[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՍՏԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ

DSC_6544.jpgՇուշին՝ հայկական մշակույթի օջախ՚ թեմայով վերջերս անցկացված գիտաժողովին հրավիրված էր ԱՄՆ-ում մեծ հեղինակություն վայելող պատմաբան, Այոնա քոլեջի Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի երկրների պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Ջորջ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԸ։ 
Նա հանդես եկավ բավականին ուշագրավ զեկույցով, որում 19-րդ դարի 20-ական թվականների Շուշիի նկարագիրն էր՝ քաղաքական իրավիճակը, հայ բնակչության նիստուկացը, ղարաբաղյան իրականության մեջ այդ քաղաքի ունեցած նշանակությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանական կեղծարարների կողմից պատմական փաստերի խեղաթյուրմանը։ Ջ. Բուռնությանի գիտական ուսումնասիրությունը միջազգային հանրությանն ապակողմնորոշող ադրբեջանական վայ-պատմաբաններին տրված փայլուն դաս է։
Պատմաբանի դիտարկումների առանցքում 19-րդ դարի սկզբին Ղարաբաղում ծավալված  քաղաքական իրադարձություններն էին։ Շուշին այդ ժամանակաշրջանում  ենթարկվում էր ռուսական զորքերի հրամանատար՝ գեներալ Ցիցիանովին։ 1805թ. մայիսի 26-ին Ցիցիանովը Շուշիի Իբրահիմ խանի հետ ստորագրեց համաձայնագիր Ղարաբաղի գավառը Ռուսաստանի պրոտեկտորատ դարձնելու մասին։ Իբրահիմ խանն էլ ռուսական ցարին խոստացավ լինել նրա հավատարիմ հպատակը և որպես հարկ տարեկան վճարել 5000 ռուսական չերվոնեց։ Պայմանագրի համաձայն՝ հարկը պետք է վճարեին Թիֆլիսում գտնվող գանձարանին և, բացի այդ, խանն իր տղային ու թոռանը պետք է ուղարկեր ցարին՝ որպես պատանդ։ Նման պայմաններով Իբրահիմ խանն իրավունք ստացավ կառավարել Ղարաբաղի գավառը և հավաքել հարկերը։ 1806թ. հունիսի 4-ին մի խումբ ռուս զինվորներ սպանեցին խանին՝ այն բանից հետո, երբ նա դրժել էր հպատակության մասին ռուսական ցարին տված իր խոստումը և փախել Պարսկաստան։ 
Այդ դեպքերից հետո ռուսները Ղարաբաղի նոր գավառապետ նշանակեցին Մահդի Օլի խանին։ Վերջինս խոստացավ 1805թ. համաձայնագրի բոլոր կետերին մնալ հավատարիմ (այդ հավատարմությունը տևեց մինչև 1822 թվականի դեկտեմբերը. Մահդի Օլի խանը նույնպես փախավ  Իրան)։ Այդ ժամանակաշրջանում ռուսական ցարի քաղաքականությունը Կովկասում իրականացնում էր գեներալ Ալեքսեյ Երմոլովը։ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելուց հետո, բնականաբար, ռուսներին  հետաքրքրում էր այդ տարածքի ընդհանուր նկարագիրը, մասնավորապես, Շուշիի բնակչության թվաքանակը։ Ղարաբաղի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար Երմոլովը 1823թ. հունվարի 23-ին հրահանգ տվեց գնդապետ Պյոտր Երմոլով Երկրորդին՝ մանրամասն ուսումնասիրություններ կատարել Ղարաբաղի վերաբերյալ և ի մի բերել բոլոր տեղեկությունները։ Մանրազնին ուսումնասիրության ենթարկվեցին Շուշիի դիվանի բոլոր փաստաթղթերը, և 1823թ. ապրիլի վերջին 35 մատյան ընդհանուր ծավալով տեղեկատվություն ներկայացվեց գեներալին։
Ջ. Բուռնությանը ցավով նշեց, որ բավականին քիչ պատճեններ են մնացել մատյանների բնագրերից։ Դրանցում փաստորեն առաջին անգամ հանգամանալից ու ճշգրիտ տեղեկություններ էին ներկայացվել Ղարաբաղի, հատկապես Շուշիի բնակչության էթնիկ կազմի վերաբերյալ։ 
ՙԱյս տարվա փետրվարին Ստեփանակերտ էի հրավիրվել՝ մասնակցելու գիտաժողովին,- իրազեկեց պատմաբանը՝ հավելելով,- ես իմ ելույթում ապացուցեցի, որ 1823 թվականին, այսինքն՝ Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հինգ տարի առաջ, հայերը Ղարաբաղում կազմել են ամբողջ բնակչության 97%-ը։ Խոսքն, իհարկե, Խամսայի մելիքությունների մասին է՚։ 
Պրոֆեսորին հաջողվեց մեծ դժվարությամբ ռուսական արխիվներից ձեռքբերել ՙՂարաբաղի գավառի նկարագրությունը՝ կազմված 1823 թվականին՚ սկզբնաղբյուր-գիրքը, որի թարգմանությունը նրա համար դարձավ անհետաձգելի խնդիր։ Վեց ամսվա ընթացքում, օրական աշխատելով տասը ժամ, նա ռուսերեն բնագրից  թարգմանեց անգլերեն։ Դա փաստորեն գիտական հրատարակություն է՝ հարստացված ծանոթագրություններով։ Հեղինակը գիրքը հրատարակել է որպես սկզբնաղբյուր։ Թուրքմենչայի պայմանագրից հինգ տարի առաջ հայերի ներկայությունը Շուշիում հիմնավորված է պատմական փաստերով, ինչը հօդս է ցնդեցնում այդ քաղաքի մասին ադրբեջանական քարոզչամեքենայի մոգոնած սուտը։ Ըստ պահպանված նկարագրությունների՝ Շուշին ուներ երեք թաղամաս. Թավրիզյան, որը բնակեցված էր միայն մահմեդականներով, Ղազանչեցոց և Ագուլեցոց  թաղամասերում ապրում էին հայերը։ Շուշիի բնակչության 59%-ը հայեր էին, 41%-ը՝ մահմեդականներ։ Ուշագրավ փաստ պետք է համարել այն, որ հայերը մահմեդականների համեմատությամբ երեք անգամ ավելի հարկեր էին վճարում։ Եթե հաշվի առնվի ընտանիքի միջին կազմը՝ մոտ 6 հոգի, կարելի է ասել, որ Շուշիի և նրա շրջակայքի բնակչությունը կազմում էր 8-10 հազար մարդ։ Հետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ Շուշիի հայերն իրենց մասնագիտություններով գերակա դիրք ունեին։ Այդ են վկայում ցարական Ռուսաստանի կողմից անցկացված մարդահամարի տվյալները։ Հայերն աշխատում էին որպես կոշկակարներ, դերձակներ, դարբիններ, պղնձագործներ, ոսկերիչներ, մեղվաբույծներ։ Նրանք գրեթե բոլոր արհեստներին տիրապետում էին։ Գեղեցիկ հայկական զարդանախշերով գորգերն ու կարպետները մեծ համբավ ունեին տարածաշրջանում։ Եթե, ասենք,  կոշկակարն ու դերձակը կարող էին աշխատել երկու կողմերի համար. ապա  մսագործներին այդ հնարավորոթյունը տրված չէր. հայերն ու մահմեդականներն ունեին իրենց մսագործները։ Առանձին էին նաև բաղնիքները։ 
Պրոֆեսորն անհրաժեշտ համարեց պարզաբանել, թե ինչն է ստիպել իրեն հրատարակել այդ գիրքը։ Բանն այն է, որ եվրոպական գրեթե բոլոր հեղինակավոր համալսարանները Բաքվից հազարավոր գրքեր են ստանում՝  ռուսերեն լեզվով, որոնց առաջաբանները պարտադիր գրված են անգլերենով, Բուռնությանի բնութագրմամբ՝ զզվելի անգլերենով։ Դրանք Ղարաբաղի մասին հին գրքեր են՝  հիմնականում պարսկերենով, որոնց արդեն դժվար է հանդիպել գրադարաններում։ 1988-ի Ղարաբաղյան շարժումից հետո ադրբեջանցիներն սկսեցին վերահրատարակել այդ հին գրքերը՝ բոլոր տեղերից հանելով ՙհայ՚ բառը, որպեսզի ժամանակակից մասնագետները, որոնք մանավանդ պարսկերենին չեն տիրապետում, պնդեն, որ այստեղ հայ չի եղել։ 
Պատահաբար նկատելով այդ կեղծարարությունը՝ պատմաբանը վերահրատարակված գրքերը սկսել է համեմատել նախկինների հետ, ինչին հետևել է  ՙՂարաբաղի գավառի նկարագրությունը՝ կազմված 1823 թվականին՚ բնագրի թարգմանությունը։ ՙՄենք գիտենք, որ Արցախը մերն է, որ հայերի համար պատմական հայրենիք է, բայց ինձ առավելապես հետաքրքրում էր բնակչության թվաքանակը։ Ադրբեջանցիները գրում են, թե հայերը1828 թվականի  Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո են եկել Ղարաբաղ, գրավել ազերիների տարածքը և հիմնավորվել։ Նման աղաղակող սուտը պետք է հերքվեր։ Մյուս կողմից՝ դա կարևոր ազդանշան էր հայերի համար այն իմաստով, որ պարզ դարձավ, թե իրականում ինչով են զբաղված մեր հարևանները՚,- ընդգծեց պատմաբանը։ 
Զեկուցման վերջում պրոֆեսորն իրազեկեց, որ գրքի առաջին և երկրորդ խմբաքանակների տպագրությունն ավարտված է։ Հազար օրինակն իրացվել է երկու ամսվա ընթացքում։ Ամերիկյան բոլոր սենատորներին ուղարկվել է անվճար, բաժանվել է նաև գրադարաններին ու համալսարաններին։  Շուտով կսկսվի երրորդ խմբաքանակի տպագրությունը։ 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ