[ARM]     [RUS]     [ENG]

Կայացավ ԱրՊՀ շրջանավարտների հրաժեշտի հանդիսավոր արարողությունը

 

 2021-2022 ուստարում Արցախի պետական համալսարանը թողարկեց առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի՝ 356 և մագիստրատուրայի՝ 145 շրջանավարտ։ Շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունները, ըստ ֆակուլտետների, տեղի ունեցան ԱրՊՀ պուրակում՝ զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողի մոտ։ Ինչպես տեղեկացրել են Արցախի պետական համալսարանի լրատվության բաժնից՝ շրջանավարտների հրաժեշտի եզրափակիչ արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 17-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում, որին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի պաշտպանության պատերազմներում անմահացած քաջորդիների։ ԱրՊՀ շրջանավարտներին բուհն ավարտելու առթիվ շնորհավորել և իր բարեմաղթանքն է հղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ «Այսօր, երբ վտանգված է մեր ազգային ինքնությունը, անչափ կարևոր է պահպանել մեր արժեհամակարգը, իսկ այն կարող ենք անել ազգային ու պետական շահերին համահունչ սերնդակրթություն ապահովելով, մեր բարոյական ու հոգևոր նորմերը պահպանելով։ Մեր ազգային ինքնության պահպանման ճանապարհին մեծագույն հաջողություններ եմ մաղթում մեր շրջանավարտներին»,-նշել է նախարարը։ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, խոսել է համալսարանի այս ուստարվա շրջանավարտների բուհական կրթության ժամանակաշրջանում համալսարանի դժվարությունների մասին՝ պայմանավորված համավարակով, գլխավոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքների հետ կապված շենքային սուղ պայմաններով, պատերազմով, ընդգծել բուհի արձանագրած հաջողությունները՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում, հիմնանորոգված շենք, ուսումնագիտական առաջընթաց՝ կարևորելով ԱրՊՀ-ի դերն ու նշանակությունը՝ որպես Արցախի մայր բուհ, և շեշտադրել այն երկրի համար բարձրորակ մասնագետներ թողարկելու ու հիմնական կադրային բազա ապահովող կրթական հաստատություն լինելու տեսանկյունից։ «Արցախի մայր բուհը 53 տարվա պատմություն ունի, որի ընթացքում բուհը թողարկել է շուրջ 25 000 շրջանավարտ։ Այսօր նրանց շարքը լրացվում է ևս 500-ով։ Որտեղ էլ լինեք, երբեք չմոռանաք Արցախը, ԱրՊՀ-ն։ Ինչ պաշտոններ էլ զբաղեցնեք, երբեք չթերագնահատեք Ձեր նախորդների կատարածը։ Երբ ինձ հարցնում են, թե որն է մեր հաջողության գրավականը, ես միշտ պատասխանում եմ, որ ԱրՊՀ ռեկտորատը իր որոշումները միշտ կայացնում է՝ հենվելով նախորդ ռեկտորների կատարած աշխատանքի վրա»,-նշել է ռեկտորը։ Շրջանավարտ Պարույր Մարտիրոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, շնորհակալական խոսք է հղել համալսարանի ղեկավարությանն ու բոլոր պատասխանատու ստորաբաժանումներին, որոնք բարձր պատասխանատվությամբ ու որակով են կատարել իրենց բաժին առաքելությունը: Նրա խոսքով՝ ամեն կերպ փորձ է արվել հաղթահարել բոլոր փորձությունները ու չեզոքացնել ցանկացած բացասական ազդեցություն, որոնք ի հայտ եկան նախ համավարակի, այնուհետև՝ պատերազմի հետևանքով: Մագիստրատուրայի շրջանավարտ Արմինե Պետրոսյանը հիշում է՝ ընդունվելով մագիստրատուրա, սկսվեց 2020-ի պատերազմը, անգամ չհասցրին ծանոթանալ դասախոսների հետ։ Այսօր արդեն ավարտում են, բայց անելիքի մեծ բեռով, միաժամանակ՝ մեծ կամքով ու պատրաստակամությամբ՝ ծառայելու հայրենիքին ու ու ժողովրդին: «Այսօր մեր կողքին, մեր շարքերում նաև մեր զոհված ընկերները պիտի լինեին: Տղաներ, որոնք ուսանողական անհոգ օրերը ետևում թողած, մեծ կյանք պիտի մտնեին նոր երազանքներով: Բայց նրանք գիտակցաբար ընտրեցին անմահությունը, ինչպես միշտ։ Մենք արժանի հետնորդը պիտի լինենք այն սերունդների, որոնք 3 տասնամյակում 3 անգամ կենաց-մահու կռիվ տվեցին՝ հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի, հանուն արժանապատիվ խաղաղության: Իսկ մենք դեռ անելիք ունենք՝ հանուն նրանց՝ մեր նահատակ պապերի ու եղբայրների, հանուն անցյալի ու հանուն պայծառ ապագայի»,-նշել է Արմինե Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և շնորհավորելով բոլոր շրջանավարտներին: Միջոցառումն ուղեկցվել է ասմունքով, երաժշտական կատարումներով ու պարերով, որոնք կազմակերպվել են ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի ուսանողության ուժերով՝ ընդգրկելով նաև հանրապետության մշակութային համույթներին։