Շուշի. ՍՊԱՍՎԱԾ ԿԱՆԳԱՌԸ
Հարցազրույց շուշեցի բանաստեղծուհի Անահիտ Գաբրիելյանի հետ
-Ամեն ծնունդ ունի իր խորհուրդը: Ո՞րն է Ձեր առաքելությունը:
- Առաքելությունս երևի քաղաքս, երկիրս գոնե մի քիչ գեղեցկացնելն ու ջերմացնելն է, ուրիշների ժամանակը իմաստավորելը: Եկա, որ մոլորակի լույսը շատանա, որ երջանկանամ կողքինիս երջանկությամբ, որ անսեր տարածության մեջ ՍԵՐ փնտրեմ:
- Պատերազմից երկու տարի է անցել, հեռացե՞լ ենք պատերազմից, թե՞ ավելի ենք մոտեցել:
-Մեկ անգամ ևս համոզվում եմ, որ պատերազմից կարող ենք հեռանալ միայն այն դեպքում, երբ աշխարհի Խիղճը ինչ-որ հրաշքով ապրի։ Երբ հանդիպում ես արարող աշխատասեր մարդկանց, որոնք կանգուն են պահում Արցախի գյուղերը։ Երբ նայում ես զինվորին, զգում նրա հզորությունը և անում ես ամեն ինչ՝ ոգին պինդ պահելու համար, և հասկանում ես, որ պատրաստ ես կանգնել նրա կողքին: Երբ ամեն լուսաբացի քեզ գտնում ես պատուհանի մոտ, աչքդ՝ կորցրած քաղաքին… Պատերազմից երկու տարի է անցել, բայց չգիտեմ՝ հեռացե՞լ եմ այդ պատերազմից, թե՞ ավելի եմ մոտեցել...
-Պարզե՞լ եք՝ ի՞նչ է մանկությունը:
-Այն միակ վայրը, որտեղ պահպանվել է մաքրությունը, որը զերծ է ստից ու կեղծիքից, ուր քեզ բնության մի հյուլեն ես զգում ու շոշափում ես կապդ տիեզերքի հետ:
-Հաճա՞խ եք զրուցում ինքներդ Ձեզ հետ:
-Միտքս դադար չունի: Այն զօր ու գիշեր պրպտումների մեջ է: Իմ ներսում միշտ մենամարտում են Միտքս ու Սիրտս, Խելքս ու խիղճս: Միայն ես գիտեմ, որ հաղթողը միշտ Խիղճս է լինում:
-Եվ երևի հաճախ եք հյուրընկալվում Ձեր հուշերին:
- Դրանք երջանիկ պահեր են, արարումով ու աշխատանքային եռուզեռով հագեցած օրեր, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է ու առինքնող: Հուշերիս խորքում մի կորսված դրախտ է Շուշի անունով… ռմբակոծված մշակույթի տան փլատակներն են, որտեղից փրկվեցի հրաշքով, ծխի ու փոշու մեջ կորած բակի կոկորդ խեղդող արնահոտն է ռունգերիս մեջ, վիրավորների ու գեհենից փախչող երեխաների հառաչանքն ու սարսափահար ճիչերն են: Ու բնակարանիս կիսաբաց պատուհանից փողփողացող ճերմակ վարագույրն է, որ ձեռքով էր անում ինձ՝ որպես հրաժեշտի նշան… Ու կամավորների` երեխաներով լիքը մեքենան, որը մեզ փրկության ափ պիտի հասցներ:
-Իսկապե՞ս Շուշին հեռվում է:
-Շուշին հեռվում մնաց: Այնտեղ, բարձունքին մնաց մի ուրիշ աշխարհ, որին ես շատ եմ կարոտում: Անահիտը մնաց այնտեղ՝ մշակույթի փլատակների տակ՝ հարյուրավոր զոհվածների կողքին և վիրավորների հառաչանքներին ունկնդիր ու անզոր, բոլորովին անզոր…
-Եվ սպասված կանգառը:
-Կանգառն այս երևի բոլորինս է: Այն մեր այսօրն է: Հիասթափությունն անընդհատ բախում է դուռդ, անզորությունը ջարդուխուրդ է անում էությունդ և ուզում ես բացականչել՝ կա՛նգ առ, մոլորակ, ես իջնում եմ:
Անի Մանգասարյան