[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Նոյեմբերի 13-ին Կատալոնիայի Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքի Տորեբալդովինա թանգարանում տեղի ունեցավ պոեզիայի մեծ փառատոն։

Երեկոյի ընթացքում տարբեր բանաստեղծներ և գրողներ ասմունքեցին իրենց բանաստեղծությունները՝ թարգմանված կատալոներեն։

Իսպանիայում հայկական սփյուռքի երիտասարդ դեսպան Անի Բայաթյանը, Բելլա Շահսուվարյանն ու Ադրիա Ալդոմա Սիոն (Adrià Aldomà Sió ) ասմունքեցին հայերեն և կատալոներեն Եվրոպայում ճանաչված ժամանակակից հայ բանաստեղծ, ծննդով արցախցի Սլավի Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները։

Մեզ հետ զրույցում Սլավի Ավիկ Հարությունյանն ասաց.

-Փառատոնի մասնակցության հրավեր ստացել էի հուլիս ամսին։ Կատալոնական այդ քաղաքում (Սանտա Կոլոմա դե Գրամենտե) կազմակերպված պոեզիայի միջազգային փառատոնին հրավիրվել էին մի շարք երկրների այն բանաստեղծները, որոնց գործերը տպագրված են նաև իսպաներեն և կատալոներեն։              

Պոետները կարդում են իրենց գործերը մայրենի լեզվով, իսկ՝ թարգմանիչները՝ կատալոներեն և իսպաներեն։ Փառատոնի կազմակերպիչը քաղաքապետարանն էր։

Գաղափարը Կատալոնիայի, նրա գրականության ու պոեզիայի հանդեպ հարգանքի տուրքն ու այն ճանաչելի դարձնելն էր։

Հրավիրված էին Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ֆրանսիայից ու այլ երկրներից։

Ավելին չգիտեմ, որովհետև իմ գնալը և անձամբ մասնակցելը չստացվեց։

Զրուցակցիս փոխանցմամբ՝ փառատոնը շարունակական բնույթ կկրի։

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ