ՙՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ ՎԱՅԵԼԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒ ԴԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՚

Հիշեցնենք, այս փառատոնը նախաձեռնել է Բելգիայում բնակվող մեր հայրենակից, մասնագիտությամբ ջութակահար Հովհաննես Անաստասյանը. փառատոնն առաջին անգամ անց է կացվել 1991-ին` Երևանում, 1994-ին` Ստեփանակերտում: Հետագայում փառատոնը պարբերաբար անց էր կացվում կամ Արցախում կամ Հայաստանի քաղաքներից մեկում: Վերջին ՙԱմադեուսն՚ Արցախում կազմակերպվել էր 2002 թվականին և նվիրված էր ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 10-րդ տարեդարձին: Օրերս անցկացվող փառատոնը 5-րդն է Արցախում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Ողջունելով փառատոնի հյուրերին, մասնակիցներին, հանդիսատեսին, նախարարը կարևորեց նախագծի վերածնունդը: ՙՎերջին տարիների ընթացքում Արցախում շատ բան է փոխվել,- նշեց նախարարը:- Ակնհայտորեն փոխվել է նաև մշակութային կյանքը` շնորհիվ այն բանի, որ մշակույթը մեր պետության զարգացման գերակա ուղղություններից է՚: Եվ վերջերս թե՜ պետական բյուջեից, թե՜ մասնավոր հատվածից շատ միջոցներ են հատկացվում մշակույթի զարգացմանը, վկայում է գերատեսչության ղեկավարը: Դրա դրական արդյունքն այն է, որ այսօր մեր երկրում մեկի փոխարեն անց են կացվում մի քանի փառատոներ` թե՜ հանրապետական, թե՜ միջազգային։ ՙԱրցախում ՙԱմադեուս՚-ի անցկացման առաջարկը մեծ սիրով ընդունեցինք, - խոստովանում է Ն. Աղաբալյանը:- Այն մեզ համար կարևոր է լավագույն ավանդույթի վերականգնման առումով, ինչպես նաև առիթն օգտագործելու և հրապարակավ մեր երախտիքի խոսքն ասելու պարոն Անաստասյանին` մեր հոգևոր, մշակութային կյանքում ունեցած իր մեծ ավանդի համար՚:
Հուզված էր նաև պրն Անաստասյանը, որը բեմից արտահայտեց իր երախտիքի խոսքը: Այս տասը տարիների ընթացում բարերարն Արցախում տեսավ մեծ փոփոխություններ, ակնհայտ ձեռքբերումներ, կյանքի բարելավման կտրուկ բարձրացում: ՙՆույն ղարաբաղցիներն են, բայց նույն պետությունը չի,- անկեղծորեն խոստովանեց նա:- Կիսախաղաղ պայմաններում ձեռքբերած այս ակնհայտ հաջողությունների մասին պետք է իմանան բոլորը: Դա պետք է մեզ իրավումք տա աշխարհի ժողովուրդներից, պետություններից պահանջելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչումը՚: Խոսելով մեր երեխաների շնորհքի, օժտվածության մասին՝ Հ. Անաստասյանը կարևորեց հայ մայրերի դերը մանուկներին խնամելու, դաստիարակելու գործում: ՙԵրեխան երեխա է, բայց մենք ունենք մի բան, որ ուրիշ ազգեր չունեն: Մենք ունենք հազվագյուտ մայրեր, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում երեխային մեծացնելու, դաստիարակելու համար՚։ ՙԱմադեուս՚-ի իմաստի, նպատակի մասին բարերարն ասաց. ՙՆպատակս խմբեր, անհատ-կատարողների Բելգիա տանելը չԷ: Հենց այստեղ պետք է վայելենք մեր երեխաների և դասատուների հաջողությունները՚:
Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց մրցույթ-փառատոնի առաջին օրը: Այն նվիրված էր պարարվեստին: Այս անվանախմբում մասնակցեցին 15 պարախմբեր: Եվ ինչն էր ողջունելի, ուրախությամբ նշում են կազմակերպիչները, 15-ից 10 պարախումբ շրջաններից են, ինչը հնարավոր եղավ այս վերջին տարիներին շրջաններում, գյուղերում արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ բացելու շնորհիվ:
Կանոնակարգից փոքր-ինչ շեղում կատարվեց. այսինքն՝ բոլոր խմբերին թույլ տրվեց առաջին և երկրորդ փուլերի համար պատրաստած պարերը ներկայացնել հանձնաժողովի դատին, ինչը մեծ խանդավառությամբ ընդունվեց մասնակիցների կողմից: Արդյունքների մասին կհայտարարվեն առաջիկա օրերին:
Հոկտեմբերի 19-ին ելույթ են ունեցել երաժշտարվեստի, ապա` երգարվեստի կատարողները: Նրանք ներկայացրել են առաջին փուլի ծագիրը: Իսկ լավագույնները երկրորդ փուլի ծրագիրը կներկայացնեն հոկտեմբերի 20-ին:
Հոկտեմբերի 23-ին կհայտարարվեն մրցույթի հաղթողները, տեղի կունենա փառատոնի վերջին ակորդ՝ գալա-համերգը։