[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎԸ

Անցյալ դարի 80-ական թվականներին ես հնարավորություն ունեցա միջգրադարանային աբոնեմենտի միջոցով Հայաստանից պարբերական գրականություն պատվիրել։ Թերթելով Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակությունները` ուշադրություն դարձրի երիտասարդ գիտնական Ժենյա Ծերունյանի (լուսանկարում) հոդվածներին։ 

Դրանք աչքի են ընկնում գիտական կուռ կառուցվածքով, հեղինակը ապշեցնում է իր մտահորիզոնով և հետազոտական տաղանդով։ Բայց  հատկապես ուշագրավ է հոդվածների լեզուն՝ հյութեղ, վառ և հարուստ նրբերանգներով հայերեն ընտիր  լեզուն, որով հաղորդակցվում է հայ հոգևոր վերնախավը։ Ես բազմիցս վերընթերցել եմ այդ հոդվածները՝ դրանցով հայերեն լեզվի իմ գիտելիքները կատարելագործելու համար։

1994թ. սեպտեմբերի 21-ին Կիևում սկսեց հրատարակվել ՙԱրագած՚ հայ-ուկրաինական երկլեզու թերթը՝ որպես Ուկրաինայի Գերագույն ռադայի ՙԳոլոս Ուկրաինի՚ թերթի ազգային հավելված։ Առաջին համարը նվիրված էր հայկական մամուլի 200-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության  3-րդ տարեդարձին։ Թերթի խմբագիրը Ժենյա Ծերունյանն էր։ Մտածեցի` արդյո՞ք  դա նույն Ժենյա Ծերունյանը չէ, ով ակադեմիական ամսագրերի էջերում աչքի էր ընկնում իր գիտական ուսումնասիրություններով։ Ես սկսեցի ուշադիր ուսումնասիրել թերթը, նրա խմբագրին։ Եվ չէի սխալվել. դա նույն Ժենյա Ծերունյանն էր։ 
Գոյություն ունի մի այսպիսի արտահայտություն՝ ճակատագրի նվեր։ Սովորաբար այդ արտահայտությունն օգտագործում են, երբ անհրաժեշտ է բնութագրել անակնկալ, անկրկնելի, անգին ինչ-որ բան։ Կարծում եմ` սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ Ուկրաինայի հայ բնակչության համար ճակատագրի հենց այդպիսի նվեր է ՙԱրագած՚ թերթը։ Դա են  փաստում  ընթերցողների նամակները, որոնցում հրատարակությունն անվանում են ՙհայկական հոգու օազիս՚, ՙհայրենիքի հետ միացնող հոգևոր թել՚, ՙհայկական հոգու վերքերի դարման՚, ՙհույսի աստղ՚, ՙբարեկամության կամուրջ՚ և այլն։ 
Յուրաքանչյուր հայ, ով ճակատագրի կամոք հայտնվել է օտար ափերում, միշտ հայրենի եզերքի անհաղթահարելի կարոտ է զգում։ Նա անընդհատ միջոցներ է փնտրում՝ արտահայտելու իր ցավը կորսված հայրենիքի համար։ Ժենյա Ծերունյանի վաստակն էլ հենց կայանում է նրանում, որ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ ՙԱրագածը՚ դարձնել Ուկրաինայում ապրող հայերի մտքերի և երազանքների արտահայտիչը։ Թերթը հաստատուն կերպով մտել է հայ համայնքի հոգևոր կյանք և, ըստ ընթերցողների ընդհանուր կարծիքի, ջերմություն է բերում յուրաքանչյուր հայ ընտանիքի։ ՙԱմեն անգամ, երբ ստանում ենք թերթը,- գրում է Գագիկ Ավանեսյանը Լուգանսկի մարզից,-այնպիսի զգացում եմ ապրում, կարծես թե նամակ եմ ստացել հայրենիքից, հարազատ օջախից։ Դա ինձ համար հաճելի և ուրախալի է. կարծես թե մեղմանում է կարոտս, իսկ կյանքի դժվարությունները քիչ թե շատ տանելի են դառնում՚։ 
Կամ՝ Ռովնենսկի մարզից Կարինե Սահակյանի նամակը. ՙԱրագածի՚ յուրաքանչյուր համարն ինձ հիշեցնում է հայրենիքս, հայրական տան մի անկյունը։ Ինձ համար թերթն ստանալու օրը հոգու տոն է։ Այդ օրը ինձ թվում է, թե հանդիպում եմ հարազատ մարդու հետ։ Նամակս գրում եմ և հուզվում. կարծես թե մորս եմ նամակ գրում՚։ 
Եվ, վերջապես,  3-րդ նամակը։ Հեղինակը Էմմա Մակարյանն է Դոնեցկից։ ՙՈրպես հայուհի մայր, հայ ընթերցող, խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ հրաշալի թերթի համար։ Ամեն ամիս ես անհամբերությամբ եմ սպասում դրան՚։
Հայ և ուկրաինական ժողովուրդների միջև բարեկամության թեման կենտրոնական է թերթի էջերում։ Այստեղ,  որպես կանոն,  նման շունչ է հաղորդում  գլխավոր խմբագիրը։ Նա այնպիսի հոդվածներ, ինչպես ՙՀայ - ուկրաինական պատմամշակութային կապերը՚, ՙՀայերը և հայկական եկեղեցին Ուկրաինայում՚, ՙՈւկրաինայի հայ համայնքը 900 տարեկան է՚, ՙՈւկրաինան մեր ընդհանուր տունն է՚ և բազմաթիվ այլ հոդվածներ բացահայտում են հայ-ուկրաինական հարաբերությունների ակունքները, ցուցադրում դրանց եզակի բնույթը։ 
Մեր ազգային բանաստեղծները ոչ մեկ անգամ են ընդգծել գրականության դերը ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Մեծն Թումանյանը գրել է. ՙՉկա ավելի ամուր հող ժողովուրդների ավելի լավ  մերձեցման ու փոխըմբռնման, փոխադարձ սիրո ու հարգանքի համար, քան  գրականությունը,  որում երևան են գալիս նրանց լավագույն զգացմունքները, նրանց ազգային ոգին ու հանճարը՚։ Առաջնորդվելով այդ գաղափարով՝ թերթն իր ընթերցողներին ծանոթացնում է ուկրաինական գրողների լավագույն ստեղծագործություններին։ Այդ առթիվ ուզում եմ հատուկ նշել բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ Լևոն Միրիջանյանի արգասաբեր աշխատանքը, որը Տարաս Բուլբայի, Լեսիա Ուկրաինկայի, Վլադիմիր Սոսյուրի և այլոց մի շարք ստեղծագործություններ թարգմանել է հայերեն։ Հայ դասականների և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների նմանատիպ աշխատանք է տանում Ուկրաինայում տաղանդավոր բանաստեղծ և թարգմանիչ Միրոն Նեստերչուկը։ Այդ հեղինակների թարգմանություններն իրավամբ կարելի է համարել թերթի զարդը։ 
Բարեկամության թեմայի լուսաբանումը, սակայն, չի սահմանափակվում փոխադարձ թարգմանությունների հրատարակմամբ։ Այդ թեման իր արտացոլումն է գտնում նաև մշակույթի  և  հասարակական ականավոր գործիչների մասին հոդվածներում, որոնք նշանակալի ավանդ են ունեցել երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում. Պավլո Տիչինա, Վիկտոր Կոչևսկի, Մաքսիմ  Ռիլսկի, Իվան Դրաչ, Ավետիք Իսահակյան, Գեղամ Սարյան, Ալեքսանդր Դովժենկո, Սերգեյ Փարաջանով, Ռոման Բալայան,  մարշալ Հովհաննես Բաղրամյան, գեներալներ Սարգիս և Վիլեն Մարտիրոսյաններ։ Սիրով ու ջերմությամբ գրված այդ հոդվածները բարերար ներգործություն են ունենում ընթերցողների հոգևոր աշխարհի ձևավորմանը, օգնում հայ-ուկրաինական համագործակցության բազմաթիվ փաստերի բարյացակամ  ընկալմանը։ Մամուլը բարձր գնահատական է տվել թերթի աշխատանքին։ Իվան Դրաչը գրել է, որ ՙԱրագած՚ խմբագրության գործունեությունը մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության մասսայականացման ուղղությամբ կարող է օրինակ ծառայել մյուսների համար։ Ահա երևանցի լրագրող Մանուկ Մանուկյանի գնահատականը. ՙՀարգելի խմբագրություն. Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն ինձ է փոխանցել թերթի երկու համար։ Ես ընթերցեցի ու հիացա։ Հրաշալի թերթ,  հոդվածները գրված են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով և ճիշտ են արտացոլում հայ-ուկրաինական բարեկամությունը։ Մտադրություն ունեմ այդ մասին մեծ հոդված գրել և  այն հրապարակել հայկական մամուլում՚։
Ի դեպ, նշեմ, որ ՙԱրագածը՚ վաղուց արդեն դարձել է գիտական ուսումնասիրությունների առարկա, ինչի մասին է վկայում Յուրի Կոլեսնիկի ՙԱզգային գաղափարը ՙԱրագած՚ հայկական թերթում՚։ 
Պատմությունը ՙԱրագածի՚ ու նրա գլխավոր խմբագրի մասին լիարժեք չէր լինի, եթե ևս մեկ անգամ չշոշափեինք Ժենյա Ծերունյանի լեզվական ոճը։ Իսկ ոճն այդ չափազանց հագեցած է։ Ծերունյանը կարողանում է քիչ բառերով շատ բան հաղորդել։ Ինչ էլ որ նա գրում է, լինի դա պատմական լուրջ ուսումնասիրություն, թե լակոնիկ հրապարակախոսական ռեպլիկ, ժամանակակցի՝ վառ գույներով վերարտադրված հոգեբանական դիմանկար թե գրականակագիտական էտյուդ, այն ընթերցողին հրապուրում է խոր ընդհանրացումներով ու պատկերավոր մտածողությամբ։
Հենց այդպիսի ոգով են գրված նրա հոդվածները բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և Մարո Մարգարյանի, հրապարակախոս Զորի Բալայանի, աստղագետ Վիկտոր Համբարձումյանի և ուրիշների մասին։ Եվ այստեղ հարկ է բարի խոսք ասել Ուկրինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի մասին. նրան է  պատկանում  ՙԱրագածի՚ ստեղծման գաղափարը, և նա է  Երևանից  գլխավոր խմբագրի աշխատանքին հրավիրել  Ժենյա Ծերունյանին։ 
 
Վազգեն ԲԱԼԱՅԱՆ
Ուկրաինայի ժուռնալիստների ազգային միության անդամ