ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է

- Արցախցին ապրում է ազատ, անկախ, հպարտ, ստեղծագործ կյանքով, որի վկայություններից մեկն էլ մշակութային հարուստ առօրյան է։ Հաճելի է մեզ մոտ ընդունել անվանի պոետների Ռուսաստանից, Գերմանիայից, Սերբիայից՝ Նարեկացու, Չարենցի, Տերյանի, Սևակի ժառանգորդների ուղեկցությամբ՚
ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն իր ելույթում ասաց, որ փառատոնը շարունակվում է, որ եթե Ղարաբաղը երկու տասնամյակ առաջ հիշատակվում էր որպես ՙթեժ՚ կետ, այսօր ՙթեժ՚ է բանաստեղծությամբ։ Այսօր այս հողում հնչում են ոչ միայն հայ, այլև աշխարհի շատ երկրներից եկած անվանի պոետների ստեղծագործություններ։ Հիրավի, մշակույթով են ժողովուրդները մերձենում, իրար ճանաչում, և նաև դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչելի դառնա աշխարհին։
Փառատոնի դափնեկիր, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին իր խոսքում մասնավորապես նշեց, որ հայը դիմավորել գիտի հյուրին, գիտի բանաստեղծություն սիրել. ՙԹող Աստված այս երկրին խաղաղություն, սեր և երջանկություն բերի։ Արցախի ցավը զգացինք վրացերեն թարգմանված՝ Վարդան Հակոբյանի պոեզիայի միջոցով։ Արցախը միջազգային ասպարեզում մենակ է, բայց Աստված նրա հետ է՚։
ՙԵս եկա Արցախ, և ինձ դիմավորեցին արևն ու հողը, լեռները, որ իրենց մեջ պատմությունն են խտացնում։ Տարօրինակ չէ, որ այդ ժողովրդին դարերի ընթացքում ուղեկցել է ազնիվի և գեղեցիկի պաշտամունքը, և բանաստեղծությունն այս ճանապարհն է, որ մեզ բոլորիս կառաջնորդի դեպի լույս և ճշմարտություն։ Այս ժողովուրդն իր լռությամբ կխոսի, նա ժայռերի պես ամուր է, ազատության սիրահար, և իր լեզվով կխոսի աշխարհի հետ, և կգա ժամանակ, որ իր մշակույթով աշխարհը կնվաճեն՚,¬ արաբ բանաստեղծ Աբդո Լաբակին այս պերճախոսությունից հետո արաբերեն կարդաց ՙՔարացածները՚ և ՙԳրություն պատի վրա՚ իր բանաստեղծությունները, որոնց հայերեն թարգմանությունը դահլիճին հասցրեց լիբանանահայ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը.
ՙԵրեք հազար տարի առաջ հայերը և սերբերը հարևաններ են եղել,- իր ելույթում ասաց Լյուբիցա Միլետիչը (Սերբիա)։- Հայաստանը ձգվում էր ներկայիս Թուրքիայի տարածքում, որտեղ ապրում էին նաև սերբեր։ Ղարաբաղ այցելելու առիթն այն էր, որ ես շատ էի ցանկանում հայկական եկեղեցիներ տեսնել։ Չէ՞որ հայերը 301-ին, իսկ սերբերը՝ 311-ին են ընդունել քրիստոնեությունը։ Ես նաև փափագում էի տեսնել Արարատը՝ քաղաքակրթության հին խորհրդանիշը։ Ես գրել եմ բանաստեղծություն՝ նվիրված Հայաստանին և Արցախին։ Այն թող նվեր լինի նաև նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին այս երկրամասի ազատության համար՚։
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին հայագետ Փիթեր Քաուի (ԱՄՆ) խոսքը։ ՙՄենք այսօր շատ հետաքրքիր ակցիայի ենք մասնակից լինում,¬ ասաց նա։¬ Թեման, որ հնչեց այստեղ, սերն է, բանաստեղծությունը։ Բանաստեղծությունը ծնվում է սիրուց։ Այն գրքային չէ, այլ՝ կյանքային։ Բանաստեղծությունը բոլորինս է. դուք լսում և յուրացնում եք, և ձեր մեջ ծնվում է բանաստեղծությունը, վերցրեք և մարմնավորեք ձեր մեջ, որ այն ապրի ձեր հոգում։ Սա է, որ անվերջ է։ Իսկ Ղարաբաղը իմն է և ձերը՚։
Դավիթ Հովհաննեսը ներկաներին մեկնեց բանաստեղծի և բանաստեղծության իր ինքնատիպ ըմբռնումը. ՙԱշխարհի բանաստեղծները եղբայրություն են կազմում։ Մենք ժողովուրդ ենք՝ ժողովրդի մեջ։ Պոեզիան գործուն միջոց է, որ մարդուն հեռացնում է գազանային էությունից, որ մարդուն մարդ է պահում՚։
Վլադիմիր Պոնոմարյովը (ՌԴ) կարդաց իր բանաստեղծությունը՝ նվիրված Արցախյան գոյապայքարում զոհված ուսանողների հիշատակին, իսկ Գագիկ Դավթյանը գրքեր նվիրեց համալսարանի գրադարանին։ Միջոցառման հաղորդավար Նաիրա Աղաջանյանն ասմունքեց Վարդան Հակոբյանի ՙԻմ երգը՚ բանաստեղծությունը։ Մեկ բանաստեղծության ընթերցմամբ հանդես եկան Ռոման Կիսյովը (Բուլղարիա), Մարիուս Չելարուն (Ռումինիա), Հենրի Դոլիձեն (Վրաստան), Արմեն Հովհաննիսյանը, Ժաննա Բեգլարյանը, Արկադի Թովմասյանը, Զինաիդա Բալայանը, Արիս Արսենին, Տաթև Սողոմոնյանը, Ալիսա Բաղդասարյանը, Վիտալի Պետրոսյանը (Արցախ)։
* * *
Օրվա երկրորդ կեսին փառատոնի պատվիրակները եղան Շուշիի տեսարժան վայրերում, այցելեցին Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի։
Պոեզիայի միջազգային փառատոնը Շուշիում սկսվեց գրադարանի տարածքում ծառեր տնկելուց՝ ըստ երկրների։ Այնուհետև ընթերցասրահում տեղի ունեցավ ՙԲանաստեղծությունը աշխարհի միջօրեականներում՚ վերնագրով գրքի շնորհանդեսը, որը փառատոնի առթիվ հրատարակել էր ԼՂՀ Գրողների միությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Շուշիի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Անահիտ Եսայանը, ապա փառատոնի դափնեկիր Մաղվալա Գոնաշվիլուն հուշանվեր հանձնեց։
Վարդան Հակոբյանը ողջույնի խոսքում նշեց, որ գիրքը առաջին փորձն է, որը ճանաչողական նշանակություն ունի, որ հետագայում ավելի շատ հեղինակներ կընդգրկվեն։
ՀՀ ԳՄ նախագահ Լևոն Անանյանն ասաց, որ գրքի լույս ընծայումը երևույթ է, որ ժողովուրդը մշակույթով է հզորանում, որ գրականությունը մերձեցնում է ժողովուրդներին։
ՙԴուք պատերազմը կենդանացրիք հոգով, դրա համար ձեր տառերը պատմության մեջ մնացին կենդանի,- ողջույնի խոսքում ասաց Աբդո Լաբակին։- Ես այդ տառերը չեմ անջատի ծաղիկներից, որ այսօր դրեցինք նահատակների հուշահամալիրում։ Համոզված եմ, որ ձեր ոգու զորությամբ, բանաստեղծությամբ օրինակ պիտի հանդիսանաք աշխարհին՚։
Զոհված ազատամարտիկի մայր, բանաստեղծուհի Զոյա Հովհաննիսյանը կարդաց իր ՙՍիրտս զանգ է՚ բանաստեղծությունը, ապա կատարեց Շուշիին նվիրված իր երգը, որը ներկաները լսեցին մեծ հուզմունքով։
Քանի որ ժենգյալով հացի հայրենիքը պատմական Արցախն է, հանդիսավորությամբ նշվեց այդ հրաշք ուտեստի 5-հազարամյակը։ Ժենգյալով հացը, հայկական գինին, հինավուրց հայկական մշակութային օրրանում իրենց մայրենի լեզուներով բանաստեղծություններ հնչեցնող հայը, գերմանացին, ռուսը, սերբը, վրացին ու բուլղարացին։
Մթնոլորտը ջերմ էր, հագեցած պոեզիայով, սիրով, մտերմիկ զրույցներով...