Արցախի կորսված տարածքների հիշողության ուժը. լուսանկարների ցուցահանդես Ստեփանակերտում
Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացել է Սևակ Ասրյանի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են վերջին մի քանի տարվա նրա լուսանկարները՝ այժմ թշնամու կողմից օկուպացիայի ենթարկված արցախյան բնակավայրերում: «Հիշողության ուժ»-ը խորագրով ցուցահանդեսին ներկայացված 44 լուսանկարը Սևակի արխիվի փոքր մասն են միայն: «Այդ տարածքներից մոտ 500 լուսանկար ունեմ: Նախկինում ինձ համար լուսանկարիչը մարդու կյանքը նկարողն էր, վավերագրողը, բայց ներկա իրավիճում ինձ համար այս նկարները նոր իմաստ ձեռք բերեցին: Լուսանկարել եմ եկեղեցիներ, մատուռներ, որոնք, ըստ որոշ տվյալների, արդեն չկան: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ պիտի պահեմ դրանց լուսանկարներն ու մարդկանց ցույց տամ»,- նշում է լուսանկարիչը: Արցախի տարբեր շրջանների բնապատկերներ, մշակութային կոթողներ ու բնության հրաշալիքներ պատկերող ցուցահանդեսին կարելի է տեսնել մեզ ծանոթ վայրերը նոր դիտանկյունից: «Վանքասարն իմ ամենասիրած վայրերից էր, ուր պատրաստ էի ամեն օր գնալ, նկարել: Հիշողությունը մեզ շատ բան է տալիս, մեզ նաև առաջ է տանում, որովհետև ինչպես կարելի է այսքանը տեսնել, հիշել ու համակերպվել: Ամեն անգամ նայելուց մտածում եմ, որ վաղը մի բան անպայման կփոխվի և ես նորից կգնամ Վանքասար, կամ Հունոտի կիրճում հանգստանալու: Այդ հիշողությունն է մեզ հայ, արցախցի պահում»,- ասում է Սևակը: Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 15-ը, փակման օրը կազմակերպիչները խոստանում են անակնկալներ, հատուկ հյուրերի ներկայությամբ հետաքրքիր բանախոսություններ: «ՌեԱրմենիա» հարթակի կողմից կյանքի կոչված նախագիծն իր մեջ ներառում է ոչ միայն լուսանկարների ցուցադրություն, այլ նաև 1000 օրինակով ալբոմի տպագրություն, որում կլինեն այդ տարածքների մասին տեղեկություններ, քարտեզներ: Դրանց վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման խնդրի լուծմանը:






Տաթևիկ Աղաջանյան
Լուսանկարները՝ Էդգար Քամալյանի