Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«250կմ». ֆիլմ պատերազմի օրերին տարհանման ուղին ինքնուրույն հաղթահարած պատանու մասին

 

250 կիլոմետր. այսչափ ճանապարհ է անցել արցախցի 14-ամյա պատանին, ով ինքնուրույն վարելով ավտոմեքենան, Արցախյան երրորդ պատերազմի օրերին ստիպված էր ընտանիքի անդամներին տարհանել հայրենի գյուղից: Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոդահլիճում օգոստոսի 23-ին կայացավ այդ մասին պատմող «250կմ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջնադիտումը: Մինչ կինոդիտումը ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար նահատակվածների հիշատակը: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա: Հերոսները 11-ամյա Աշոտ և 14-ամյա Վահե Սարգսյաններն են, ովքեր թեև հարազատ եղբայրներ չեն, բայց նրանց միավորում է իրենց անցած տարհանման ճանապարհը պատերազմի օրերին: Խորհրդանշական է վերնագիրը՝ 250 կմ. երկար ու դժվար ճանապարհ, որը կապում է Արցախը մայր Հայաստանին և տանում փրկության: 14 տարեկան արցախցին արդեն 4 տարվա վարորդ էր՝ առանց վարորդական իրավունքի: Վարել Արցախի սահմանը պահող հայրն է սովորեցրել: Պատերազմի օրերին, երբ ստիպված էին տարհանվել նստեց վարորդի ղեկին ու զգալով իրավիճակի ողջ պատասխանատվությունը ընտանիքի անդամների հետ ճանապարհվեցին: Մայրը նույնպես չէր վարանել նստելու 14-ամյա որդու վարած ավտոմեքենան՝ «Վահեն կկարողանա քշել»,-պատասխանել էր տարակուսած հարևաններին: Փոքրիկ մեքենայի մեջ ճանապարհին տեղավորեցին նաև մի հղի կնոջ ու հադրութեցի որբ երեխայի: Անասելի դժվար էր հաղթահարել այդ օրվա ապրումները՝ երեխաների լաց, մեծերի տագնապ, պայթյուններ, ճանապարհին էլ՝ մեքենայի խափանվելը և այլն: Այդ օրը Վահեն վերհիշում է արցունքն աչքերին: Լրագրողներից ամաչում է: Հարցին, թե արդյոք կկարողանա խաղաղ պայմաններում նորից 250 կմ վարել ավտոմեքենան՝ դրական է պատասխանում:

-Կարո՞ղ հաստատել, որ ֆիլմը քո մասին է պատմում :

-Չէ,-ծիծաղում է Վահեն,-դեռ պիտի սպասեմ 18 տարեկանս լրանա, վարորդական իրավունք վերցնեմ՝ նոր:

Ուշագրավ էր առաջին մի քանի րոպեների երկխոսությունը, որն իմաստավորում է ամբողջ սյուժեն: Հայր ու որդի թիկնած պարզ ու կապույտ երկնքի տեսարանն են վայելում: Տղան փայտով «նեղացնում» է միջատին:

-Սպանե՛:

-Բայց ես գիդում չում օզումում, թա չէ:

-Բա խե՞ ըս տանջում, քեզ դու՞ր է գալիս:

-Չէ, խաղում անում: -Քու խաղդ օրիշի կյանք ա արժենում: Պայթյուն: Մութ երկինք: Ծուխ: Խլացնող աղմուկ:

-Պաաաաաաաա՛պ….

Երիտասարդ ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանը հուզված էր, բառերը դժվար էին արտաբերվում. «Անհրաժեշտ է ճանաչել հերոսներին, որոնք մեզ ոգեշնչում են, տալիս են ուժ և հավատ, որ մենք լինելու ենք: Նկարահանման ընթացքում չէինք կենտրոնանում գործընթացի վրա որպես աշխատանքի, քանի որ սա ճակատագիր էր, դաժան ճակատագիր»: Հասմիկի երկրորդ լուրջ աշխատանքը Մոսկվայում նկարահանած կարճամետրաժ ֆիլմն է՝ տարհանման և հայրենադարձության մասին: Բացառապես հայկական ֆիլմեր նկարահանելը և կարևոր խնդիրներ բարձրաձայնելը ներկայումս նրա առաջնային նպատակներից են:

«Կուզեի այսպիսի թեմաներ չլինեն: Օրինակ՝ սիրային ֆիլմեր կնկարեի: Ավելի շատ սոցիալական, համամարդկային խնդիրներ բարձրաձայնելու հնարավորությունն է ինձ գրավում կինոարվեստում: ՈՒզում եմ, որ այս ֆիլմը շրջի բոլոր երկրներով, և այն պետությունները, որոնք չեն լսել Արցախի մասին, իմանան, որ այստեղ կան հակամարտության պատճառով անհոգ մանկությունից զրկվող երեխաներ»,-ասաց երիտասարդ կինոռեժիսորը:

 Տաթև Ազիզյան