Logo
Print this page

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

«Մունք» տեխնոդպրոցը պետք է գեներացնի արդյունք` որակյալ մասնագետների թողարկմամբ, և պարբերաբար, տարին մի քանի անգամ թողարկի ՏՏ ոլորտի  մասնագետներ, ովքեր՝ ապրելով իրենց համայնքում, կունենան ապահովված ապագա, լավ վարձատրվող աշխատանք և զարգացման լայն հնարավորություն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ես» կրթական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը՝ հավելելով, որ Տեխնոդպրոցն աշխարհի լավագույն կրթությունը բերում է Արցախ` հնարավորություն տալով երիտասարդներին տեղում, առանց  իրենց համայնքից հեռանալու, ստանալ ամենաժամանակակից և որակյալ կրթություն:

«Սա այլընտրանք է այն գաղափարին, որ գյուղերում կամ, առհասարակ, Արցախում ապագա չկա: Հիմնադրամի ռազմավարական նպատակներից է նաև գյուղական համայնքներից երիտասարդների արտագաղթի կանխումը»,-ասաց Աշոտ Ավանեսյանը: Նրա խոսքով` «Մունք»-ի գաղափարը ծնվեց, որպեսզի երիտասարդները ժամանակակից կրթություն ստանալով հենց Արցախում՝  նպաստեն համայնքների զարգացմանը:

«Մունք» տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում և իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից:

«Ծրագիրը կազմված է 3 փուլից՝ «Բացահայտում», «Հմտացում» և «Սկսենք»: Փուլերից յուրաքանչյուրը որևէ խնդիր է լուծում, որի արդյունքում որպես «պրոդուկտ» ունենում ենք բավարար աշխատանքային փորձ ունեցող, օտար լեզուներին տիրապետող ու զարգացած երիտասարդ»,-ասաց մեր զրուցակիցը: Առաջին փուլում դասընթացներն անցկացվում են համայնքներում տեղակայված կամ շարժական լաբորատորիաներում՝ շաբաթական 2 անգամ: Իսկ մասնագիտական կրթություն ստանում են հենց տեխնոդպրոցներում՝ շաբաթական 3 անգամ: Տրանսպորտը տրամադրում է «Ես» հիմնադրամը: Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, առանց տարիքային սահմանափակման, և դպրոցականները՝ սկսած 6-րդ դասարանից:

Արցախում գործում է երկու տեխնոդպրոց՝ Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում: Սովորողների թիվը 65 է:

Տնօրենի խոսքով՝ Հաղորտու տեխնոդպրոցում ներկայումս ընթանում է 3 մասնագիտական դասընթաց, իսկ Ստեփանակերտում ՝ 2: Դրանք սկսվել են հոկտեմբերի վերջին և կտևեն 8-10 ամիս: Մասնագիտական դասընթացներն անցկացվում են ՀՀ և Արցախի առաջատար մասնագետների կողմից:

«Մունք»-ի հիմնադրմանն աջակցել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը, «reArmenia» համագործակցության հարթակը, «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը, «Մանթաշով» գործարարների միությունը և մի շարք այլ կազմակերպություններ:

«Առաջիկայում նախատեսում ենք բացել տեխնոդպրոցներ ամբողջ Արցախի տարածքում և նրա սահմաններից դուրս, որի արդյունքում կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստացած հարյուրավոր, նույնիսկ հազարավոր շրջանավարտներ»,- հավելեց նախագծի հեղինակը: 

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.