Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՐԶԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԷԻՆ

Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցն ամփոփեց 2021-2022թթ. ուսումնական տարին և նոր ձեռքբերումների ու հաղթանակների ակնկալիքով թևակոխեց 2022-2023թթ. մարզաուսումնական շրջանը։ Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Մարզադպրոցի տնօրեն Էմիլս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

 -Էմիլս Անաստասի, ավարտեցիք 2021-2022թթ. մարզաուսումնական տարին։ Ինչպիսի՞ ցուցանիշներ են գրանցել մարզիկները, գո՞հ եք արդյունքներից։ Ներկայումս քանի՞ մարզաձև է գործում Մարզադպրոցում։

- Նախանցյալ մարզաուսումնական տարվա համեմատ մեր սաները գրանցել են ավելի բարձր արդյունքներ։ Համակարգված միահամուռ աշխատանքի շնորհիվ մեր մարզիկները կարողացան ըստ արժանվույն հանդես գալ ՀՀ և միջազգային մրցաշարերում։ Նոր մարզաուսումնական տարում հավատարիմ կմնանք մեր սկզբունքներին և կշարունակենք աշխատել առավել ջանադրաբար։ 2022թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի 13 մարզաձևերով պարապում են 670 պատանի ու աղջիկ։ Նրանց պարապմունքների հիմնական մասն անց է կացվում հանրակրթական դպրոցների դահլիճներում։ Ընդհանուր առմամբ, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, սպորտային պարերի, սեղանի թենիսի, զբոսաշրջության կամ սպորտային տուրիզմի, բռնցքամարտի, խառը մենամարտերի՝ MMA, մուայ թայի, կարատե կիոկուշինի, սանդա ուշուի, քիք-բոքսինգի ու վինգ չուն և թայ չիի մարզաձևերի 52 խմբերում կցված Է 31 մարզիչ։ Դպրոցը մեծ է և աշխատանքներն էլ ընթանում են բազմաբնույթ ու լայնածավալ։ Մարզական վերջին խորհրդում որոշել էինք աշխատել որակի բարձրացման ուղղությամբ՝ ապահովելու բարձր ցուցանիշներ, և արդյունքներն ակներև էին։ Աննախադեպ էին այս տարվա բասկետբոլ մարզաձևի հինգ տարիքային խմբերի ՀՀ առաջնությունում գրանցած ցուցանիշները՝ երեք՝ 1-ին և երկու՝ 2-րդ մրցանակային տեղեր։ Վոլեյբոլի, հանդբոլի մեր մարզիկները ՀՀ հավաքականի կազմում զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Տարբեր մրցումների ու փառատոների մասնակցած սպորտային պարերի մարզիկները ևս գրանցել են հաջողություններ։ Այս տարի բռնցքամարտի մեր մարզիկ Արամ Ավագյանն առաջին անգամ ՀՀ առաջնությունում գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ Արևելյան մուայ թայի, խառը մենամարտերի, կիոկուշին կարատեի, քիք-բոքսինգի խմբերից ունենք Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մասնակիցներ և մրցանակային տեղեր զբաղեցնողներ։ Նախատեսել ենք էլ ավելի շատ մարզիկների ընդգրկել ՀՀ հավաքական թիմերի կազմ։ Մեծ հաջողություններ ունեն նաև սպորտային տուրիզմի սաները և չնայած պատերազմական իրավիճակները խոչընդոտում են այս մարզաձևով զբաղվող մարզիկներին հաճախակի մասնակցել երթարշավների, միջազգային մրցաշարերի, այնուամենայնիվ, նրանք ջանասիրաբար շարունակում են իրենց պարապմունքները և հատկապես ամառային շրջանում իրենց հմտություններն ու ունակությունները լավագույնս կիրառեցին Պատարա գյուղի շրջակա տարածքում գործող սպորտային տուրիզմի ճամբարում։ Նրանք իրենց առջև դրված բոլոր խնդիրները կատարում են։ Վերջերս կազմակերպել էին վրանային երկօրյա երթարշավ Ստեփանակերտ-Աստղաշեն երթուղով, որին մասնակցել է ավելի քան 30 զբոսաշրջիկ։ Թե՛ այս և թե՛ մյուս մարզաձևերով զբաղվել ցանկացողների թիվն անընդհատ աճում է, մեր պատանիներն էլ ունեն բավականին ներուժ, սակայն Մարզադպրոցի նյութատեխնիկական բազան կաղում է։

-Այսինքն՝ դրա հետ կապված խնդիրներ ունեք և ինչպե՞ս եք այն փորձում լուծել։

-Մարզադպրոցի նյութատեխնիկական բազան ներկայումս ցավալի վիճակում է։ Մենք մարզագույքի խնդիր չունենք, բոլոր մարզաձևերն այդ առումով ապահով են, սակայն մեր մարզիկների թվի աճին զուգահեռ խնդիր է առաջանում տարածքի, մարզադահլիճների մասով։ Իհարկե, մենք պետք է բոլոր մարզաձևերը զանգվածային դարձնենք, որ երիտասարդներն առողջ ապրելակերպի հետևեն, լինեն ֆիզիկապես կոփված հայրենյաց պաշտպաններ, բայց դրան զուգահեռ պետք է բոլոր պայմաններն էլ ստեղծենք։ Միակ խնդիրը մարզադահլիճների պակասն է։

-Մարզաուսումնական տարվա ամենամեծ ցուցանիշները։

-Առաջին հերթին բասկետբոլիստների աննախադեպ հաղթանակը ՀՀ առաջնությունում։ Բասկետբոլ մարզաձի բոլոր պատանիներն ու աղջիկները ցուցադրել են գերազանց արդյունք։ Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում Անգելինա Ավագյանը նվաճել է 3-րդ մրցանակային տեղը։ Մուայ թայի ԱՊՀ երկրների խաղերում Արթուր Պողոսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Դավիթ Հայրապետյանը և Ալբերտ Մանգասարյանը Եվրոպայի առաջնությունում գրավել են 3-րդ տեղերը։ Տարվա ընթացքում Երևանում կայացած Մուայ թայի միջազգային բաց առաջնությունում մեր մարզիկներից 16-ը նվաճել են 1-ին, 11-ը՝ 2-րդ և 6-ն էլ՝ 3-րդ տեղերը։ Քիք-բոքսինգի և խառը մենամարտերի մարզիկները նույնպես փայլուն հանդես են եկել միջազգային մրցաշարերում և զբաղեցրել մրցանակային տեղեր։ Այսինքն, մարզական խորհրդում մեր առջև դրված խնդիրը գերակատարել ենք։ Հուսով եմ, որ այս տարի մեր մարզիկներն ու մարզիչները կշարունակեն իրենց ջանքերը գործադրել՝ ավելի մեծ բարձունքներ հաղթահարելու համար։ Կցանկանայի բարձր գնահատել մեր մարզիչներ՝ Գարիկ Սարգսյանի, Գևորգ Շահնազարյանի, Նախշուն Շահնազարյանի, Մարինե Պողոսյանի, Դավիթ Միքայելյանի, Անդրեյ Սարումյանի ներդրումները բասկետբոլի մարզիկների բարձր ցուցանիշների արձանագրման գործում։ Վոլեյբոլի մարզիչներ Կարինե Կոստանդյանի, Անուշ Գրիգորյանի, Մուայ թայի և MMA-ի՝ Ալեքսանդր և Գարեգին Աղաբալյանների, Քիք-բոքսինգի՝ Արմեն Ղահրամանյանի, Կիոկուշին կարատեի՝ Գոռ Ադամյանի սաները նույնպես արձանագրում են բավականին մեծ ցուցանիշներ։ Տվյալ մարզաձևերը զարգացնելու գործում մեծ ներդրում ունեն հենց մարզիչները։

-Մեկնարկած մարզաուսումնական նոր տարում ի՞նչ ծրագրեր եք նախատեսել։

-Համաձայն մեր կանոնադրության, սեպտեմբեր ամսում լրացնում ենք բոլոր խմբերը և սկսում աշխատել։ Այս տարի նախատեսված է բոլոր մարզաձևերից անցկացնել առաջնություններ, կազմել հավաքական թիմեր՝ հետագայում մասնակցելու ՀՀ, Եվրոպայի և Աշխարհի մրցաշարերին։ Մեր դպրոցի սաներից ունենք բավականին շատ սպորտի վարպետներ. միայն բասկետբոլից ունենք 14 սպորտի վարպետ և շարունակաբար նաև մյուս մարզաձևերից, ինչը մեծ ցուցանիշ է։ 2020թ. պատերազմից հետո մեր մարզիչները, որոնցից շատերը վիրավոր էին, ապաքինվեցին, կրկին ուժ գտան վերադառնալու Մարզադպրոց և պարապելու պատանիների ու աղջիկների հետ։ Մինչև պատերազմը մեր սաների թիվը 646 էր, այժմ՝ 670, իսկ մարզիչները նույն կազմով շարունակում են համախմբված աշխատել։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, ով միշտ աջակցում է բոլոր հարցերում, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Համագործակցության շրջանակներում շարունակվելու են մեր մարզիչների ու մարզիկների պարբերաբար այցերը ՀՀ, իսկ Երևանի սպորտի համապատասխան վարչության հետ միասին ամեն տարի մշակում ենք ծրագրեր հինգ մարզաձևերի մասով՝ համատեղ մրցաշարերի մասնակցելու, փոխայցելությունների համար։

Կոչ եմ անում բոլոր պատանիներին ընդգրկվելու մեր մարզախմբերի պարապմունքներին, որովհետև սպորտը ոչ միայն մրցանակային տեղեր զբաղեցնելն է, այլև այն կոփում ու զարգացնում է մարմինը, առողջ ապրելակերպ է, իսկ մեր հմուտ մանկավարժ-մեթոդիստների ու մարզիչների կողմից տարվող դաստիարակչական աշխատանքի շնորհիվ մարզիկները կլինեն հասարակության պիտանի անդամներ։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ