց Գաբրիելյանի հայրենասիրական բանաստեղծությունները: Գնահատանքի խոսք ասացին և հուշեր պատմեցին ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բանաստեղծներ Դավիթ Միքայելյանը, Արիս Գրիգորյանը, Գագիկ Բեգլարյանը: Ցուցադրվեց տեսաֆիլմ, որտեղ արտացոլված են նշանավոր մանկագրի կենսագրությունը և ստեղծագործական գործունեությունը: Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան «Նարեկացի» համալսարանի ուսանողները£ Վարդան Հակոբյանը «Նարեկացի» հուշամեդալ (հետմահու) հանձնեց գրողի հարսին, գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի այրուն` Անժելա Գաբրիելյանին, ապա վստահեցրեց, որ կգան լավ ժամանակներ և գրողի հայրենի Խանցք գյուղի տունը կդառնա «Հեքիաթի տուն»` որպես լավագույն հուշարձան գրողի մնայուն ժառանգության:

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ