Logo
Print this page

ՎՐԱՑԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՏՈՆ՝ ԳԱՆՁԱՍԱՐԻ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

SUSO_10.jpgՓառատոնի երրորդ օրվա ռեպորտաժը չեմ կարող չսկսել ռուս բանաստեղծ, ՙՍովետսկի պիսատել՚ ամսագրի նախկին խմբագիր Ալեքսանդր Բոբրովի հիացական բացականչություններով. ՙԻ՛նչ հիասքանչ է, ի՛նչ կախարդիչ է, սա հրա՛շք է։ Դուք ամեն օր տեսնում եք և սրա արժեքը չեք զգում։ 
Այս լեռները, այս ժայռերը, սրանք ուժ են ներշնչում։ Ա՜յ քեզ գեղեցկություն։ Մեզ համար այս տարածաշրջանում ամուր հենարան են. մենք սա գիտենք։ Միշտ մտածեք հայրենիքի մասին՚
Մենք Գանձասարի ճանապարհին էինք։
Վանք գյուղի մուտքի մոտ ավտոբուսները կանգ առան, Լևոն Անանյանը բարի գալուստի խոսք ասաց՝ ակնկալելով, որ պոեզիայի պատվիրակները, որպես փոխադարձ սիրո առհավատչյա, տաք-տաք հուշեր կտանեն։
 ՙԱյս առյուծները խորհրդանշում են առյուծահոգի արցախցուն՚,- սա էլ Ամերիկայից եկած հայագետ Պիթեր Քաուի բացականչությունն էր։
Գանձասարի վանքում մոմավառությունից հետո պոեզիայի պատվիրակները իջան ՙԾովեն քար՚ կոչվող տեղամասը, որտեղ տեղի ունեցավ վրացական պոեզիայի ժամ։ Այն բացեց ՀՀ ԳՄ նախագահ Լևոն Անանյանը՝ ասելով, որ դեռևս Քարթլոսի ժամանակից հայերն ու վրացիները բարեկամներ են, որ վերջին ժամանակներս երկու երկրների գրողների միությունների միջև համագործակցությունն ավելի է խորացել՝ շարունակելով հին՝ թումանյանական ժամանակի ավանդույթները։Վրաց գրականությունը խթանում է հայ գրականության զարգացումը և ընդհակառակը։ Այսօր վրաց գրականությունը հիանալի պոեզիա ունի, որը թարգմանվում է հայերեն՚։
 Իր ելույթում Վրաստանի ԳՄ նախագահ  Մաղվալա Գոնաշվիլին թվարկեց. շուտով վրացերեն լույս կտեսնի Գագիկ Դավթյանի  բանաստեղծությունների ժողովածուն, վրացերեն թարգմանվել են Լևոն Անանյանի և Վարդան Հակոբյանի գործերը, շուտով հայ ընթերցողին կներկայացվի վրացական դրամատուրգիան։
Խոսք են ասում և բանաստեղծություններ կարդում Մաղվալա Գոնաշվիլին, Հենրի Դոլիձեն, Գագիկ Դավթյանը։
ՙՎրաց մշակույթն ու գրականությունը անցյալ և ներկա ունեն, և ես հպարտությամբ եմ թարգմանում վրացական պոեզիան։ Այս փառատոնը շատ մոտ է իմ սրտին, և նման գրական փոխշփումներն անդրադառնում են նաև  ժողովուրդների հարաբերությունների վրա՚,-ասաց Անահիտ Բոստանջյանը՝ տեղեկացնելով, որ վերջին տարիներին ստեղծվել է ՙԿամուրջ՚ հիմնադրամը, որը կծառայի վիրահայ գրականությանը և հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը։ 
Սոկրատ Խանյանը կարդաց նախորդ օրը Մաղվալա Գոնաշվիլուց թարգմանած բանաստեղծությունը։
 Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը խոսեց հայ-վրացական բարեկամության, գրական կապերի, գրականությունների մերձեցման մասին, հիշեց խորհրդային շրջանից իր վրացի մտերիմներին, գրչընկերներին. ՙԱռանց պոեզիայի Կովկասում դժվար է խաղաղություն պատկերացնել՚,-ասաց հայ բանաստեղծը։
Բանաստեղծությունները հնչում են հայերեն, ռուսերեն և վրացերեն՝ հայ, ռուս և վրացական պոեզիայից։ Սոկրատ Խանյանը նվագում է շվիի վրա։ Հնչում է վրացական երաժշտությունը, պարում են բոլորը։ 
Վանք գյուղի Գուրգեն Հայրապետյանի անունը կրող դպրոցի դահլիճում անցկացվեց պոեզիայի ժամ՝ ընթերցողների լայն  լսարանի առջև։
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, սերբերեն, բուլղարերեն, գերմաներեն, վրացերեն, արաբերեն հնչում են բանաստեղծություններ։ Հայ դասականներից արտասանությամբ հանդես են գալիս դպրոցի սաները։
Պոեզիայի ժամին ներկա էր մեծ բարերար Լևոն Հայրապետյանը, ով փառատոնի պատվիրակներին ծանոթացրեց իր նոր կառույցներին, ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը։ 
ՄԵԿ  ԲԱՆ Է ԼՍԵԼԸ, 
ԱՅԼ ԲԱՆ՝ ՏԵՍՆԵԼԸ
Ռոման Կիսյով, Բուլղարիա, Սոֆիա.- Ես ուրախ եմ, որ մասնակցել եմ այս փառատոնին։ Առաջին անգամ եմ լինում Հայաստանում և այստեղ, խիստ տպավորված եմ։ 
Արցախը հին երկիր է, հոյակապ եկեղեցիներ ու վանքեր կան։ Հետաքրքիր էր ծանոթանալ  այս երկրին ու պոեզիային։ Ես մինչև գալս ծանոթ էի Պարույր Սևակի պոեզիային, լսել էի արցախյան կոնֆլիկտի մասին, կարդացել էի գրքեր, գիտեմ, որ սա հինավուրց հայկական հող է։ Հայերը հին քրիստոնեական ժողովուրդ են։ Բուլղար և հայ ժողովրդի պատմություններն ինչ¬որ չափով նման են իրար։ Մեզ մոտ շատ հայեր կան։ Մեր բարեկամությունը հարյուրամյակների պատմություն ունի։ 
Ղարաբաղը հրաշք բնություն ունի։ Մեզ մոտ էլ հայկական եկեղեցիներ կան, ինձ հետաքրքրում են նաև մեր հավատը, կրոնը։ Այս փառատոնի առանձնահատկությունը  կապված է  տեղանքի, ավանդույթների, մարդկանց հետ, ում հետ շփվեցինք։ Փառատոնն ինձ դուր եկավ հատկապես փոխշփումների առումով, ես ծանոթացա տարբեր երկրներից եկած իմ կոլեգաների հետ, կիսվեցինք պոեզիայի առանձնահատկությունների շուրջ, իմացանք գրական որոշ խնդիրների վերաբերյալ տարբեր տեսակետներ։ 
Մենք ավելի հանգամանորեն իմացանք այս երկրի պատմությունը, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այստեղ վերջին տասնամյակներում, պատերազմի մասին։ Ինձ համար այս ամենը շատ հետաքրքիր էր, և փառատոնի առանձնահատկությունն էր սա։ Մեկ բան է լսելը մի երկրի պատմության ու պոեզիայի մասին, այլ բան՝ տեսնելը, շփվելը, կապեր հաստատելը։ Այստեղ խաղաղ ու հանգիստ է, և պոեզիայի առաքելությունը խաղաղության մեջ է։ Մեր երկու ժողովուրդները պատմականորեն մոտ են իրար, ինձ համար ամեն ինչ հետաքրքիր էր այստեղ, և, կարծում եմ, գնալուց հետո ընդհանրացումներ կլինեն, բնականաբար, և գործեր կծնվեն։ Ստեղծագործական առումով փառատոնը մեզ շատ բան տվեց։ Ես դեռ մեկ տարի առաջ ծանոթ էի բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանին, մենք կապեր ունեինք, փոխանցվել էինք բանաստեղծություններով, նա թարգմանել էր իմ բանաստեղծություններից, իսկ իմ թարգմանությունները ես տեղադրել էի բուլղարական էլեկտրոնային հանդեսում։ Հրանտն ինձ իր հանդեսում ներկայացրել է որպես բանաստեղծ, իսկ առաջիկայում կներկայացնի որպես գեղանկարիչ։ Սա ևս փառատոնի հետևանքն է։ Սա շատ հետաքրքիր գործընթաց է, որ պիտի շարունակվի։
Ես նաև Մակեդոնիայում տեղի ունենալիք գրականության փառատոնին առաջարկել եմ հրավիրել մեր հայ գործընկերներին, հատկապես  Արցախից։ Վարդան Հակոբյանին  կարդացել եմ մակեդոներեն, նա մեծ բանաստեղծ է։
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.