[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

altՕրերս հանրապետական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին։ 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է Մեսրոպ Մաշտոցի տարի։
Միջոցառումը կազմակերպվել է գրադարանի և Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենությունների և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Նարինե Գաբրիելյանի ջանքերով։
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ գրադարանի տնօրեն Կարինե Հայրապետյանը, ով ընդգծեց, որ հանրապետական գրադարանի համար մեծ պատիվ է կրել Մեսրոպ Մաշտոցի անունը։ Այնուհետև տեղեկացրեց, որ հանրապետական գրադարանի և թիվ 7 հիմնական դպրոցի միջև բարի ավանդույթ է դարձել համագործակցելը։ Դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կոլեկտիվը և աշակերտները սերտ կապի մեջ են հանրապետական գրադարանի հետ։
Գրադարանի մեթոդիստ Նաիրա Դադայանը հակիրճ անդրադարձավ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ներկայացվեց 8-րդ ՙբ՚ դասարանի  աշակերտների պատրաստած գրական-երաժշտական կոմպոզիցիան, որը կազմված էր բանաստեղծություններից,  ասույթներից և երգերից։ 
Եզրափակիչ խոսքում գրադարանի տնօրենը երախտագիտության ջերմ խոսքեր ուղղեց ելույթ ունեցողներին և հույս հայտնեց, որ համագործակցությունը Ե.Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի հետ կլինի շարունակական։
 
Կ. ՍԱՐԳՍՅԱՆ