«ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ԵՎ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Նոյեմբերի 16-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով:
Համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի խոսքով՝ գիտաժողովի թեման, դժբախտաբար, արդիական է:
«Մենք ապրում ենք այն նույն իրականության մեջ, ինչ եղել է 100 տարի առաջ՝ թշնամու սուրը մեր գլխին կախված: Այսօր ոչ մի խնդիր այնքան կարևոր չէ, որքան մեր անվտանգության ապահովությունն ու մեր լինելիությունը»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ կարևորելով ազգային միաբանությունը:
Նրա դիտարկմամբ՝ արևմտահայերենի և արևելահայերենի սերտացումը կօգնի ազգային միաբանությանը:
«Մենք նույն ազգն ենք՝ բաժանված լեզուների: Եթե չկարողանանք ճիշտ քայլեր կատարել, ապա շատ տխուր իրավիճակում կհայտնվենք»:
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է գիտաժողովի թեմայի ընտրությունն ու կազմակերպումը:
«Նման գիտաժողովներով, սեմինարներով, լսումներով, աշխարհի բոլոր խորհրդարաններին ու առաջնորդներին նամակներ հղելով պետք է նաև պայքարենք»,- ասաց ԱԺ նախագահը: Նրա համոզմամբ՝ Արցախը պետք է ներկայացնել միջազգային հանրությանը նաև մշակույթով:
«Մշակութային ցեղասպանություն է իրականացվում Արցախի օկուպացված տարածքներում: Բազմաթիվ մշակութային կոթողներ Ադրբեջանի բռնապետության տակ են և ենթարկվում են վանդալիզմի»:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Արցախի Հանրապետության հիմնական ձեռքբերումն անկախության 30 տարիներին՝ ժողովրդավարության արժեքներն են:
«Արցախն ուղղելու է իր մեջքը: Մեր ժողովուրդը խաղաղասեր է և պատրաստ է տանկը փոխել տրակտորով, ինքնաձիգը՝ բահով, բայց և ընդհակառակը»,-հավելեց ԱԺ նախագահը:
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանը նույնպես կարևորեց գիտաժողովը, քանի որ նման միջոցառումներին ներկա են լինում գիտնականներ, դասախոսներ, ուսանողներ, պետական մարմինների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի զեկուցողներին հանձնվեցին Գրիգոր Նարեկացի Համալսարանի հավաստագրեր:
Լուսինե ՇԱԴՅԱՆ